Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի կադաստրի նախկին պետի ընտանիքը շարունակում է ապօրինի հարստանալ. անհետեւողականությո՞ւն, թե՞ հովանավորչություն

Մայիս 04,2022 15:30
dataxazutyun

ՀՀ կադաստրի Շիրակի մարզային ստորաբաժանման նախկին պետ Արայիկ Առաքելյանն ու Գյումրիի թիվ 11 դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի նրա կինը՝ Հերմինե Ալեքսանյանը, 2006 թվականից սկսած՝ մեծ վնասներ են հասցրել Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի Ցողամարգ եւ Մուսայելյան համայնքներին։ Օգտագործելով պաշտոնեական դիրքը՝ Արայիկ Առաքելյանը իր կնոջ անունով չնչին գնով գյուղատնտեսական նշանակության հողամասեր է վարձակալել ու թանկ գնով ենթավարձակալության տվել բջջային կապի օպերատորներին, որոնք եւ այդ հողերի վրա հեռահաղորդակցության աշտարակներ են տեղադրել։

Շիրակի մարզի դատախազության պաշտոնական պատասխանից տեղեկանում ենք՝ 2020 թվականի մայիսի 7-ին հարուցվել է քրեական գործ. այս ընտանիքը Ցողամարգ համայնքից 2006 թվականի օգոստոսի 9-ին վարձակալել է 1.0 հեկտար հողամաս՝ տարեկան 2 հազար 40 դրամով ու մի քանի օր անց՝ օգոստոսի 22-ին, այդ հողամասի 0.2 հեկտարը տարեկան 480.000 դրամով ենթավարձակալության է տրամադրել հեռահաղորդակցության օպերատոր ՓԲ ընկերությանը՝ հեռահաղորդակցության կայան տեղադրելու եւ շահագործելու համար:

Մուսայելյան գյուղում էլ այս նույն ձեռագրով հողեր են վարձակալել 2006 թվականի նոյեմբերի 6-ից։

Նախկին գյուղապետը Հերմինե Ալեքսանյանին 25 տարի ժամկետով վարձակալության իրավունքով տրամադրել է 2.75 հա ընդհանուր մակերեսով հողատարածք՝ տարեկան 9 հազար 350 ՀՀ դրամ վարձավճարով: Գյուղապետարանի հետ վարձակալության պայմանագիր կնքելուց ուղիղ 10 օր անց Հ. Ալեքսանյանը նշված տարածքից 200 քմ մակերեսով հողատարածքը ենթավարձակալությամբ 120.000 ՀՀ դրամով հատկացրել է մեկ այլ բջջային օպերատորի:

Ամուսիններն իրենց մեղավոր են ճանաչել, եւ պաշտոնեական դիրքի չարաշահման փաստով՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 308 հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործը 2021 թվականի ամռանը կարճվել է` վաղեմության ժամկետն անցնելու համար, սակայն ոչ արդարացման հիմքով։

Սակայն մինչեւ օրս համայնքներին պատճառված վնասը փոխհատուցված չէ։

«Առավոտը» գրավոր հարցումներ էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն, Շիրակի մարզպետարան, ինչպես նաեւ Աշոցքի համայնքապետարան՝ հետաքրքրվելով, թե ի վերջո ի՞նչ քայլեր են ձեռնարկում համայնքներին պատճառած վնասը պահանջելու ուղղությամբ։

Ստացված պատասխաններից պարզել ենք, որ շուրջ մեկ տարի անց դեռ ոչ մի գործնական քայլ կատարված չէ, չգիտես ինչու, դատախազությունն այս հարցի լուծումը թողել է Աշոցք խոշորացված համայնքի հայեցողությանը, մինչդեռ «Առավոտը» Շիրակի մարզի դատախազության գործունեությունից բազմաթիվ դեպքեր է լուսաբանել, երբ դատախազությունն ինքն է հայց ներկայացրել դատարան՝ վնասի փոխհատուցման պահանջով, հատկապես որ Քրեական օրենսգրքի 308 հոդվածը դասվում է պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների շարքին։ Աշոցքի համայնքապետարանն էլ դեռ նոր է միջոցներ ձեռնարկում քաղհայցով դատարան դիմելու։

