Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը շատ լավ զգում է հեղափոխության շունչը․ զգում է, որ ստերի, երկիրը կործանելու, մանիպուլյացիաների, պոպուլիզմի վերջը գալիս է»․ Մհեր Մկրտչյան

Մայիս 03,2022 23:13

«Կարմիր և սև բերետավոր տղաներ, երևի մտածում եք, որ վաղը գալու է մի օր, որ դուք կարող եք նայել պարզ աչքերով ու ասել, որ հրաման էր։ Հիասթափեցնեմ ձեզ, սրիկա լինելու հրաման չի լինում, դա էություն է»,- Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Մհեր Մկրտչյան» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր եւ սցենարիստ Մհեր Մկրտչյանը։

Նա վստահեցրեց՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ լավ զգում է հեղափոխության շունչը ու շարունակեց․ «Նա լավ զգում է, որ ստերի, երկիրը կործանելու, մանիպուլյացիաների, պոպուլիզմի վերջը գալիս է։ Նա դա շատ լավ զգում է, և դրա պատճառը դուք եք»։ Ըստ Մհեր Մկրտչյանի՝ մենք ընտրության առաջ ենք ու մանրամասնեց․ «Պարզ ընտրություն՝ մնալ տանը, թրքանալ, փոքրանալ և օրերից մի օր դառնալ մի փոքրիկ քաղաք-պետություն՝ երևի ինչ-որ մի երկրի կազմում, կամ դուրս գալ փողոց ու վերջ տալ թուրքերի կողմից սիրված այս իշխանությանը։ Ընդամենը կա մի հարց․ հանուն նրա, որ մեր երեխաները լինեն հայ, մեծանան ու ապրեն Հայաստանում, հանուն դրա մենք պատրաստ ենք չկոտրվել, չհուսահատվել, չհիասթափվել։ Ես պատրաստ եմ, համոզված եմ, որ այստեղ գտնվող յուրաքանչյուր մարդ նույնպես պատրաստ է։ Հավատում եմ՝ դեռ մեզ չմիացած, տանը նստած շատ հայեր նույնպես պատրաստ են, և պետք չէ նրանց մեղադրել, որ լավ հայ չեն, անտարբեր են, չեն սիրում իրենց երկիրը, և ես հավատում ու համոզված եմ՝ դա պարզ մարդկային հոգեբանություն է։ Նրանք ուզում են համոզված լինել, որ այստեղ գտնվող  մարդիկ կգնան մինչև վերջ, ուզում են համոզված լինել, որ այստեղ գտնվող քաղաքական ուժերը կգնան մինչև վերջ։ Ես հավատում եմ, որ մենք բոլորս կգնանք մինչև վերջ»։

Ռեժիսորը ուրախությամբ նշեց՝ «միայն նախկինները չգան» թեման արդեն ոչ մի ազդեցություն չի թողնում ոչ մեկի վրա ու ասաց․ «Ոչ նախկին, ոչ ներկա․ տիեզերքից մարդ չի իջնի։ Ու, ամենակարևորը, ես անկեղծ հավատում եմ, որ դավաճանների իշխանության վերջը մոտենում է, ու պատճառն իմ ռեժիսորական օպտիմիզմը չէ։ Դուք չեք պատկերացնում՝ ինչ զգացմունք է այստեղ կանգնել ու տեսնել ձեզ։ Պատճառը դա է, մեր տղաներն ու աղջիկներն են, որ ամեն օր բողոքի գործողություններ են անում»։ Եզրափակելով ասաց՝ կա երկու տարբերակ՝ ավարտել ցինիկ կամ պաթետիկ ու հայտարարեց․ «ՔՊ-ականներ նայեք ու վախեցեք»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031