Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Լեւոն Ջավախյանը 7 գրքով սեղան է նստել

Մայիս 04,2022 13:00

Առաջնակարգ եւ աստվածաշնորհ արձակագիր Լեւոն Ջավախյանը առանձնանում է ինքնատիպ եւ անշփոթ ձեռագրով, որի վկայությունն է վերջերս հրատարակված «Ետ արի» պատմվածքների ժողովածուն, թվով յոթերորդը։ Ի դեպ, նրա գեղարվեստական շարադրանքը առհասարակ չի ձեւավորվում որեւէ գրական դպրոցի կամ գրողի նկատելի կամ աննկատ ազդեցությունների ոլորտում։ Այն ինքնաբուխ եւ եզակի գրական երեւույթ է եւ դրանով իսկ արժեքավոր, որովհետեւ ազատ է գեղարվեստի աշխարհից աննկատ եւ ակամա թափանցող կարծրատիպերից, որոնք միջնորդավորող հայացք են ներմուծում կյանքի կենդանի թրթիռի հեղինակային ընկալման ոլորտ։ Մինչդեռ իրական կյանքին չմիջնորդավորված մերձենալը, ըստ էության, փոխանցում է նրա արձակին աշխույժ կենսունակություն, ընթերցողի հետ երկխոսելու կենդանի անմիջականություն։ Այդ ամենին Ջավախյանը հասնում է շարադրանքը ուղեկցող լրացուցիչ դրվագային պատմություններով, դիպվածները իմաստավորող հեղինակային գունեղ միջամտությամբ, արհեստավարժ բնութագրական վրձնահարվածներով բնորդի կերպարի հմուտ ուրվանկարումով, անչար եւ կենսուրախ իրոնիայով, ընթերցողի մտավոր եւ զգացական ընկալումը գունավորող ուրախությամբ ողողված նկարագրություններով, կյանքի իմաստի, աշխարհի, գրավոր խոսքի վերաբերյալ իր դիտակետից արված մտածել տվող իմաստախոսություններով, որը եւ ստեղծում է կոլաժային բազմագույն համադրականություն։

Ջավախյանի արձակը վերջին տասնամյակների քաղաքական իրադարձությունների արձագանքն է նաեւ։ Նրա հերոսները կոնկրետ անձեր եւ գործիչներ են։ Պատմության ինքնահաստատման բնազդը, առհասարակ, իր հերոսներին միֆականացնելու անհրաժեշտ մղում ունի, որին ուղեկցում է զանգվածների անգիտակցական՝ իռացիոնալ, պաթոսը՝ խանդավառությունը։ Ջավախյանը այդ իրադարձությունների տարեգիրն է մասամբ։ Հայտնի է, որ ապագան մշտապես ժառանգում է ներկայի դիակը։ Եվ, իրականում հետագա սերունդների համար արդեն անցյալ դարձած պատմությունը զրկվում է իր երբեմնի կենդանի լիարժեքությունից, իսկ սերունդները ստանում են պատմությունը կերտող հերոսների անկենդան ուրվանկարը լոկ։ Թվում է, թե նման թեմայով արձակը կկորցնի իր գեղարվեստական ազդեցությունը հետագա ընկալումների համար։ Սակայն, Ջավախյանը իր ժամանակի պատմությունը ընկալում է շատ հաճախ իրոնիայի պրիզմայով, որով էլ ապամիֆականացնում է պատմությունը «կերտող» հերոսների միֆը։ Այդ պատճառով էլ նրա պատմվածքների շարադրանքը իրոնիայի շնորհիվ տարեգրությունից վերաճում է արվեստի եւ ապահովում նրա գեղարվեստի կենսունակությունը նաեւ ապագայի համար։

Ընդհանրացնելով ասենք, որ Ջավախյանը, ըստ էության, հակված է իր պատմվածքներով կենարար, լուսեղեն ուրախություն ներարկել կենցաղի գորշությունից, հոգեկան եւ նյութական առեւտրի մթնոլորտից խունացած հոգիներին։

Արամ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Գրականագետ

«Առավոտ» օրաթերթ
03.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031