Մեզ տրամադրված փաստաթղթերից նաեւ պարզել ենք, որ 2014 թվականի հոկտեմբերի 14-ից Հերմինե Ալեքսանյանը Մուսայելյան համայնքից վարձակալած 2.75 հա ընդհանուր մակերեսով հողատարածքի 0,27 հեկտարը ուղղակի առ ու վաճառքի միջոցով ձեռք է բերել, սեփականաշնորհել է (պայմանագրի պատճենը մեր ձեռքի տակ է) ու դեռեւս շարունակում է այն կապի բջջային օպերատորին վարձակալությամբ տրամադրել։ Ստացվում է՝ հարուցված քրեական գործը, որը կարճվել է ոչ արդարացման հիմքով, ամենեւին չի խանգարում այս ընտանիքին շարունակելու ապօրինի հարստացմանը։

Իսկ դատախազությունը, որը պարտավորվում է միջոցներ ձեռնարկել քրգործի շրջանակում Հերմինե Ալեքսանյանին դատական կարգով սեփականությունից զրկելու, այս մասով եւս դեռ ոչ մի գործնական քայլ չի արել։ Այս մասին են վկայում մեր ձեռքի տակ եղած փաստաթղթերը։ Իսկ սա ենթադրելու տեղիք է տալիս՝ իրավապահ կառույցը կամ հետեւողականություն չի ցուցաբերում, կամ պարզապես աչք է փակում կադաստրի նախկին պետի ու նրա կնոջ հանցավոր արարքների վրա։

«Առավոտը» հարցում էր հղել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ հետաքրքրվելով, թե ի՞նչ միջոցներ են ձեռնարկել Աշոցք համայնքի գյուղերին պատճառած վնասի փոխհատուցումը պահանջելու ուղղությամբ։ Դատախազությունը մանրամասնորեն մեզ ներկայացրել է քրգործից դրվագներ, նշել, որ Ցողամարգ բնակավայրում Հերմինե Ալեքսանյանի հետ վարձակալության պայմանագիրը լուծվել է եւ օպերատոր ընկերության հետ խոշորացված համայնքի կողմից կնքվել է վարձակալության նոր պայմանագիր։

Դատախազության պատասխանում Մուսայելյան համայնքում կապի օպերատորի հետ պայմանագիր լուծարելու մասին ոչ մի խոսք չկա։ Ավելին՝ դատախազության՝ «Առավոտին» ուղղված պաշտոնական պատասխանում բացարձակ անդրադարձ չկա այն մասին, որ Հերմինե Ալեքսանյանը 2006 թվականին վարձակալած հողամասից 0,27 հեկտարը սեփականաշնորհել է ու շարունակում է վարձակալության տալ կապի օպերատորին։ Պատասխանում նշվում է միայն, որ Մուսայելյան համայնքի հողամասերը կադաստրի նախկին պետի ընտանիքը վարձակալել ու ենթավարձակալության է տվել կապի օպերատորին, մինչդեռ թե՛ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության գրավոր պատասխանից եւ թե՛ Աշոցքի համայնքապետարանից մեզ տրամադրված փաստաթղթից ակնհայտ է դառնում, որ 2006 թվականին վարձակալած հողամասի մի մասն այս ընտանիքը սեփականաշնորհել է։ Այսինքն՝ այս կառույցների պատասխաններում հակասություններ կան։

Մեջբերենք Մուսայելյան գյուղի մասով դատախազության պաշտոնական պատասխանը, որտեղ գրված է. «ՀՀ Շիրակի մարզի Մուսայելյան գյուղին պատկանող հողատարածքների վարձակալության եւ ենթավարձակալության հանձնելու դեպքի առթիվ ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով Կադաստրի տարածքային ստորաբաժանման պետ Ա. Առաքելյանի կողմից Շիրակի մարզի Մուսայելյան համայնքի նախկին ղեկավար Օգսեն Հակոբյանին պաշտոնեական դիրքի չարաշահմանը դրդելու եւ կնոջը՝ Հերմինե Ալեքսանյանին վարձակալությամբ հողատարածքը տրամադրելու, հողատարածքից որոշակի հատված ենթավարձակալությամբ բջջային օպերատորին հանձնելու առնչությամբ կայացվել է Ա. Առաքելյանի նկատմամբ, վերջինիս կողմից չառարկելու հանգամանքով պայմանավորված, ՀՀ Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հանցակազմի հատկանիշներով քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում՝ վաղեմության ժամկետներն անցնելու ոչ արդարացնող հիմքով եւ քրեական գործի վարույթը կարճվել է։

