Լրահոս
Օրվա լրահոսը

Դրվագներ Անրի Վերնոյի հետ անցկացրած 10 օրերից

Մայիս 04,2022 12:30

Լույս է տեսել Ռոբերտ Մաթոսյանի հուշագրությունը

Լույս է տեսել կինոգետ, մի քանի կինոամսագրերի հիմնադիր Ռոբերտ Մաթոսյանի «10 օր Անրի Վերնոյի հետ» խորագրով հուշագրությունը: Հեղինակը գրում է, որ 1980 թվականի նոյեմբերին, տասը օր, վաղ առավոտից մինչեւ ուշ գիշեր, Վերնոյին ուղեկցել է Հայաստանում: Ասում է` օրագրեր չի պահել, սակայն շատ բաներ հիշում է, ինչպես այսօր. «1980 թվականին նա առաջին ու վերջին անգամ այցելեց Մայր Հայրենիք: Օրեր շարունակ առիթ ունեցա ուղեկցել, հաղորդակցվել այդ Մեծ հային ու կինոբեմադրիչին: Իհարկե, այդ տասն օրերն իմ կյանքում անմոռաց են… Անմոռաց են ոչ միայն այն բանի համար, որ հաղորդակցվեցի համաշխարհային կինոյի վարպետներից մեկի կամ էլ ապագա «Մայրիկ» ֆիլմի հեղինակի հետ, այլ հայի այն տեսակի հետ, որը սիրել էր ու սիրեց իր նախնյաց երկիրը, հպարտացավ նրանով… Անրի Վերնոյը ընդամենը իր մեկ ֆիլմով համայն աշխարհին ասաց՝ Ես Հայ եմ ..»:

Նա հիշում է, թե ինչպես 1980թ. նոյեմբերին՝ ուշ երեկոյան Մոսկվա-Երեւան ինքնաթիռը վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում, ինչպես Ֆրունզե Դովլաթյանի մեքենայով ուղեւորվեցին Երեւան:

«Գրել Անրի Վերնոյի մասին եւ թվարկել, որ նրա գործընկերներն են եղել համաշխարհային կինոաստղերի այնպիսի մի համաստեղություն, ինչպիսիք են Ժան Գաբենը, Ֆերնանդելը, Լուի դը Ֆյունեսը, Ալեն Դելոնը, Ժան Պոլ-Բելմոնդոն, Միշել Մորգանը, Լինո Վենթուրան, դեռ հատկանշական չէ: Համաշխարհային ճանաչման արժանացած կինոռեժիսորի մասին ասել, որ նրա նկարահանած 30 կարճամետրաժ եւ 30 լիամետրաժ խաղարկային ֆիլմերը ցուցադրվել են աշխարհի գրեթե բոլոր երկրներում, որ ամենամասսայաբար դիտվող ժապավեններն են, արժանացել են բազմաթիվ միջազգային մրցանակների եւ նրա վաստակը նշվել է Ֆրանսիայի ամենաբարձր պարգեւով` «Պատվո լեգեոն» շքանշանով, դեռ հիմնականը չէ: Անրի Վերնոյ բեմադրիչի գաղտնիքը համաշխարհային կինոյի հորձանուտում կողմնորոշվելն է ու պարզապես նրա անհատականության այն մեծ հմայքը, որը շաղախվելով իր ստեղծագործություններին, հաղորդակցվել է միլիոնավոր հանդիսատեսների ու 40 տարի առաջ հաղորդակցվեց նաեւ մեզ, երբ գտնվում էր Հայաստանում: Ներկայացնել այդ բոլոր հանդիպումներն ու պահերը` չափազանց դժվար է:

– Փոքր երեխա էի, ընդամենը չորս-հինգ տարեկան, երբ 1915 թվականի Եղեռնից մի քանի տարի անց Ռոդոսթոյից (Թուրքիա) երկար դեգերումներից հետո եկանք Մարսել,–հանդիպումներից մեկի ժամանակ ասաց Վերնոյը:

