Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղաղության համաձայնագրի նախապատրաստական բուռն գործընթաց

Մայիս 04,2022 12:00

Տեղեկացվածության ապշեցուցիչ մակարդակ՝ արտաքին քաղաքական գերատեսչությունում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն անցյալ շաբաթվա վերջին Բաքվում կայացած միջազգային համաժողովում հայտնեց, որ մայիսի սկզբին Բելգիայի մայրաքաղաքում կարող են հանդիպել Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչները: Ալիեւը չէր մանրամասնել, թե ինչ մակարդակով կանցկացվի հանդիպումը, ովքեր ներկա կլինեն երկու երկրներից եւ ինչ հարցեր են լինելու օրակարգում:

Համաժողովում ի շարս այլ հարցերի, Ալիեւը խոսել էր երկու երկրների միջեւ սահմանազատման եւ սահմանագծման հարցերի եւ հարաբերությունների բարելավման հնարավորությունների մասին. «Կա Բրյուսելում մայիսի սկզբին Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում կազմակերպելու ծրագիր»: Ընդգծելով, որ Հայաստանի կառավարությունը հայտարարել է խաղաղության օրակարգի մասին՝ Ալիեւը շեշտել էր. «Սա շատ կարեւոր հարց է։ Մենք նույնպես պետք է կոնկրետ աշխատանք տանենք, միջոցներ ձեռնարկենք։ Ես կարծում եմ, որ հիմա մենք այս միջոցները ձեռնարկում ենք, Հայաստանի իշխանությունը խաղաղության մասին տարբեր հայտարարություններ է հնչեցնում»։ Նա հավելել էր. «Հայաստանը պետք է հասկանա, որ չի կարող շարունակել ապրել որպես մեկուսացված կղզի այս տարածաշրջանում, մեզ հետ հարաբերությունները կարգավորելու կարիք ունեն, նրանք պետք է հրաժարվեն տարածքային պահանջներից՝ ուղղված Ադրբեջանին եւ Թուրքիային եւ չպետք է վարանեն Հարավային Կովկասում եռակողմ մակարդակով որեւէ հարաբերությունների հարցում»։

Նույն օրը, երբ հայ հասարակությունը Ալիեւից տեղեկացավ, որ մայիսի սկզբին Բրյուսելում նախատեսվում է Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչների հերթական հանդիպում, «Լուրերի» հետ զրույցում ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանն ասաց, թե՝ «Բրյուսելում նման հանդիպման մասին այս պահին տեղեկատվություն չկա»: Սակայն նույն օրը երեկոյան՝ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ Բրյուսելում մայիսի 2-ին կհանդիպի Ալիեւի օգնական Հաջիեւի հետ: «Քննարկելու ենք մի շարք հարցեր Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող», – հայտնեց Արմեն Գրիգորյանը` հնարավոր համարելով, որ դրան կարող է հաջորդել Փաշինյան-Ալիեւ հանդիպումը:

Այսինքն, հայաստանյան երկու գերատեսչություններից մեկը չի հաստատում, մյուսը՝ մի քանի ժամ անց հաստատում է Ալիեւի հայտնած տեղեկությունը: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության տեղեկացվածության մակարդակն, անշուշտ, ապշեցուցիչ է:
«Ազատության» հարցին՝ նախորդ անգամ Հաջիեւի հետ ԱԱԽ քարտուղարի հանդիպումը նախորդեց նախագահ-վարչապետի մակարդակով բանակցություններին, սա եւս դրա նախապատրաստման ինչ-որ մի փո՞ւլ է, Արմեն Գրիգորյանը պատասխանել էր. «Որոշ առումով հա, եթե մենք կարողանանք այն բոլոր հարցերի պատասխանները ստանանք Բրյուսելում, ապա կարող ենք նաեւ քննարկել երկրի առաջնորդների մակարդակով հանդիպում Բրյուսելում»: Հաջիեւի հետ սպասվող հանդիպումը կարո՞ղ ենք տեղավորել նաեւ խաղաղության համաձայնագրի նախապատրաստությունների համատեքստում, հարցին, Արմեն Գրիգորյանը պարզաբանել էր. «Լայն կոնտեքստում, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման կոնտեքստում կարող ենք տեղավորել, որովհետեւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները, կարող ենք ասել, այս պահին մի քանի ուղղություններ ունեն: Դա եռակողմ աշխատանքային խումբն է` ապաշրջափակման թեմայով: Այս պահին քննարկվում է նաեւ դելիմիտացիայի եւ դեմարկացիայի աշխատանքային խմբերի ձեւավորումը: Գրեթե վերջնական փուլում է, կարծում եմ` մոտակա ժամանակներս արդեն կհայտարարվի աշխատանքային խմբի ձեւավորման մասին, եւ կձեւավորվի այդ աշխատանքային խումբը, եւ կսկսեն քննարկել դեմարկացիայի եւ դելիմիտացիայի հարցերը: Կա նաեւ խաղաղության օրակարգի քննարկման ուղղությունը, որ արտգործնախարարների մակարդակով է: Կա նաեւ, գիտեք, անվտանգության ուժերի ղեկավարների պարբերաբար հանդիպում, որը քննարկում է նաեւ, ընդհանուր առմամբ, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները, որոշ հարցեր: Եվ կա նաեւ իմ եւ Հիքմեթ Հաջիեւի հանդիպման պլատֆորմը, որտեղ քննարկում ենք Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր»:

Ինչ վերաբերում է դեմարկացիայի հանձնաժողովին, եւ դիտարկմանը, որ ըստ բրյուսելյան պայմանավորվածության` այն արդեն պիտի ձեւավորված լիներ, Արմեն Գրիգորյանն այդ օրը նկատել էր. «Դեռեւս մեկ օր կա ապրիլի վերջի համար, եւ կարծում եմ` մինչեւ այդ ժամանակը մենք կունենանք հայտարարություն…»: Դա ի՞նչ ձեւաչափ է ունենալու, ովքե՞ր են այնտեղ ընդգրկվելու, Արմեն Գրիգորյանը հայտնել էր. «Տարբեր պետական ինստիտուտներ, որոնք որեւիցե ձեւով առնչություն ունեն դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթացին, այսինքն` ԱԳՆ, ՊՆ, ԱԱԾ, նաեւ այլ ինստիտուտներ, որոնք եւ շահագրգռվածություն ունեն, եւ գիտելիք ունեն այս գործընթացի վերաբերյալ: Այս աշխատանքային խումբը երկկողմ աշխատանքային խումբ է: Մենք ցանկանում ենք նաեւ միջազգային հանրությանը, որպես գիտելիք ունեցող եւ նաեւ ինստիտուցիոնալ փաստաթղթեր կրող պետություններ, օգնություն ցուցաբերենք, որպեսզի դեմարկացիայի-դելիմիտացիայի գործընթացն անցնենք»: Հստակեցմանը, միջազգային հանրությանը, թե՞ միայն Ռուսաստանին, Գրիգորյանը նշել էր. «Ե՛վ Ռուսաստանին, ե՛ւ Բրյուսելին, ե՛ւ նաեւ եթե մենք տեսնենք` հավելյալ անհրաժեշտություններ ունենք, այլ քննարկումներ էլ կունենանք»:

Հիշեցնենք, որ նախորդ անգամ Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիեւը մարտի 30-ին Բրյուսելում էին հանդիպել՝ Եվրամիության հարկի տակ, ինչպես ԵՄ դիվանագիտական ծառայության հաղորդագրությունում էր նշվել՝ «առաջ մղելու երկու երկրների միջեւ մի շարք խնդիրների լուծում գտնելու ջանքերը»։

Պաշտոնական Երեւանի կողմից Հայաստան-Ադրբեջան շփումների մասով, կարելի է ասել, փակագծերը կամաց-կամաց բացվում են: Երեւանը ընկղմվել է հայ-ադրբեջանական տարբեր ձեւաչափերով բանակցությունների մասին պարզաբանումներ տալու գործում, իսկ զուգահեռաբար Ալիեւն իր հերթին ադրբեջանական հասարակությանն է, կարծես, փորձում նախապատրաստել խաղաղության:

Ապրիլի 29-ին Ալիեւը պնդեց, թե՝ «Ղարաբաղի հայերից դրական ազդակներ է ստանում եւ սկսվել են առաջին շփումները»: Սակայն, թե ինչ մակարդակով են այդ «շփումները» եւ ինչ «դրական ազդակներ» նկատի ունի, Ալիեւը չէր հստակեցրել։ «Ադրբեջանը Ղարաբաղում ապրող հայերին համարում է իր քաղաքացիները։ Հուսով ենք, որ նրանք նույնպես շուտով կհասկանան, որ, լինելով Ադրբեջանի քաղաքացիներ, նրանք կստանան բոլոր իրավունքներն ու ազատությունները, իսկ նրանց անվտանգությունը կլինի ապահովված», – մասնավորապես, նշել էր Ալիեւը՝ Արցախի բնակչությանը կոչ անելով վերջ դնել «թշնամանքին», «մեկուսացնել անջատականներին»։

Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիեւն՝ Արմեն Գրիգորյանի հետ նախանշված հանդիպումից առաջ Շուշիում անցկացված «Հարավային Կովկաս. զարգացում եւ գործակցություն» համաժողովում հստակ նշեց, որ Բաքուն Երեւանից սպասում է իր տարածքային ամբողջականության ճանաչում: «Ադրբեջանի հիմնական ուղերձը Հայաստանին տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության ճանաչումն է: Պատրա՞ստ է Հայաստանը դրան: Մենք պատրաստ ենք»,- ասել է նա: Ապա՝ անդրադառնալով սահմանազատման եւ սահմանագծման հարցերի կարեւորությանը՝ Հաջիեւն ասել էր, որ իրենք «արդեն ստանում են որոշակի ազդակներ, որ այդ գործընթացը կսկսվի մոտ ապագայում»: «Ադրբեջանն առաջարկել է Հարավային Կովկասի ինտեգրացված մոդել: Այս պահին տարածաշրջանը մասնատված է, ուստի մենք պետք է մարդկանց միջեւ ավելի շատ կապեր եւ շփումներ հաստատենք»,- ասել էր Հաջիեւը՝ հավելելով, որ Բաքուն՝ «Ղարաբաղի հայկական ծագմամբ բնակչությանը» համարում է Ադրբեջանի քաղաքացիներ եւ «Ադրբեջանում հարգանքով են վերաբերվում բոլոր կրոններին»:

Հիշեցնենք, որ Ալիեւը եւս անցյալ շաբաթ խոսեց խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու համար: Նա ԱՄՆ պետքարտուղարի՝ Կովկասի, տարածաշրջանային հակամարտությունների եւ Հարավային Կովկասի հարցերով օգնական Էրիկա Օլսոնի գլխավորած պատվիրակության (որի կազմում էին՝ ԱՄՆ Պետդեպի՝ Կովկասում բանակցությունների հարցերով գլխավոր խորհրդական Էնդրյու Շոֆերը, Ադրբեջանում, Վրաստանում եւ Հայաստանում ԱՄՆ դեսպաններ Լի Լիտցենբեգերը, Քելլի Դեգնանը եւ Լին Թրեյսին) հետ հանդիպմանը քննարկել էր Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման բանակցությունները, խաղաղության պայմանագրի նախապատրաստումը եւ հաղորդակցությունների բացման հարցը: Ադրբեջանական պատվիրակությունը պատրաստ է խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի հետ բանակցություններին, վստահեցրել էր Ալիեւը նշյալ պատվիրակության հետ հանդիպմանը։

Այն, որ սահմանազատման հանձնաժողովի հարցում «որոշակի արդյունք կա», անցյալ շաբաթ փաստել էր նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարարը: Հայաստանի ԱԳ նախարարի հետ երկու հեռախոսազրույցներից հետո սահմանազատման հանձնաժողովի հարցում որոշակի արդյունք կա, օրեր առաջ հայտնեց Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը. «Պատերազմից հետո առաջնային հարցերից մեկը տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումն է: Այս թեմայով ես երկու հեռախոսազրույց եմ ունեցել Հայաստանի արտգործնախարարի հետ եւ կարող եմ ասել, որ որոշ արդյունքներ կան: Այժմ պայմաններ են ստեղծվել դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հարցերով հանձնաժողովի աշխատանքների համար»: Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցների մասին Ջեյհուն Բայրամովը խոսել է իր վրաց պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսում։

Օրերս Հայաստանի ԱԳՆ-ն Միրզոյան-Բայրամով հեռախոսազրույցից հետո հայտնել էր, թե Երեւանն ու Բաքուն քննարկել եւ արդեն համաձայնեցրել են, թե ինչ կառուցվածք է ունենալու սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովը: Բացի դրանից, հաղորդվել էր, որ երկու նախարարները պայմանավորվել են հանդիպել։ Թե երբ եւ որտեղ է կայանալու այդ հանդիպումը, ո՛չ Երեւանը, ո՛չ Բաքուն դեռ չեն հստակեցրել: Հայտնի չէ նաեւ հանձնաժողովների կառուցվածքն ու կազմը:
Նույն ասուլիսում Բայրամովը խոսել էր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաղորդակցության ուղիների ապաշրջափակման մասին՝ ընդգծելով, որ Բաքուն բավական առաջ է գնացել եւ այժմ Երեւանից են հստակ քայլեր ակնկալում. «Ադրբեջանը իր տարածքում ե՛ւ երկաթուղային, ե՛ւ ավտոմոբիլային ճանապարհների ծրագրեր է հաջողությամբ իրականացնում: Այս ուղիները պետք է շարունակություն գտնեն արդեն Հայաստանի սահմաններում, եւ այս առումով մենք Հայաստանից հստակ քայլեր ենք ակնկալում: Խոստումներից զատ արդեն եկել է հստակ գործողությունների ժամանակը: Խաղաղությանը միտված գործընթացների արդյունավետությունը նախ եւ առաջ բխում է կովկասյան երեք պետությունների շահերից: Վրացական կողմը եւս աջակցում է եւ կարող է կարեւոր դեր խաղալ այս ճանապարհին: Հարավային Կովկասը մեր համատեղ տունն է, եւ Ադրբեջան-Վրաստան համագործակցությունը կարող է դիտարկվել որպես մոդել հարեւան երկրների համագործակցության համար: Իհարկե, Հայաստանը եւս կարող է իր տեղն ունենալ լայնամասշտաբ ծրագրերում՝ հարգելով միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները»:

Ամփոփումը՝ վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 03.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031