Այսօր լոռեցիները եւս միացան ընդդիմադիր քաղաքական ուժերի անհնազանդության կոչերին: Նրանք փակել էին Սպիտակ-Երեւան ավտոճանապարհը, նույնպես պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Բացի այդ «Հայաստան՝ ոտքի, Արցախ՝ ոտքի, հայ՝ ազգ ոտքի, Վանաձոր՝ ոտքի» վանկարկումներով ակցիայի մասնակիցները պահանջում էին նաեւ Մամիկոն Ասլանյանի ազատ արձակումը:
«Մենք հայրենիք չունենք թուրքին տալու, մենք թուրքի հետ բարեկամություն չենք անելու երբեք: Նրանք պատասխան են տալու ամեն կաթիլ արյան համար: Մենք մինչեւ վերջ պայքարելու ենք մեր Հայաստանի համար: Առանց Նիկոլ Հայաստան, առանց մոլախոտի Հայաստան»,-իր խոսքում նշեց «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ավագանու անդամ Գոռ Բադյանը:
Ակցիայի մասնակիցներին մոտեցան ոստիկանության աշխատակիցները՝ հորդորելով բացել նշված ճանապարհահատվածը: Սակայն հավաքվածները նշեցին, որ իրենք ճանապարհ կբացեն միայն այն ժամանակ, երբ իրենք ցանկանան. «Եթե մեր ձայնը լսելի չէ օրենսդրական դաշտում, եթե մեր ձայնը լսելի չէ դառնում այն բոլոր նորմերով, մենք ստիպված իրականացնում ենք սահմանադրական ակցիա, խաղաղ անհնազանդության ակցիա: Ընդամենը մեզնից մի քանի մետր վերեւ, 1918 թվականներին իրականացվել է Ղարաքիլիսայի ճակատամարտը: Որտեղ նույն լոռեցին, նույն վանաձորցին պատվով վռնդել է թուրքին Ղարաքիլիսայից, եւ այսօր ունենք Վանաձոր: Լոռեցու թասիբը նույնն է, ոչ մի բան չի փոխվել, մենք նույն թասիբով ու ջանասիրությամբ այս անգամ Հայաստանից վռնդելու ենք ներքին թուրքին, որպեսզի չկրկնվի Ղարաքիլիսիան, որպեսզի մենք ունենք այն Վանաձորը, որ արժանի է յուրաքանչյուր վանաձորցուն»,- ասաց «Հայրենիք» խմբակցության Վանաձորի ավագանու անդամ Վահե Դոխոյանը:
Կարդացեք նաև
Միեւնույն ժամանակ վանաձորցիների մի մասն էլ փակել էր Վանաձոր-Ալավերդի Մ6 ավտոճանապարհը: Որոշ ժամանակ անց ակցիայի մասնակիցները քայլերթով շարժվեցին դեպի Վանաձորի Արցախ պուրակ:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