Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Tête-à-Tête-ը կրկին կառերեսվի ունկնդրի հետ

Մայիս 04,2022 13:30

«Առավոտի» հետ զրույցներում երաժիշտները, այդ թվում՝ ճանաչված, մշտապես կարեւորել են իրենց ստեղծագործական գործունեությունը կամերային երաժշտության ոլորտում նույնպես։ Սիմֆոնիկ նվագախմբերի որոշ երաժիշտներ երբեմն հանդես են գալիս տարբեր կամերային կազմերով, հնչեցնելով հազվադեպ կատարվող ստեղծագործություններ, նույնիսկ անհայտ կոմպոզիտորների երկեր։ Օրինակ, Tête-à-Tête նախագծի շրջանակներում 2021թ. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) երաժիշտներից կազմված կամերային անսամբլը հնչեցրեց Բախի Թիվ 3 կոնցերտը, որը գրված է լարային նվագախմբի փոքր կազմի համար։

Այս եւ գերմանացի կոմպոզիտորի փոքր կազմերի համար գրված այլ ստեղծագործություններում հաճախ հանդիպում ենք առաջին հայացքից անհամադրելի գործիքների համադրության, ասենք՝ շեփոր ու բլոկ ֆլեյտա։ Կամերային երաժշտությունն ընդգրկում է երաժշտարվեստի գրեթե բոլոր ժանրերն ու ոճերը, երաժիշտներին հնարավորություն տալով հեռանալ իրենց, այսպես կոչված՝ ստանդարտ գրականությունից, թեկուզեւ իրենց համար բացահայտելով նոր հորիզոններ։ Կամերային տարբեր կազմեր ներկայանում են առանց առաջնորդի (դիրիժորի) եւ այստեղ երաժիշտները պետք է հետեւեն միմյանց ու գործեն որպես մեկ միասնական միավոր։
Հիշեցնենք, որ ֆիլհարմոնիկ նվագախումբը բացի Tête-à-Tête նախագծից, անցկացնում էր նաեւ փորձարարական կամերային համերգներ սահմանափակ թվով հանդիսատեսի համար «Արամ Խաչատրյան» համերգասրահի բեմում, «Լուիզ Մանուկյան-Սիմոն» սրահում, ինչպես նաեւ համերգասրահի ճեմասրահում։ Նման նախագծերը սկիզբ առան համավարակով պայմանավորված սահմանափակումների ժամանակ, երբ երաժիշտները կամերային կազմերով ելույթներ էին ունենում առցանց։

«Արամ Խաչատրյան» համերգասրահում մայիսի 6-ին՝ տեւական ընդմիջումից հետո, կկայանա Tête-à-Tête նախագծի հերթական՝ 5-րդ երեկոն (առաջինը տեղի է ունեցել 2021թ. մարտի 2-ին)։ Ծրագրում միայն Վիվալդի է։ Կամերային կազմում ընդգրկված են ֆիլհարմոնիկ նվագախմբի 12 երաժիշտներ՝ ջութակահարներ Արամ Ասատրյանը, Աննա Խաչատրյանը, Նարեկ Սահակյանը, Իվանե Եսայանը, ալտահարներ Յանա Դարյանը, Գոռ Հովհաննիսյանը, թավջութակահար Դավիթ Ոսկանյանը, կոնտրաբասահար Կարեն Խաչատրյանը, կլավեսինահար Վարդուհի Մինասյանը, ֆլեյտահար Նարեկ Ավագյանը եւ ֆագոտահար Շմավոն Գրիգորյանը։ Ընդ որում, Շմավոն Գրիգորյանն է հիշյալ նախագծի գաղափարի հեղինակը, ղեկավարը՝ Անահիտ Բարխուդարյանը։

Մեզ հետ զրույցում Շմավոն Գրիգորյանը հայտնեց, որ նախագծի ձեւաչափն անփոփոխ է. «Tête-à-Tête-ի համերգներին, ինչպես միշտ, հանդիսատեսին հնարավորություն կընձեռվի ներկա գտնվել բեմահարթակում եւ ոչ միայն ունկնդրել երաժշտությունը, այլեւ առերեսվել երաժիշտների հետ»։ Մեր զրուցակիցը ներկայացվող ծրագրի առիթով էլ ասաց, որ կատարվելիք Վիվալդիի ստեղծագործություններից 2-ը՝ Տրիո սոնատ RV 86 եւ Տրիո սոնատ RV 83-ը, հազվադեպ կատարվող գործեր են։ Հետաքրքրությանը՝ գործընկերները սիրո՞վ են մասնակցում նախագծի փորձերին, համերգներին, ելույթներին, Շմավոն Գրիգորյանը պատասխանեց. «Նվագախմբում կատարելով բացառապես սիմֆոնիկ երաժշտություն, կարծես կորցնում ես անհատական մոտեցումը, իսկ պարբերաբար անդրադառնալով կամերային ստեղծագործություններին, կարողանում ես դրսեւորվել որպես մենակատար։ Ընդհանրապես, ամենադժվար բանը կյանքում եւ արվեստում սեփական «ես»-ը չկորցնելով մյուսների հետ հարմոնիկ հարաբերություններ հաստատելն է, ինչին երաժիշտները փորձում են հնարավորինս կատարյալին հասնել կամերային երաժշտության միջոցով։ Դա, բնականաբար, հեշտ չի տրվում, բայց հաջողության դեպքում կարելի է պատկերացնել այն վայելքը, որ ապրում են երաժիշտները»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031