Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակչության աճից բացի, մեզ անհրաժեշտ են նաեւ բարեփոխումներ ժողովրդագրական վարքագծում. «Հայաստանի Հանրապետություն»

Մայիս 04,2022 10:20

Ցանկացած երկրի զարգացման գործոնների թվում առաջին շարքում է մարդկային կապիտալը։ Այն շաղկապված է ինչպես տնտեսական զարգացման, արտաքին եւ ներքաղաքական զարգացումների, այնպես էլ անվտանգային միջավայրի ապահովման հետ։

Տարբեր ժամանակներում ժողովրդագրական գործընթացները հաշվի են առնվել քաղաքական տեսությունների եւ ռազմաստրատեգիական հայեցակարգերի մշակման ժամանակ։ Միջնադարում եւ նոր ժամանակներում, երբ դեռեւս չէր ձեւավորվել աշխարհաքաղաքականությունը՝ որպես ինքնուրույն գիտակարգ, ռազմական գործիչներն ու փիլիսոփաները քննարկել են բնակչության չափի, բաշխվածության եւ կազմի ազդեցության հարցերը պետական միավորների արտաքին քաղաքական հնարավորությունների վրա:

Ժամանակները փոխվել են, սակայն անհրաժեշտ նվազագույն ժողովրդագրական պատկեր ունենալու հրամայականը նույնն է մնում ուժեղ պետություն ստեղծելու եւ պահելու համար։ Ի դեպ, նախօրեին Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը «Ռիաֆան» ռուսական դաշնային լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել էր ժողովրդագրական գործոնին՝ ընդգծելով, որ «Արցախի երկարաժամկետ ապագան մեծապես պայմանավորված է նաեւ աճող ժողովրդագրությամբ»: Այդ նպատակով երկրի իշխանությունները հնարավոր բոլոր ջանքերը գործադրում են գոնե նվազագույն բարենպաստ պայմաններն ապահովելու համար, որպեսզի հայ բնակչությունը վերադառնա իր հայրենիք ու շարունակի կյանքը կերտել այստեղ։ Տեղահանվածների հումանիտար կարիքների բավարարման շնորհիվ երկարաժամկետ կտրվածքով լուծվելու է նաեւ Արցախի հայկական մնալու հարցը։ «Մեզ համար ակնհայտ է, որ պատերազմի ավարտից, հետեւաբար՝ Արցախի ժողովրդին լրիվությամբ էթնիկ զտման եւ հայրենազրկման ենթարկելու փորձի ձախողումից հետո Ադրբեջանը որդեգրել է հոգեբանական ու ժողովրդագրական պատերազմի ռազմավարություն՝ նպատակ ունենալով ցանկացած գնով մեր բնակչությանը մղելու արտագաղթի եւ աստիճանաբար դատարկելու Արցախը հայ բնիկ բնակչությունից»,- ասել է Բեգլարյանը՝ հիշեցնելով, որ Արցախում հայերը հազարամյակներ շարունակ եղել են ճնշող մեծամասնություն, իսկ ադրբեջանցիների քոչվոր նախնիները ներթափանցել են Արցախ միայն երկուսուկես դար առաջ: Ադրբեջանական բնակչության թիվը արհեստականորեն աճեցվել է հատկապես խորհրդային շրջանի վերջին տասնամյակներում՝ չգերազանցելով ընդհանուր բնակչության շուրջ 22 տոկոսը:

Հայ ազգաբնակչության աճի հեռանկարը խիստ անհանգստացնում է Բաքվի բռնապետին, քանի որ լավ է գիտակցում ժողովրդագրական գործոնի ռազմավարական նշանակությունը աշխարհաքաղաքական, տնտեսական, ռազմական հարթության մեջ։ Ապրիլի 30-ին նա հանդես էր եկել ելույթով, որտեղ նշել էր, որ մենք՝ հայերս, «պետք է մի կողմ դնենք բոլոր պատրանքները, հրաժարվենք այնպիսի մտքերից, ինչպիսիք են բանակի վերակառուցումը, բնակչության թիվը 5 միլիոնի հասցնելը եւ, ուժեր կուտակելով, հողերը վերադարձնելը։ Հակառակ դեպքում դա կդառնա նրանց պետականության պաշտոնական անկումը»։ Կարող ենք ասել, որ մեր թշնամին իր խոսքում հուշում է մեզ հաղթանակ պարգեւելու բանաձեւ, այն է՝ ուժեղ, վերազինված բանակ եւ, իհարկե, բնակչության թվի կտրուկ աճ՝ կլինի դա բնական աճի կամ ներգաղթի միջոցով։ Նկատենք, որ, հայ բնակչության աճից բացի, մեզ անհրաժեշտ են նաեւ բարեփոխումներ ժողովրդագրական վարքագծում, որպեսզի ունենանք մեկ տեսլականով լայնախոհ եւ ազգի վերածնման համար պայքարող ամբողջականություն։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031