Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆրանսիայի սենատորներն այսօր «բախվել» են ձեր բեռնատարներին․ այս ի՜նչ «հայրենասեր» ենք մենք»․ Վարդանյանը՝ ընդդիմադիրներին

Մայիս 04,2022 12:38

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն ԱԺ փոխխոսնակ է եւ օրենքով նրա պարտավորությունն է ապահովել ԱԺ բնականոն գործունեությունը, մինչդեռ այն ոչ միայն չի ապահովվում, այլեւ խաթարվում է, եւ տպավորություն է, որ ընդդիմադիր պատգամավորները չեն էլ ընտրվել, որ արտախորհրդարանական ուժ են։ Այս մասին այսօր ԱԺ լիագումար նիստում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։ «Նա ԱԺ-ում երդում չի էլ տվել։ Կոչ եմ անում տիկին Ալխազ Ղազարյանին երդումը դրժելու պատասխանատվություն ենթադրելու նախաձեռնությունը կյանքի կոչել։ Ֆրանսիայի հրապարակում գտնվող քաղաքացիները եւս թող իմանան սա»,-նշեց Վլադիմիր Վարդանյանը։

Նա անդրադարձավ ընդդիմադիրների պնդումներին, թե ոստիկանությունը ցուցարարների դեմ բիրտ ուժ է կիրառում․ «Ախր այդ ոստիկանության թե համազգեստը, թե ավտոմեքենաները ձեռք են բերել այն ժամանակ, երբ դուք որպես իշխանություն հարիր եք գտել ձեռք բերել։ Կամ, ոստիկանությունը բիրտ ուժ ե՞րբ է կիրառել, փորձել է գեթ մեկ փամփո՞ւշտ կիրառել։ Ոչ, ոստիկանությունն իր պարտականություն է անում եւ պարտավոր է գործել օրենքի շրջանակում, հարգել հավաքների ազատության մասին օրենքը։ Միաժամանակ ոստիկանությանը կոչ եմ անում պահպանել օրենքը»։

Վլադիմիր Վարդանյանը նաեւ շեշտեց՝ իր համար ցավալի էր, որ որոշ ժամանակ առաջ ընդդիմությունը հեռացավ ԱԺ դահլիճից․ «Նայում եմ Արցախի այս դրոշներին եւ իսկապես ցավում։ Եկանք, դրոշները դրեցինք եւ լքեցինք մարտի դաշտը․․․Այդ եգորովները, որ այստեղ-այնտեղ Արցախի դրոշ են դնում, այդ ի՞նչ մեծ հերոսություն են անում։ Օգնականներիս խնդրում եմ իմ սենյակում տեղադրել Արցախի դրոշ։ Թող լինի՜, ի՜նչ մեծ հերոսություն է, դուք հայրենասեր եք, իսկ մենք ո՞չ։ Կամ, պարոն Մամիջանյան, որ այդքան խոսում եք, ինչո՞ւ չեք գալիս մեր հետ թուրքի դիմաց ասում, որ Արցախը կա, ո՞ւր եք։ Հա՜, Երեւանի կենտրոնում Արցախի դրոշ դնելը մեծ հերոսություն է»։

Վլադիմիր Վարդանյանը նաեւ հայտնեց՝ գրավոր դիմել է Հայկ Մամիջանյանին եւ Արամ Վարդեւանյանին, վերջինս անտեսել է գրածը․ «Պարոն Մամիջանյանին ասել եմ, որ Ֆրանսիայի սենատի պատվիրակություն է գալիս, այցը ներառում է բոլոր քաղաքական խմբերին, որոնք միաձայն ընդունել են բանաձեւ՝ Արցախը ճանաչելու վերաբերյալ։ Այդքա՜ն խոսում եք ցեղասպանության մասին, բայց․․․ Պատասխանը՝ ոչ, մերժել են հանդիպել, եւ այսօր այդ պատվիրակությունը բախվել է ձեր բեռնատարներին, պետք է Էջմիածին գնար։ Այս ի՜նչ հայրենասեր ենք մենք։ Այս մայիսյան ապստամբները․․․զարմանում եմ, որ դաշնակցությունն է այս ամենի մեջ։ Մի բան էլ՝ եղանակը տաքացավ, հարմա՞ր է քայլել։ Որ ցրտեց, սպասելու եք գարնա՞նը ցույցի մասնակցել»։

Վարդանյանը նաեւ ասաց՝ երբ տեսնում է, թե որքան պաշտոնյաներ են հավաքվում Ֆրանսիայի հրապարակում, հարց է առաջանում՝ պատերազմի ժամանակ ինչո՞ւ չէին ապահովում այդ միասնականությունը․ «Ձեզ Արցախը չի հետաքրքրում, դուք 5-րդ շարասյան գործառույթն եք։ Չի ստացվելու, չի անցնելու»։

Հավելենք, որ ընդդիմադիր խմբակցություններից այսօր եւս գրանցված պատգամավոր չկա, քվորումն ապահովվել է ՔՊ խմբակցության պատգամավորների ներկայությամբ․ դիմադրության շարժումը վաղ առավոտից Երեւանի փողոցներում շարունակում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի գործողությունները։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031