2021 թ. դեկտեմբերին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ համայնքների խոշորացումից հետո համապատասխան միջնորդագիր է հասցեագրվել Աշոցքի համայնքապետարանին (հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ցողամարգ եւ Մուսայելյան բնակավայրերը ընդգրկվել են Աշոցք համայնքի կազմում), համայնքին պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու, այդ նպատակով դատարան քաղաքացիական հայց ներկայացնելու վերաբերյալ։

Համայնքապետարանից ստացված գրության համաձայն՝ համայնքին պատճառված վնասը վերականգնելու, ինչպես նաեւ Մուսայելյան բնակավայրի պարագայում ալեհավաքի շահագործման հետ կապված համայնքի իրավունքները պաշտպանելու ուղղությամբ համայնքապետարանի կողմից ձեռնարկվում են դատախազության միջնորդագրից բխող համապատասխան միջոցներ»։

Մենք այս թեմայի շուրջ զրուցել ենք նաեւ Աշոցք խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալներ Արտուշ Մանուկյանի եւ Լեւոն Կոնդյանի հետ, հետաքրքրվել ենք, թե ե՞րբ են պատրաստվում դատարան քաղհայց ներկայացնելու եւ հաշվարկե՞լ են, արդյոք, թե որքան վնաս են հասցրել համայնքներին կադաստրի նախկին պետն ու նրա կինը՝ իրենց հանցավոր գործունեությամբ։

«Փաստաբան Արտակ Մովսիսյանին ենք տրամադրել մեր ունեցածը, որպեսզի իրավաբանորեն վերջինիս գործողությունները լինեն համահունչ, օրենքին ներդաշնակ, եւ նա սահմանված ժամկետում ներկայացնի, քաղհայցերով մտնի դատարան: Միանգամից ինքը կպատասխանի, մեզ այդ գրությունով կգրի, հետագայում մենք դա կտրամադրենք դատախազությանը, երբ մեր փաստաբանն ավարտի: Դատախազության այդ նույն գրության մեջ միանգամից 7 գործի մասին էր:

Մենք քաղհայցով մտնում ենք, որպեսզի հողի նշանակություն փոխենք, որպեսզի համայնքները շահույթ ստանան: Հիմա պայմանագրի ձեւաչափը փոխում ենք, անհատից վերցրել ենք, հողի նշանակությունը փոխել ենք տալիս, որ համայնքը ստանա եկամուտ, այլ ոչ թե ինչ-որ մեկը:

Սարապատ համայնքի նախկին ղեկավարը գրագետ անձնավորություն է, գործի բուն նյութին ծանոթանալով՝ միանգամից նրանց հետ պայմանագրերը դադարեցրել է, պայմանագրերը խզել էր տվել: Բոլոր պայմանագրերը լուծարված են, որոնք իրենք տալիս էին ենթավարձակալության»,-փոխանցել են Աշոցքի համայնքապետարանից:

Աշոցքի համայնքապետարանից Ցողամարգ եւ Մուսայելյան բնակավայրերին պատճառած վնասի մասին հաշվարկ մեզ չներկայացրեցին։ Մենք նաեւ խնդրեցինք պարզաբանել այն տեղեկությունները, թե Առաքելյանն ու նրա կինը սեփականաշնորհե՞լ են այդ հողատարածքները։

«Առաքելյան Արայիկի անունով սեփական հող չկա, կա Արայիկ Առաքելյանի կնոջ անունով: Հողը չեն սեփականաշնորհել, այլ աճուրդով գնել են: Աճուրդով հողը ձեռք է բերել կինը, մինչեւ Աշոցք համայնքի խոշորացումը: Այդ ժամանակ քրգործը չի եղել, դա եղել է 2006 կամ 2008 թվականներին: Մուսայելյան գյուղում վարձակալել են, հետո առաջնահերթության իրավունքով ձեռք են բերել», -պատասխանեցին մեզ:

