Լրահոս
Օրվա լրահոսը

«Վիրավորանքի» գործով ՍԴ երեք դատավոր է ունեցել Հատուկ կարծիք

Մայիս 04,2022 14:00

Մեկ տարի առաջ Ազգային ժողովը քրեականացրեց անպարկեշտ խոսքերը եւ հայհոյանքը, համաձայն որի՝ սահմանվեց պատիժ՝ մինչեւ3 միլիոն դրամ տուգանք կամ ազատազրկում՝ մինչեւ 3 ամիս ժամկետով: Նախագիծն ընդունվել էր իմքայլական պատգամավորների ձայներով։ Հոդվածի սահմանադրականությունը վիճարկեց նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը, ով անցյալ տարվա հոկտեմբերի 13-ին դիմել էր Սահմանադրական դատարան:

Ապրիլի 30-ին, ինչպես եւ սպասվում էր, Սահմանադրական դատարանը «Ծանր վիրավորանք» հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանելու մասին գործով կայացրեց ՍԴ որոշում: Հիշեցնեմ, որ ՍԴ-ն իր աշխատակարգային որոշմամբ քննությունը մեկ անգամ հետաձգել էր, եւ գրավոր ընթացակարգով քննել հերթական անգամ: Դատարանում նորանշանակ պաշտպան Քրիստինե Գրիգորյանի աշխատակազմն է հիմնավորել վիճահարույց հոդվածի հակասահմանադրականությունը:

Հիշեցնեմ, որ Արման Թաթոյանն իր ՖԲ էջում այսպիսի գրառում էր կատարել. «Այսօր տեղի է ունենում Քրեական օրենսգրքի խտրական, ընտրողական կիրառություն: Բացարձակ անհասկանալի է, թե ինչ չափանիշներով են իրավապահ մարմինները որոշում «թիրախները», իրենք անգամ չգիտեն: Օրինակ` ինչպե՞ս է իրավապահ մարմինը առանց վիրավորանքի զոհի, սեփական նախաձեռնությամբ որոշում, որ ինչ-որ բառերի համար պետք է վարույթ սկսի ու այդ գործով գնա մարդկանց անհանգստացնելու, իսկ ինչ-որ բառի համար` ոչ: Ասենք, արդյոք զանգում են այն պաշտոնյային, ում ենթադրաբար վիրավորել են ու հարցնում նրան` արդյոք նա վիրավորվել է քաղաքացու կոնկրետ արտահայտությունից կամ էլ միգուցե իրավապահ մարմինները փորձում են կռահել` այդ պաշտոնյան կվիրավորվեր արված արտահայտությունից, թե ոչ: Կամ միգուցե իրավապահ մարմնի կոնկրետ ծառայողն իրեն դնում է կոնկրետ պաշտոնյայի տեղը կամ իր վրա է վերցնում ինչ-որ արտահայտություն ու փորձում հասկանալ` ինքը կվիրավորվեր դրանից, թե ոչ: Անհնար է պատկերացնել, թե ինչպես կարող է այս հոդվածի սահմանադրականությունը հիմնավորվել»:

Սահմանադրական դատարանը եռօրյա ժամկետում կհրապարակի որոշումը, եւ մենք ավելի մանրամասն կանդրադառնանք, մանավանդ որ, «Առավոտի» տեղեկություններով՝ այս գործով առկա են երեք դատավորների հատուկ կարծիքներ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031