Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը նախորդ օրը մեկնել է Ֆրանսիա։ Քաղաքապետը մեկնել է միայնակ՝ առանց պատվիրակության։
Aravot.am-ի այս տեղեկությունը հաստատեց քաղաքապետի մամլո խոսնակ Սոնա Առաքելյանը՝ նշելով, որ Վարդգես Սամսոնյանը մեկնել է «Դաշինք՝ Հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրի շրջանակում։
Հիշեցնենք, որ այս ծրագրի շրջանակում Լեհաստանի Պիլա քաղաքի հետ փորձի փոխանակման միջոցով՝ Գյումրի և Վանաձոր քաղաքներում ձեռք են բերվելու էլեկտրական ավտոբուսներ՝ էլեկտրական լիցքավորմամբ, ներդրվելու է, այսպես ասած, «կանաչ» հանրային տրանսպորտի կիրառման և պլաստիկ թափոնների վերամշակման պրակտիկան։
Դեռևս 2021 թվականի մարտին այս մասին ուրախությամբ հայտարարել էր Գյումրու այն ժամանակվա քաղաքապետ Սամվել Բալասանյանը։ Վերջինս տեղեկացրել էր, որ խոսքը 5 էլեկտրական ավտոբուսների (դրանք 23 տեղանոց են) մասին է, և որ Եվրամիության այդ ծրագրի արժեքը 400-450 հազար եվրո է։
Կարդացեք նաև
Էլեկտրական ավտոբուսները դեռ ձեռք բերված չեն։ Այս ծրագրի շրջանակում նախատեսված է նաև ձեռք բերել աղբի տեսակավորման աղբամաններ, ավլող մեքենաներ, պլաստիկ աղբը վերամշակել նոր տեխնոլոգիաներով։
Քաղաքապետն ամսի 10-ին կլինի Գյումրիում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