Աշոցք համայնքից «Առավոտին» ուղարկել են նաեւ Հերմինե Ալեքսանյանի կողմից Մուսայելյան համայնքում գյուղատնտեսական նշանակության հողը ուղղակի առուվաճառքով՝ ավագանու թույլտվությամբ գնելու, այնուհետ սեփականաշնորհելու պայմանագրի պատճենը։ Փաստաթղթում աճուրդի մասին որեւէ խոսք չկա, գյուղատնտեսական նշանակության հողատարածքը օտարվել է ուղղակի վաճառքի միջոցով՝ ակնհայտորեն խախտելով Հողային օրենսգրքի 66 եւ 94 հոդվածները, այն է՝ Պետության եւ համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի ուղղակի վաճառքը եւ Գյուղատնտեսական նշանակության հողերի վարձակալությունը։
Ավագանու այս որոշումը եւս պիտի արժանանա դատախազության իրավական գնահատականին։

Աշոցք համայնքից այս հարցերի վերաբերյալ պատասխան են ուղարկել նաեւ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանին, որը դիմել էր ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն։

Այդ պատասխանում եւս նշվում է, որ փաստաբան Արտակ Մովսիսյանի միջոցով ձեռնարկվում է գործընթաց՝ դատական կարգով համայնքներին պատճառված նյութական վնասը վերականգնելու։

«Ներկայումս խնդրո առարկա վերը նշված հեռահաղորդակցության աշտարակները գտնվում են իրենց տեղերում, քանի որ նախկին ենթավարձակալության պայմանագրերը խզվելուց հետո ձեռնարկված միջոցառումներով նախ փոփոխվել է վերը նշված հողերի նպատակային նշանակությունը եւ կապի օպերատորների հետ կնքվել են նոր պայմանագրեր, համաձայն որոնց, համայնքային բյուջե մուտաքագրվում է Ցողամարգ բնակավայրում տեղադրված բջջային կապի շարժական կայանի համար տարեկան 480 000 ՀՀ դրամ գումար։ Իսկ Մուսայելյան բնակավայրում տեղադրված բջջային կապի շարժական կայանի համար համայքնային բյուջե գումար չի մուտքագրվում, քանի որ «Վիվա Սել» ՄՏՍ բջջային կապի օպերատորի հետ դեռեւս 2014 թվականի հոկտեմբերի 14-ից Մուսայելյան համայնքի նախկին ղեկավար Կարեն Լյովայի Վարդանյանի եւ Հերմինե Ժորայի Ալեքսանյանի միջեւ կնքված 0,27 հա հողամասի առք ու վաճառքի պայմանագրով այն դարձել է վերջինիս սեփականությունը»,-գրված է Շուշան Դոյդոյանին հղված պատասխանում։

Ստացվում է, որ քրգործով մեղավոր ճանաչվելու պայմաններում դեռ սեփականության անձեռնմխելիությունից են խոսում։
Նկատենք, որ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում Աշոցք համայնքի կողմից Ցողամարգ եւ Մուսայելյան համայնքներին պատճառած վնասի հատուցման պահանջով ներկայացված դատական հայց չկա։ Նկատելի է, որ Աշոցք համայնքը հապաղում է՝ թույլ տալով կադաստրի նախկին պետին շարունակել հարստանալ, իսկ դատախազությունը, որը միջնորդագիր է ներկայացրել, կարծես հետեւողական չէ միջնորդագրի կատարմանը, իսկ միջնորդագրի չկատարումը, ինքնըստինքյան, հանցակազմի հատկանիշներ է պարունակում։ Նշենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է միջնորդագրի քննարկման, հետեւաբար եւ հարցի լուծման մեկամսյա ժամկետ, մինչդեռ անհասկանալի է, թե դատախազությունն ինչո՞ւ է սպասում արդեն մեկ տարի ու հետեւողական չէ իր միջնորդագրի կատարմանը, երբ անգամ վնասի փոխհատուցման պահանջով դեռ դատարան քաղհայց ներկայացված չէ։

Լուսանկարում՝ ԱՐԱՅԻԿ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
03.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031