Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-թուրքական գործընթացը դանդաղ է ընթանում, դրա պատճառներից է նաև Ռուսաստանի դիրքորոշումը. Թոմաս դե Վաալ

Մայիս 04,2022 09:32

«Ամերիկայի ձայն». Հայաստանի և Թուրքիայի արտաքին գերատեսչությունները տարածել են նույնանման հաղորդագրություն Վիեննայում կողմերի ներկայացուցիչների՝ ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի միջև ավելի քան երեք ժամ ընթացած երրորդ հանդիպման մասին: Հաղորդագրության մեջ ասված է, որ հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են այս գործընթացի միջոցով իրենց երկրների միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման հասնելու նպատակը: Նրանք փոխանակել են տեսակետներ տարբեր հարցերի վերաբերյալ ու քննարկել հնարավոր քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել այս ուղղությամբ` շոշափելի առաջընթացի հասնելու համար։ Կողմերը «վերահաստատել են իրենց համաձայնությունը՝ շարունակելու գործընթացը առանց նախապայմանների»:

Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալի կարծիքով, թե՛ Երևանում և թե՛ Անկարայում առկա է գիտակցում, որ այս գործընթացը վերաբերում է միայն երկու պետությունների միջև հարաբերությունների կարգավորմանը և չի ներառում Հայոց ցեղասպանության հարցը, որն, ըստ նրա, կարող է կարգավորվել ապագայում:

«Ակնհայտ է, որ այս հիմնախնդիրը ստեղծում է բարդություններ, սակայն կարծում եմ, որ կան քաղաքական և տնտեսական պատճառներ, ինչի արդյունքում երկու կողմերը ձգտում են առաջ շարժվել»,-ասում է նա:

Դե Վաալը հույս է հայտնում, որ վերջին շրջանի հայ-ադրբեջանական և հայ-թուրքական բանակցային գործընթացներում հնարավոր դրական տեղաշարժերը կարող են նպաստել միմյանց:

«Եթե առկա է համաձայնություն ճանապարհների վերաբացման հարցում, որոնք կարող են սկսվել Ադրբեջանից, անցնել Մեղրիի շրջանով մինչև Նախիջևան, այնուհետև Հայաստանով նորից գալ Երևան և Գյումրի և անցնել Կարս, ապա դա շահեկան կլինի բոլոր երեք երկրների, ինչպես նաև Իրանի համար, քանի որ, չմոռանանք, որ, այսպիսով` վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ Իրանը երկաթուղու միջոցով կմիանա Հարավային Կովկասին»,- պնդում է Թոմաս դե Վաալը:

Սակայն, ըստ վերլուծաբանի, հայ-թուրքական գործընթացը ընթանում է չափազանց դանդաղ: Դե Վաալը չի բացառում, որ դրա պատճառներից է նաև Ռուսաստանի դիրքորոշումը: Մոսկվան մի կողմից շահագրգռված է, որ Հարավային Կովկասում վերաբացվեն ճանապարհային ենթակառուցվածքները, սակայն մյուս կողմից մտավախություն ունի, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարող է հարցականի տակ դնել ռուսական ռազմական ներկայության նպատակահարմարությունը Հայաստանում, պնդում է վերլուծաբանը:

«Դրա արդյունքում կվերանար Հայաստանում Ռուսաստանի ռազմակայանների տեղակայման պատճառներից մեկը, քանի որ դրանք այնտեղ են Թուրքիայից պաշտպանելու համար: Այսպիսով, կարծում եմ, որ ռուսները բավականին ուշադիր հետևում են այս գործընթացին, և միգուցե դա ևս մեկ պատճառ է, որ գործընթացը դանդաղում է»,- ասում է նա:

«Ատլանտյան խորհուրդ» հաստատության վերլուծաբան Ջոն Հերբսթի կարծիքով էլ այս գործընթացը կարող է հանգեցնել բազմաթիվ փոփոխությունների տարածաշրջանում, ինչպես նաև նվազեցնել Երևանի կախվածությունը Մոսկվայից: Նա գտնում է, որ Մոսկվան շահագրգռված չէ հայ-թուրքական գործընթացի հաջողությամբ՝ չնայած հայ-ռուսական վերջին հայտարարությունն ընդգրկում էր այս գործընթացին Ռուսաստանի աջակցության մասին դրույթ:

«Դա Մոսկվայի կողմից խելացի միջոց է ներկայացնելու իր դիրքորոշումը հանրային հարթակում, սակայն վստահ չեմ, որ նրանք իրականում այդպես են մտածում: Ակնհայտ է, որ Հարավային Կովկասում Թուրքիան և Ռուսաստանը մրցակիցներ են, և նրանց քաղաքականությունը տարբերվում է Հարավային Կովկասի մի շարք կոնկրետ հիմնախնդիրներում»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները բազմիցս իր աջակցությունն է հայտնել Հայաստանի ու Թուրքիայի, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող բանակցային գործընթացներին՝ պատրաստակամություն հայտնելով սատարել կողմերի միջև ուղիղ երկխոսությունը:

Արամ ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031