Լրահոս
Օրվա լրահոսը

Հիփոթեքային վարկավորումն աճել է 36%-ով, բիզնես վարկավորումը 5%-ով նվազել է

Մայիս 03,2022 19:40

2021 թվականին վարկավորման շուկայում արձանագրվել է ակտիվության աճ՝ հաջողությամբ հաղթահարելով 2020 թվականի շոկային ազդեցությունները, անցյալ տարվա երկրորդ կիսամյակից սկսած՝ վարկավորման բոլոր ոլորտներում գրանցվել են աճի միտումներ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։ Նրա փոխանցմամբ՝ հիփոթեքային վարկավորման ոլորտում անցած տարվա ընթացքում 36% աճ է գրանցել, բիզնես վարկավորումը 5%-ով նվազել է։

Թե՝ որն է պատճառը բիզնես վարկավորման նվազումը, Գալստյանն ասաց՝ ԿԲ դիտարկումների համաձայն, երկու ֆենոմեն է տեղի ունեցել անցած տարվա ընթացքում՝ հաճախորդների կողմից ավելի թույլ պահանջարկ է ներկայացվել վարկային պրոդուկտների նկատմամբ․«Որովհետեւ պայմանավորված տնտեսական զարգացումներով՝ որոշակի հաճախորդներ որոշել են հետաձգել հնարավոր ներդրումները կամ այլ ծրագրեր են ձեւավորել։ Երկրորդը՝ բանկային համակարգն ավելի խիստ պահանջներ է ներկայացրել վարկավորվող սուբյեկտների նկատմամբ։ Բայց ֆենոմենն էլի հիփոթեքային վարկավորման շուկան է, նաեւ փոխարժեքի ազդեցությունն է։ 2020 թվականին այդ վարկերը մեծ աճ են ունեցել, քանի որ կառավարության կողմից էլ ծրագրեր կային, որի արդյունքում 2021-ն ավելի մեծ բազայի վրա է եղել։

Ըստ Գալստյանի, անշարժ գույքի գներն ու հիփոթեքային վարկավորումը ցուցաբերել են աճի նմանատիպ միտումներ՝ դրսեւոորելով փոխլրացնող եւ միմյանց փոխսնուցող վարքագիծ։

Վարկային պայմանների թուլացման վերաբերյալ էլ Գալստյանը նշեց, որ ԿԲ-ն եռամսյակային կտրվածքով իրականացնում են վարկավորման պայմանների հարցում, որը վերաբերում է վարկերի ոչ գնային գործոնների թուլացման կամ խստացման դինամիկային․«2021 թվականի 4-րդ եռամսյակում կա վարկավորման պայմանների որոշակի նվազում, դա նշանակում է, որ բանկերի ռիսկերի ախորժակն է որոշակի աճել, ինչը ենթադրում է, որ դրան հաջորդող եռամյսակներում կարող է տեղի ունենալ վարկավորման աճի տեմպերի մեծացում։ Վարկային խորհուրդների գնահատմամբ՝ ստեղծվել է մի իրավիճակ, որ ՀՀ-ում կարելի է տրամադրել ավելի ռիսկային վարկեր նախորդ ժամանակաշրջանի համեմատ։ Այսինքն` տնտեսության կլանունակությունը մեծացել է, կան իրացվելի միջոցներ, որոնք կարող են ուղղվել վարկավորմանը։ Այս տարվա վարկավորման ցուցանիշները ցույց են տալիս, որ ամսական 1%-ի չափ վարկավորման աճ ունենք»։

2021 թվականին, ըստ Մարտին Գալստյանի, գյուղատնտեսությունում ռեզիդենտներին տրված վարկերն աճել են մոտ 12%-ով, իսկ այս տարվա առաջին երեք ամիսներին՝ աճել է 3,34%-ով։

Հիշեցնենք, որ ԿԲ խորհուրդն այսօր որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 9.25%: 2022 թվականի մարտին 12-ամսյա գնաճն ավելացել է եւ կազմել 7.4%: Ավելացել է նաեւ 12-ամսյա բնականոն գնաճը՝ կազմելով 7.0%:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031