Երեւանի Հանրապետության հրապարակում Ազատագրական շարժումն իրականացրեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով իրազեկման իր հերթական գործողությունը: Շարժման մի շարք անդամներ Նիկոլ Փաշինյանի դիմակներով վազվզում էին հրապարակով: Ոստիկանները հերթով բերման էին ենթարկում բոլոր «Նիկոլ Փաշինյան»-ներին: Բերման ենթարկվող «Փաշինյանների» հետեւից անցորդներից մեկը կանչեց. «Ինչու են ձեզ բերման ենթարկում, բա դուք էլ դուխով չե՞ք, պարոն Փաշինյան»:
«Նիկոլը կամովին հանձնվել ա, հեռախոսս էլ մի ջարդեք»,-ասաց Ազատագրական շարժման ակտիվիստներից մեկը:
Ոստիկանները բերման ենթարկեցին նաեւ շարժման անդամներից փաստաբան Արա Զոհրաբյանին եւ Նիկոլ Փաշինյանի դիմակով մի կնոջ: «Նիկոլը ձերբակալվեց, մնում է իրականում իրականացնեն դա»,-ոստիկանական մեքենայից բացականչեց Ազատագրական շարժման անդամներից Վահագն Չախալյանը:
Իրազեկման միջոցառումից առաջ Արա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, թե իրավական ճանապարհն այն է, որ Նիկոլ Փաշինյանը ձերբակալվի եւ պատասխան տա իր արածների համար: Նա նաեւ հայտնել էր, որ հատուկ այնպիսի բան են մտածել, որտեղ ոստիկանները գլխավոր դերակատարություն են ունենալու եւ օգնելու են, որպեսզի իրենց անհնազանդության գործողությունները լիարժեք իրականացվեն:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