Ընդդիմադիր քաղաքական ուժերի անհնազանդության կոչերին միացած վանաձորցիները պահանջում էին ոչ միայն Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, այլեւ պահանջում էին, որպեսզի ազատ արձակվի «Մամիկոն Ասլանյան» խմբակցության ղեկավար Մամիկոն Ասլանյանը:
Ակցիայի մասնակիցները ճանապարհները փակելուց հետո երթով շարժվեցին դեպի Վանաձորի Արցախ պուրակ:
«Մեր հայրենի քաղաքում 6 ամսից ավելի է սահմանադրական կարգը տապալված է: Մեր քաղաքացիների նկատմամբ իրականացվում են ապօրինություններ: Քաղաքը կես տարուց ավելի է չի ղեկավարվում, չունի համայնքի ղեկավար: Օրենքով մեծամասնություն հավաքած համայնքի ղեկավարի թեկնածու Մամիկոն Ասլանյանն այսօր ձերբակալված է եւ գտնվում է կալանավայրում: Մեր բողոքի ակցիան նվիրված է մեր փոքր հայրենիքը պահպանելու, մեր հայրենի քաղաքը պահպանելու, եւ ի վերջո Արցախը եւ Հայաստանը պահպանելու»,- ասաց «Մամիկոն Ասլանյան» խմբակցության ավագանու անդամ Արթուր Օհանյանը:
Նա վանաձորցիներին կոչ արեց չմիանալ ստեղծված հակասահմանադրական գործողություններին, փոխարենը՝ միանալ իրենց: Քանի որ նրա խոսքով՝ կես տարուց ավելի է Վանաձորում հաստատվել են հակասահմանադրական կարգեր:
Կարդացեք նաև
Մարզկենտրոնում անհնազանդության ակցիաները կշարունակվեն նաեւ վաղը:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