Մի կին երեկ բողոքում էր ցուցարարներից. «Դե, զզվացրին իրենց Ղարաբաղով, եկել Երեւանի մեջ «Ղարաբաղ» են գոռում: Թողեք հանգիստ ապրենք, հերիք է մեր անդորրը (այո, հենց «անդորրը»-Ա.Ա.) խանգարեք: Ասում են՝ «թուրք, թուրք»: Ինչ է՝ թուրքը մարդ չի՞: Ասում են՝ «դուք թուրք եք դառնալու»: Ի՞նչ կարեւոր է՝ ես հայ եմ, թե թուրք: Կարեւորը մարդ լինեմ ու նորմալ ապրեմ»: Մի խոսքով, այսօրվա իշխանության ընտրազանգվածի ներկայացուցիչ էր եւ «խաղաղության օրակարգի» ջատագով:
Որքան գիտեմ՝ ոչ մի քաղաքական ուժ, ոչ մի կայք նման ծայրահեղացված ոճով քարոզչություն չի իրականացնում (թեեւ հարյուրավոր «սունկ-կայքերի» բովանդակությունից, անկեղծ ասած, տեղյակ չեմ): Սակայն, ենթադրում եմ, որ ներկա իշխանությունը միջնորդավորված ձեւով, այսպես ասած, «նախապատրաստում է ժողովրդին խաղաղությանը»: Բայց դա, իհարկե, հնարավոր չէր լինի, եթե նախորդ տասնամյակներում նման մտածելակերպի համար նախադրյալներ չստեղծվեին: Մարդկանց տասնամյակներ շարունակ ասում էին՝ «համբերեք, նեղություն կրեք՝ հանուն Արցախի», եւ դա ասողները բացարձակապես չէին համբերում ու նեղություն չէին կրում, հակառակը՝ ապրում էին կյանքի իրենց պատկերացրած բոլոր «վայելքներով»: Այնպես որ՝ այսօրվա տրամադրությունները մեծ չափով այդ, մեղմ ասած, երեսպաշտության արձագանքն են: Բայց երեւույթի համար բացատրություն գտնելն, իմ կարծիքով, չի ենթադրում այդ երեւույթի արդարացումը:
Իրական ողբերգությունը պատերազմում պարտության մեջ չէ՝ այսօր պարտվել ես, վաղը կհաղթես: Իրական ողբերգությունը նրանում չէ, որ ինչ-որ մարդիկ նստած են ինչ-որ աթոռներին՝ այսօր մեկը կնստի, վաղը՝ մյուսը: Ողբերգություն է, երբ մարդիկ անտարբեր են հայրենիքի մի մասի կորստի նկատմամբ, երբ նրանք ոչ միայն չեն ուզում պետություն ունենալ, այլեւ պատրաստ են հրաժարվել իրենց ազգությունից՝ հանուն «հանգիստ ապրելու» մասին պատրանքի: Դա իրոք պատրանք է՝ ինքնությունը կորցնելով, մարդը չի կարող «լավ ապրել», հաճախ նա հնարավորություն չունի ընդհանրապես ապրելու:
Ասել, որ հայրենիքից, պետությունից եւ ինքնությունից հրաժարվողներ երբեք չեն եղել մեր պատմության ընթացքում՝ չափազանցություն կլիներ: Ժամանակ առ ժամանակ հայերի մեջ հայտնվում էին մարդիկ, մարդկանց խմբեր, որոնք «նորմալ ապրելու» համար պատրաստ էին հույն, զրադաշտական կամ մահմեդական դառնալ: Բայց նրանք, բարեբախտաբար, փոքրամասնություն էին կազմում` հակառակ դեպքում ես այսօր, 21-րդ դարի երրորդ տասնամյակում այս տեքստը Մեսրոպ Մաշտոցի հեղինակած տառերով չէի հավաքի: Բայց այժմ իրավիճակի բացառիկությունը նրանում է, որ այդ կնոջ նման մտածողները եթե ոչ մեծամասնություն են կազմում, ապա՝ բավականին շոշափելի զանգված: Հազարամյակների պատմության եւ այսօրվա 10 միլիոնանոց հայության տեսանկյունից այդ տեսակետը մարգինալ է: Բայց այսօր Հայաստանում ապրող մարդկանց համար այս հոսանքը, կարծում եմ, «մեյնսթրիմային» է:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«…այդ կնոջ նման մտածողները եթե ոչ մեծամասնություն են կազմում, ապա՝ բավականին շոշափելի զանգված…»` դա միշտ է եղել այդպես: Եթե մենք չպարզաբանենք ինքներս մեզ համար թե ինչու է հայության մեծամասնությունը այդպես մտածել, մտածում, ապա հայության մեծամասնությունը կշարունակի այդպես մտածել և ապագայում, երբ կլինի միայն հայկական սփյուռք: Ես գիտեմ պատճառները