– Ծնողներիս զրույցներից շատ էի լսել Ֆրանսիայի, Փարիզի մասին: Ու ինձ թվում էր, երբ նավը մոտենա նավամատույցին, մեզ պիտի դիմավորեն Բալզակն ու Հյուգոն, Ռուսսոն ու Ռոդենը:

Նավը կանգնում է, սակայն նրանց փոխարեն իմ դիմաց հառնում է սեւ զգեստով մի մարդ: Տնտղելով իրերը՝ նա մեր ճամպրուկների վրա մի մեծ կնիք է դնում, որի վրա գրված էր «Նանսեն»:

Կհասկանանք՝ ի՞նչ է նշանակում, այսինքն` անհայրենիք մարդ… հեշտ է ասել: Պատահականության բերումով տեղավորվում ենք Մարսելի բարձրահարկ շենքի մի սենյակում:

Պատահականությունն այն էր, որ ամբողջ շենքի միակ աղքատ ընտանիքը հայ գաղթական Հակոբինն էր: Անցնում է մի քանի տարի, դպրոց երթալուս ժամանակն է, մայրս հարցուփորձ է անում, թե որն է Մարսելի ամենալավ դպրոցը: Ցույց են տալիս այն դպրոցը, ուր միայն հարուստների երեխաներն են սովորում: Մորս ձեռքից բռնած` մտնում ենք դպրոց: Տնօրենը հարցնում է` դուք կարո՞ղ եք ուսման համար այդքան վարձ տալ: Մայրս մի պահ լռում է ու ասում` կարող եմ: Առաջին դասարան: Մարսելցի ութսուն երեխաներ: Բոլորը շրջապատում են ինձ եւ նրանցից մեկը հարցնում է, թե ինչ է անունդ: Ասում եմ` Աշոտ Մալաքյան: Ու այնպիսի մի քրքիջ է սկսվում, այնպիսի մի քրքիջ, որ մինչեւ հիմա հնչում է ականջիս: Անհնար է ամեն բան պատմել:

Նկարահանումներից հետո, ազատ ժամերին, ինքնակենսագրական մի գիրք եմ գրում, որտեղ այդ մասին ավելի մանրամասն եմ խոսում: Միշտ կմտածեմ, որ այդ կենսագրությունը ոչ միայն իմն է, այլեւ հայի բեկորի մի պատմություն, իմը` գումարած մյուսներինը: Դպրոցն ավարտելուց հետո ցանկացա հորս մեծ նվեր անել: Այսինքն` այնպիսի մի մասնագիտություն ընտրել, որ նրան հաճելի լիներ, իսկ հայրս ուզում էր, որ ինժեներ դառնամ: Սակայն մաթեմատիկական առարկաների նկատմամբ որեւէ հակում, սեր չունեի»,- պատմում է Մաթոսյանը Վերնոյի մասին:

«Մարսելում ցուցադրված Ռուբեն Մամուլյանի ֆիլմից հետո նա որոշում է փոխել մասնագիտությունը ու բեմադրիչ դառնալու մասնագիտությամբ մեկնում Փարիզ, թեեւ իր ձեռքին էր ինժեների դիպլոմը: Նա 2 տարի աշխատում է որպես լրագրող: «Մարսելյեզ» թերթում աշխատելիս Եղեռնի 30-ամյակին հանդես է գալիս հայկական ցեղասպանությունը դատապարտող հոդվածով: Գիշերը խմբագիրը Աշոտ Մալաքյանը փոխարինում է Անրի Վերնոյ ստորագրությամբ՝ մտածելով, որ այդպես ավելի լավ է. նյութի փաստի հավաստիությունը ավելի հնչեղ է դառնում»,- գրում է հուշագրության հեղինակը:

Գրքում անդրադարձ կա համաշխարհային կինոաստղերի հետ կապված դիպվածներին. «Եթե նրանց մասնակցությամբ առաջին ֆիլմն ես նկարում, քեզ հում-հում կուտեն,–ժպտալով ասում է նա:– Իսկ եթե նկարահանել ես ֆիլմեր եւ հաջողության հասել, քեզ կպաշտեն: Ինձ համար ամենադժվար դերասանը Ժան Գաբենն է եղել, որովհետեւ նա նկարահանման իր ձեւն ու սկզբունքն ուներ: Եթե ասես, որ այսպես կամ այնպես պիտի խաղալ, անմիջապես կհարցնի` ինչո՞ւ… Պիտի պատճառաբանես. չկարողացար, չհամոզեցիր՝ վերջ: Հիշում եմ, նրա մասնակցությամբ առաջին ֆիլմս էր:

