Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Մամիջանյանի «մարգարեությունն» ու այսօր ՔՊ-ի ընթերցած «բազմաթիվ քաղաքացիների անունից պահանջագիրը»

Մայիս 03,2022 18:50

ԱԺ լիագումար նիստում այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանն ամբիոնից հայտարարեց, թե քիչ առաջ բազմաթիվ քաղաքացիներ իրենց են փոխանցել դիմում-պահանջագիր եւ խնդրել ընթերցել։

Ըստ առաջին պահանջի՝ քաղաքացիները ցանկանում են իմանալ՝ դեռ որքա՞ն են վճարելու այն պատգամավորներին, որոնք կոչված են ծառայել պետությանն ու ժողովրդին, բայց պարբերաբար բացակայում են, խուսափում կառավարության հետ հարցուպատասխանից։

Պահանջագրում, ըստ պատգամավորի ընթերցածի, նաեւ նշված է․ «Քանի որ մեր երկրում տեղի է ունեցել հոկտեմբերի 27՝ մինչեւ վերջ չբացահայտված ահաբեկչություն, եւ այս պահին ԱԺ երկու ընդդիմադիր ուժերի ղեկավարներն այդ ժամանակ եղել են ղեկավար պաշտոնների, հիմա նրանց ղեկավարած ուժերի ներկայացուցիչներ Հայկ Մամիջանյանը եւ Տիգրան Աբրահամյանը խոսում են, որ ունեն «մեկ կրակոցի հնարավորություն»՝ կոնկրետ ուղղությամբ, այն ուղղված է Նիկոլ Փաշինյանին, այս ամենը հաշվի առնելով՝ քաղաքացիներն ունեն խիստ անհանգստություն՝ նոր հոկտեմբերի 27-ի հրահրման կրկնության հետ կապված»։

Երրորդ պահանջով էլ ասվում է՝ Իշխան Սաղաթելյանը հնարավորինս պարզ պետք է մեկնաբանի, թե ինչ է նշանակում «ՀՀ-ում շարունակվում է Արցախի դրոշի հաղթարշավը»։ Պահանջագրի հեղինակները նաեւ հետաքրքրվել են՝ Ռոբերտ Քոչարյանը շարունակելո՞ւ է «մաշեցնելու ենք մինչեւ քոքը» արտահայտությունը․ նրանք դա «քայքայիչ» են որակել եւ կարծում են, որ ասվածն ԱԱԾ-ի տիրույթում պետք է լինի։

Հատկանշական է, որ պատգամավորը չմանրամասնեց՝ ովքե՞ր են պահանջագրի հեղինակները, քանի՞սն են ստորագրել։

Ուշագրավ է, որ դեռեւս ապրիլի 15-ին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը, երբ նույն խմբակցությունից Տիգրան Աբրահամյանի հետ միասին խոսել էր իշխանափոխության մասին ու հայտարարել, որ «ունեն մեկ կրակոցի հնարավորություն», ճեպազրույցին ներկա ԶԼՄ-ներից Civic.am-ը խնդրել էր պարզաբանել՝ ի՞նչ «մեկ կրակոց» նկատի ունեն ու ո՞ւմ է այն ուղղված լինելու։

«Նիկոլին»,-այդ ժամանակ արտաբերել էր Տիգրան Աբրահամյանը, իսկ Մամիջանյանը քմծիծաղել էր ու ասել․ «Ես հասկանում եմ, որ իշխանության կապույտ երազանքն է եւ այն պրոյկտվում է Civic.am-ի վրա, որպեսզի մենք զրկված լինենք անձեռնմխելիությունից․․․Ա․ այդ անձեռնմխելիության վրա մենք թքած ունենք, Բ․ դուք ինձանից չեք կարողանա կորզել մի բան, որից հետո կկարողանաք մեղադրել ինձ որեւէ հակապետական գործունեության մեջ։ Այլ բան էլ կարող եմ ասել, որն իշխանությունը կարող է ներառել իմ ապագա քրեական գործի մեջ։ Ինչպես նոր ասաց պարոն Աբրահամյանը, եւ ինչպես հայտարարել ենք նաեւ վերջին հանրահավաքի ժամանակ՝ հաշվի առնելով գործընթացները եւ իշխող խունտայի հակապետական եւ հակահայկական պահվածքը, խորհրդարանական ընդդիմությունն իրեն իրավունք է վերապահում հայ ազգի աջակցությամբ հակահայ իշխանությանը հեռացնել ցանկացած միջոցով»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031