Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու չնվազեցվեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը. «Հայաստանի Հանրապետություն»

Մայիս 04,2022 09:55

Ռուսաստանի բանկը ապրիլին երկու անգամ նվազեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Երեկ Հայաստանի կենտրոնական բանկի խորհուրդը նիստում որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ սահմանելով 9.25 տոկոս: Փորձենք հասկանալ՝ ինչո՞վ էր պայմանավորված ՀՀ ԿԲ-ի՝ տոկոսադրույքը չնվազեցնելու քայլը։ Եվ թե ինչու Ռուսաստանի բանկը կարողացավ մեկ ամսում երկու անգամ նվազեցնել տոկոսադրույքը։

Բանն այն է, որ Ռուսաստանի բանկի դրամավարկային քաղաքականության կոշտացման եւ սահմանափակող միջոցառումների արդյունքում ռուսական ռուբլին արժեւորման միտումներ է ցուցաբերում վերջին շրջանում՝ այս տարվա մարտին արեւմտյան երկրների ֆինանսական պատժամիջոցների արդյունքում առաջատար արժույթների նկատմամբ զգալի արժեզրկումից հետո։ Ռուսաստանի բանկը ռուբլու փոխարժեքի ավելի խոր անկումը կանխելու նպատակով, ի թիվս այլ միջոցառումների, դիմեց նաեւ դրամավարկային քաղաքականության ամենաազդեցիկ գործիքներից մեկի՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացմանը: Ռուսաստանի բանկի տնօրենների խորհրդի որոշմամբ 2022 թ. փետրվարի 28-ից վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվեց մինչեւ տարեկան 20 տոկոս: Բանկը դա պայմանավորեց այն հանգամանքով, որ ՌԴ տնտեսության արտաքին պայմանները կտրուկ փոխվել են, եւ բազային տոկոսադրույքի բարձրացումը հնարավորություն կտա ապահովել ավանդների տոկոսադրույքների բարձրացում այն մակարդակով, որն անհրաժեշտ է՝ փոխհատուցելու աճող արժեզրկման եւ գնաճային ռիսկերը։

Տնտեսագետ Կարեն Սարգսյանը երեկ «ՀՀ»-ի հետ զրույցում պարզաբանեց, որ բանկը հիմնական տոկոսադրույքի վերաբերյալ հետագա որոշումներ կայացնելու է՝ հիմնվելով արտաքին ու ներքին պայմանների ռիսկերի գնահատման եւ դրանց նկատմամբ ֆինանսական շուկաների արձագանքի վրա։ «Եվ հաշվի առնելով վերջին ժամանակահատվածում ռուսական ռուբլու կայունացման միտումները՝ Ռուսաստանի բանկը նախ այս տարվա ապրիլի 11-ից վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրեց մինչեւ 17 տոկոս, իսկ արդեն ապրիլի 29-ին՝ կրկին նվազեցրեց այն մինչեւ 14 տոկոս»,- ասաց մասնագետը։

Հիմա գանք Հայաստանին։

Կ. Սարգսյանն այն կարծիքին է, որ «ՀՀ ԿԲ կողմից սահմանված վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 9.25 տոկոս, ներկա պահին հարաբերականորեն շատ բարձր չէ՝ հաշվի առնելով արտաքին եւ ներքին միջավայրում առկա գնաճային բարձր ռիսկերը։ Ուստի ներկա պահին վերջինիս նվազեցման համար դեռեւս առկա չեն օբյեկտիվ հիմքեր, ինչը չի բացառում դրա իրականացումը հետագայում»։

Համեմատության համար մեր զրուցակիցը նշեց, որ Վրաստանում ներկա պահին վերաֆինանսավորման տոկոսադրույքը կազմում է 11, Մոլդովայում՝ 12, Թուրքիայում՝ 14 տոկոս։ Հետքովիդյան ժամանակահատվածում աշխարհում աստիճանաբար անցում էր կատարվում բարձր տոկոսադրույքների դրամավարկային քաղաքականության՝ պայմանավորված բարձր գնաճի տեմպերը զսպելու եւ համավարակի ազդեցությունների հաղթահարման նպատակով տնտեսության մեջ ներարկված հսկայածավալ դրամական զանգվածի ստերիլիզացման անհրաժեշտությամբ, իսկ 2022 թ. փետրվարի 24-ից սկիզբ առած ռուս-ուկրաինական հակամարտությունը միայն արագացրեց այս գործընթացը։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031