«Վստահ եմ, որ եթե իրենց միակ եւ իրական պահանջը չլիներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ապա «Զարթիր լաո» պատմական երգի շուրջ կդիմավորեին ավելի շատ ՀՀ քաղաքացիներ եւ հայեր»,-ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը՝ անդրադառնալով դիմադրության շարժման ժամանակ հնչող «Զարթիր լաո» երգին։
Բաքոյանի խոսքով՝ այն հայկական ժողովրդական երգ է, ժողովրդինն է եւ պատմական փաստի մասին է․ «Ժողովրդի վստահությունը սպառած քաղաքական խմբակների կողմից երգի օգտագործումը քաղաքական նպատակներով կարող է արժեզրկել երգի պահանջը, որովհետեւ վտանգ կա, որ կարող է ասոցացվել նրանց՝ զուտ իշխանության համար մղվող պայքարի հետ։ Այն հայկական է, հայ ժողովրդինն է, մի ասոսացրեք այն իշխանության համար մղվող նրանց միակողմանի պայքարի հետ»։
Պատգամավորի բնորոշմամբ՝ ընդդիմությունը չի կարող լինել իրական ընդդիմություն, որովհետեւ ՀՀ մեծամասնությունը չի վստահում իրեն․ «Պառակտում եք ժողովրդին»։ Հավելենք, որ ընդդիմադիր խմբակցություններից այսօր գրանցված պատգամավոր դեռեւս չկա, քվորումն ապահովվել է 64 ներկա պատգամավորներով․ դիմադրության շարժումը վաղ առավոտից Երեւանի փողոցներում շարունակում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի գործողությունները։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