և գիտեմ որն է ելքը: Բայց դա չափազանց քիչ է` ես ընդդեմ 2.9 միլիոն հայաստանցի հայերի` զի ամեն հայաստանցի հայ իրեն անսխալ ու ամենագիտուն է երևակայում: Հայաստանցի հայը տեղյակ չի որ ապրելը նույնպես կարելի է վարպետորեն, և կարելի է ապրել փինաչու պես: Կարո՞ղ էր պետությունը, Սահմանադրությունը,…. պետականության այլ ինստիտուտները կազմակերպեին դասընթացներ, վարժանքներ ինչպես ժամանակին կազմակերպվեցին ликбез-ներ: Ինչո՞ւ ԼՏՊ-ը, այդ իմաստունի պահմածք որդեգրած և իսկապես խելացի մարդը չարեց դա: Որովհետև չէին կամենում խելացի, տրամաբանող, կյանքը ճիշտ գնհատող ժողովուրդ, բարձր IQ-ով ժողովուրդ: Ամենա սոսկալի շեղումը եկավ նիկոլի հետ` նա հենվեց այդ անմշակ, կիսատ-պռատ ապրող, մի կերպ սովորող, փինաչի աշխատող զանգվածի վրա: Հետևողական ջնջեց ընտիր ամբիցիաների, պատկերացումների, ապրելաձևի պահանջի աղբյուրները: Սա սպիտակ գենոցիդ է, որը ոչ ոք չի նկատում ու որի մասին ոչ ոք չի խոսում: Խոսեք սրա մասին Ֆրանսիայի հրապարակում` պատմեք այս կնոջ դեպքը և բացատրեք, որ ՍՊԻՏԱԿ ԵՂԵՌՆ է տեղի ունենում, անձայն, անտեսանելի: Պարբերաբար ՔՊ-ական պատգամավորներն են ՀՀ ԱԺ-ի հարթակից արձակում մեռնող գաղափարների ծուխը, մեկ-մեկ էլ հասարակ հայ կինն է նշան տալիս թե ուր ենք հասել…Կծիկը միշտ մեկն է (կոչվում է այս պահին “նիկոլ”) բայց խճճված, քարկապ ընկած թելերի թիվը տասնյակի կարգի է: Կարելի է խելացիորեն քանդել ու ուղղել թելերը և կպարզվի որ դեռ պիտանի են մի գեղեցիկ հայկական գորգ գործելու ու նրան տալ անուն ապրելու համար:
Իսկ պարզ հարցում մը, պարոն Աբրահամյան. ինչու՞ “սեփական ինքնութիւնը մերժել”ու կողքին դրուածը Արցախի եւ հայ պետականութեան համար ընդվզողներու նկարն է։
Կ’առաջարկեմ յօդուած մն ալ գրէք բացատրական՝ թէ ինչպէս լրատուական անփութութիւնը, անպարկեշտութիւնը կամ մեղսակցութիւնն ալ առաջ կը բերեն “մէյնսթրիմային” վարգագիծերը։
Բա հո մեծարգո պարոն Արմեն Մարտիրոսյանի վեհաշուք նկարը չէ՞ր դնելու… 🙂
Կարծեմ իրական դեպք է. հայտնի մի գիտնական դասախոսություն է կարդում ինչ որ ինստիտուտում եւ ընդմիջմանը նրան են մոտենում գիտնականները, շնորհավորում շատ հաջող դասախոսության համար եւ հետաքրքվում, թե հաջողության պատճառը ո՞րն է: Էս մեր գիտնականն էլ պատասխանում է. դահլիճում փնտրում եմ ամենախոժոռ դեմքը եւ բացատրում այնքան, որ այդ դեմքը պայծառանում է: Այդ րոպեին գիտնականին մոտենում է ինստիտուտի տնօրենը, նույպես շնորհավորում եւ հարցնում’ բայց ինչո՞ւ էիք անընդհատ ինձ նայում:)
Մեր այս տիկինը պետք է դառնա ինստիտուտի տնօրենի նման ուղենիշ’ քանի դեռ նա դժգոհ է կամ քուջուջ է անում քաղաքական աղբանոցներում գոնե ինչ որ քաղաքական լուծում գտնելու, ուրեմն մեր քաղաքականապես գիտակից մարդիկ անարդյունավետ են գործում եւ ոչ թե մեր տիկինն է վատ հասկանում քաղաքականությունից: Սա պետք է դառնա սկզբունք’ ընտրի դասարանում ամենավատ սովորողին եւ բացատրի դասդ կոնկրետ նրա համար եւ դրանից հետո նրա ստացած գնահատականը կլինի քո գնահատականը, իսկ մնացած աշակերտները ավտոմատ կերպով կստանան այդ գնահատականից բարձր գնահատական: Այնպես որ, ես կհրավիրեի այդ տիկնոջն ու քաղաքագետներին դասարան եւ քննություն կանցկացնեի մեր քաղաքագետների միջեւ, ով ավելի դյուրին ընկալելի կբացատրեր տիկնոջը, նա էլ կհաղթեր Իսկ հեռուստադիտողները ակնհայտ է նույնպես ամեն ինչ կհասկանային: