Լրահոս
Օրվա լրահոսը

Բանական փաստարկների «գրաքննությունը»

Մայիս 04,2022 16:00

Ինչպես են հոգեբանությունը, տնտեսագիտությունը, փիլիսոփայությունը, սոցիոլոգիան եւ քաղաքագիտությունը բացատրում մարդկանց ոչ ռացիոնալ վարքը

Ինչո՞ւ է մարդկանց վարքը ոչ ռացիոնալ: Այդ հարցին տարբեր ձեւով են պատասխանում տարբեր գիտությունների ներկայացուցիչները: Որոշ դեպքերում «ոչ ռացիոնալը» (իռացիոնալը) հասկացվում է որպես «ոչ բանական», ու այդպես էլ այդ հասկացությունը սովորաբար թարգմանվում է հայերեն (բայց որոշ դեպքերում դա, ինչպես կտեսնենք, նույնը չէ՝ այդ պատճառով այս հոդվածում գերադասում եմ օգտագործել միջազգային եզրը): Հոգեբանների, առաջին հերթին՝ հոգեվերլուծաբանների տեսանկյունից բացատրությունը կապված է գիտակցականի, նախագիտակցականի եւ անգիտակցականի հակադրության հետ: Ըստ այդմ, գիտակցականն այն է, ինչ գտնվում է մեր աչքի առաջ, նախագիտակցականը չի գտնվում աչքի առաջ, բայց կարող է այնտեղ հայտնվել (հենց որ մենք սկսենք դրա մասին մտածել), իսկ անգիտակցականը այդ «հայտնվելու» համար ստեղծում է որոշակի պատնեշներ, պաշտպանական մեխանիզմներ: Այդ տեսության հեղինակ Զիգմունդ Ֆրոյդը որպես պատնեշի փոխաբերություն օգտագործում է «գրաքննություն» բառը: Ընդ որում, հետաքրքիր է, որ Ֆրոյդը խոսում է Առաջին համաշխարհային պատերազմում ռուսական գրաքննության մասին, չնայած իր երկրի՝ Ավստրո-Հունգարիայի գրաքննությունը ոչնչով ավելի լավը չէր: Անգիտակցականն արգելափակում է, օրինակ, բանական փաստարկների մուտքը գիտակցություն. այդպես են ստեղծվում կուռքերը եւ «թշնամու կերպարները», որոնց թերությունների կամ դրական կողմերի մասին տեղեկատվությունը չի հասցվում ռացիոնալ մակարդակի:

20-21-րդ դարերի տնտեսագետները վերցրել են Ֆրոյդի այդ գաղափարը՝ բացատրելու համար, մասնավորապես, սպառողական վարքը: Որեւէ ռացիոնալ բացատրություն չկա, թե ինչու են մարդիկ որեւէ անպետք, անգամ վնասակար ապրանք (օրինակ, ծխախոտ) գնում, օգտագործում այն, իսկ հետո դրա համար ափսոսում, հաճախ՝ ինքնախարազանվում: Տնտեսագետ Թոմաս Շելինգը դա բացատրում է մարդու մեջ ուժեղ եւ թույլ «ես»-երի առկայությամբ: Երկրորդն ունի ավելի «կարճ հորիզոն» («մի հատը ծխեմ»), առաջինի հորիզոնն ավելի երկար է («չմահանամ քաղցկեղից»): Գլանակը ծխելուց անմիջապես հետո գերիշխում է ուժեղ «ես»-ը («այլեւս երբե՛ք չեմ ծխի»), բայց երբ ժամանակն անցնում է, գլուխ է բարձրացնում թույլ «ես»-ը («մեկ գլանակից առայժմ ոչ ոք չի մահացել»): Ուժեղ «ես»-ը առաջ մղելու համար մարդիկ ծխելը թողնելու մասին հրապարակային խոստումներ են տալիս՝ որպեսզի ծխելու պարագայում, առողջությունից բացի ինչ-որ մի բան էլ կորցնեն, ասենք, իրենց շրջապատի հարգանքը: Քաղաքագիտության մեջ, սակայն, այդ մեխանիզմը միշտ չէ, որ գործում է. քաղաքական գործիչները բազմիցս դրժում են իրենց խոստումները, բայց շարունակում են ժողովրդականություն վայելել:
Փիլիսոփայության մեջ նմանատիպ մոտեցում է ցուցաբերել Հարրի Ֆրանկֆուրտը՝ բաժանելով ցանկությունները առաջին եւ երկրորդ կարգերի. 1/ ես այն մարդն եմ, որը ցանկություն ունի ծխելու կամ րոպեն մեկ համացանց մտնելու, 2/ ես այն մարդն եմ, որը ցանկություն ունի հաղթահարելու այդ ցանկությունները: Կամքն, այդպիսով դրսեւորվում է երկրորդ տիպի ցանկություններում՝ ռացիոնալ ձգտումների մեջ:

Սոցիոլոգիայում մարդու ոչ ռացիոնալ վարքի առավել յուրահատուկ բացատրությունը տալիս է ամերիկացի ընկերաբան Իրվինգ Հոֆմանը, որը փորձում է համատեղել նույն Ֆրոյդի տեսակետներն իր մասնագիտության դասական գաղափարների հետ, որոնք առաջ էր քաշում Էմիլ Դյուրհայմը: Ըստ վերջինիս՝ գիտակցության մեջ չկա որեւէ բան, որը չկա սոցիումում: Օրինակ, անգիտակցականի «գրաքննությունը», Դյուրհայմի կարծիքով, կարող է առաջանալ միայն այն պատճառով, որ հասարակությունը նման ստանդարտներ է դնում մարդկանց առաջ: Այդ ելակետի վրա հիմնվելով՝ Հոֆմանն առաջ է քաշում սոցիալական դերերի գաղափարը. ցանկացած մարդ այնքան «ես» ունի, որքան դերեր է նա խաղում, իսկ դրանք, իրենց հերթին, պայմանավորված են այն խմբերի քանակով, որոնց կարծիքը տվյալ անձնավորությունը կարեւորում է:

Սրանք այն դիմակներն են, որոնք, ի վերջո, կարող են բերել ոչ ռացիոնալ վարքի, որովհետեւ այդ դիմակներն, ըստ Հոֆմանի, այնքան են «սերտաճում» մարդու դեմքի հետ, որ դառնում են ավելի իրական, քան այն երեւակայական «ես»-ը, որին մարդիկ իդեալական դեպքում ձգտում են: Այսինքն՝ ավելի կարեւոր է դառնում այն տպավորությունը, որը մարդիկ փորձում են թողնել այլ մարդկանց, «հեղինակավոր» խմբերի վրա, քան իրական «ես»-ը: Հոֆմանի հիմնական աշխատությունն այդպես էլ կոչվում է՝ «Ուրիշներին ինքնաներկայացումը առօրյա կյանքում», որտեղ նա առատորեն օգտագործում է թատրոնի հետ կապված փոխաբերությունները:

Հոֆմանին հետաքրքրում է թե՛ «կամայական ինքնարտահայտումը», որով մարդիկ իրենց մասին տեղեկատվություն են հաղորդում՝ որոշակի խորհրդանիշներ օգտագործելով, եւ «ինքնաբուխ» ինքնարտահայտումը, երբ մարդիկ. օրինակ, ինչ-որ քայլերով իրենց մատնում են՝ ակամա ցույց տալով, որ չեն համապատասխանում իրենց հայտարարագրած հավակնություններին: Այս կամ այն դիմակը դնելով՝ մարդը ստիպված է խնամքով թաքցնել այն ամենը, ինչը հակասում է ընտրված դերին: Օրինակ, բարձր մտավոր մակարդակին հավակնող մարդը չի խոստովանել, որ օրական 6 ժամ հատկացնում է սոցցանցային հրապարակումներին հետեւելու վրա: «Մեր կարգավիճակը հիմնված է աշխարհի հստակ պատկերի վրա, մինչդեռ մեր անձնական ինքնության իմաստը գտնվում է այդ պատկերի խորշերում», – գրում է Հոֆմանը:

Քաղաքագիտության մեջ հաշվի է առնվում «ռացիոնալի» եւ «բանականի» նուրբ տարբերությունը: Քաղաքական գործիչների եւ գործընթացի այլ մասնակիցների վարքը կարող է լինել ոչ բանական, բայց ռացիոնալ: Կարող է լինել այնպիսի մի վիճակ, երբ նպատակները բանական չեն (oրինակ, Երրորդ Ռայխի կամ Երրորդ Հռոմի ստեղծումը), բայց միջոցները, որոնք դրանց համար կիրառվում են, ռացիոնալ են՝ ունեն իրենց ներքին տրամաբանությունը: Այդ առումով, Հայաստանում ներկա իշխանություն եւ ընդդիմության գործողությունները, իմ կարծիքով, ո՛չ ռացիոնալ են, ո՛չ էլ բանական:

Ընդհանրապես, մարդկանց ոչ ռացիոնալ վարքի ուսումնասիրությունը 21-րդ դարում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների աննախադեպ զարգացման եւ գլոբալացման «ճնշման» պայմաններում, համարում եմ հասարակագետների թիվ մեկ խնդիրը: Մանավանդ՝ Հայաստանում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031