«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյան այսօր ԱԺ լիագումար նիստում հայտարարեց, որ ռուսական «Ռոսսիա 24» հեռուստաալիքը, լուսաբանելով ներհայաստանյան անհնազանդության գործողությունները, ցուցադրել է կադրեր Ֆրանսիայում անհնազանդության գործողություններից, որոնց ժամանակ կիրառվել է արցունքաբեր գազ, իսկ ցուցարարների թիվը շատ ավելի մեծ է եղել։ Պատգամավորը հույս հայտնեց, որ հեռուստաալիքի խմբագրակազմը կարձանագրի աշխատանքային սխալը, այլապես նման սխալները ներքաղաքական շահարկումների առիթ են դառնում։
Ապա նա անդրադարձավ, իր խոսքով, ներկայաստանյան մեդիամանիպուլյացիաներին․ «Քաղաքական շրջանակները սպասարկող ԶԼՄ-ները փորձում են ուռճացնել փողոցային պայքարի մասշտաբները՝ նույն կադրերը վերագրելով տարբեր ժամերի եւ փորձելով ցույց տալ, թե հարյուր հազարավոր քաղաքացիներ փողոցում են։ «Ցուցարարների որոշ խմբեր ասում են, թե փակել են ժամեր շարունակ Տիգրան Մեծի պողոտան, մինչդեռ լուսանկարվում են կարմիր լույսի տակ՝ երթեւեկելի մասում։ Գաղտնիք չէ, որ համապատասխան ռակուրսից կարելի է ստեղծել բազմամարդության էֆեկտ, եւ դա հաստատ գիտեն ցույցի կազմակերպիչները եւ ցույցը լուսաբանող օպերատորները»։
Պատգամավորի խոսքով՝ մարդիկ տեսնում են, որ իրականությունն այլ է, որ ոչ՝ ԵՊՀ-ի 80%-ը դասադուլ չի անում, փողոցներում 100 հազարավոր մարդիկ չկան, ճանապարհները ողջ օրը փակ չեն մնում։ Չորս տարի համոզում էին, որ հեղափոխությունը տեխնոլոգիաների արդյունք էր, իսկ այսօր կրկնում են նույն տեխնոլոգիաները, բայց չի հաջողվում։ Չհասկացան, որ հեղափոխությունն ինքնորոշված քաղաքացու պայքարն էր ու հաղթանակը հրապարակներում»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