Նկարահանման երկրորդ օրը ինչ ասում էի, պատասխանում էր` ոչ: Ինչ խնդրում էի, ասում էր` ոչ: Չորրորդ օրը, միտքս է, ժամը երկուսին տաղավարին մեջ լռություն խնդրեցի: Բոլոր լուսարձակները գցեցի ուղիղ Գաբենի վրա: Ասացի` պարոն Գաբեն, դուք աշխարհի ամենամեծ դերասանն եք, դուք ամենամեծ գրողն եք, դուք բեմադրիչն եք… բարեբախտաբար, մեկ ֆիլմ եք նկարահանել, անունը չեմ տա, որովհետեւ դուք ամոթով եք մնացել: Ուրեմն դո՛ւք բեմադրեցեք, դո՛ւք խաղացեք եւ վերջն էլ ձեր ֆիլմը միայնակ դիտեցեք… ու մնաս բարով եմ ասում:

Դուրս եմ գալիս, բայց միտքս իր կողմն է, ու ձայն եմ լսում:

-Հիմարություն մի՛ արա, ե՛տ վերադարձիր,– կանչողը Գաբենն էր:

Այդ դիպվածից հետո մեր լավ բարեկամության սկիզբը դրվեց»:

Ռոբերտ Մաթոսյանը նշում է, որ հայկական թեմայով նկարահանվող ֆիլմի գաղափարը ծնվել է Երեւանում. «Անրի Վերնոյի՝ Երեւանից մեկնելու օրն է… «Արմենիա» հյուրանոցի առանձնասրահներից մեկում ջերմ ու անմիջական բարեմաղթանքների խոսքեր են ասվում… Մեկ էլ Հենրիկ Մալյանը Ֆրունզե Դովլաթյանին, Անրի Վերնոյին եւ ինձ քաշում է սենյակի մի անկյուն, պատվիրում, որ ձեռքներս դնենք իրար ուսի՝ մի փոքրիկ շրջան կազմելով եւ ցածր ձայնով ավելացնում.
– Աշոտ ջան, ես միշտ երազել եմ ֆիլմ նկարահանել Սողոմոն Թեհլիրյանի մասին: Դա եւ ազգային է, եւ համամարդկային, եւ կոմերցիոն… Սակայն համոզված եմ, որ այստեղ ինձ չեն թողնի նկարահանել… Ես կուզեի, որ դո՛ւ նկարահանես… Հավատա՛, շատ հետաքրքիր կլինի:

Անրի Վերնոյը փայլատակում է եւ միանգամից պատասխանում.
– Իմ հաջորդ ֆիլմը կսկսվի Սողոմոն Թեհլիրյանով… եւ առաջին կադրը նկարահանելու «մոտորը» դուն պիտի ասես… Տարիներ անց Անրի Վերնոյի նկարահանած «Մայրիկ» ինքնակենսագրական երկսերիանոց կինոնկարը սկսվում է Սողոմոն Թեհլիրյանի դատավարությամբ:

Այդ օրը մի առաջարկություն էլ արվեց Անրի Վերնոյի կողմից: Ասաց՝ «Երեքս» (այսինքն` Մալյան, Դովլաթյան, Վերնոյ) առանձին-առանձին նկարահանում ենք մեկական կարճամետրաժ: Յուրաքանչյուրն ինչ որ կամենա, եւ վերջում այդ կարճամետրաժները միավորում են, դարձնում ամբողջական, լիամետրաժ մի ֆիլմ: Հրաշալի գաղափար, որը հանգամանքների բերումով չիրագործվեց»,-հիշում է Ռոբերտ Մաթոսյանը:

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
03.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031