Լրահոս
Օրվա լրահոսը

«Դարձել եք ոչ միայն «ոչմիթիզական», այլեւ վերբալ սպարապետներ, «հետ եք բերել» Հադրութն ու Շուշին»․ ՔՊ պատգամավոր

Մայիս 03,2022 18:26

«Քոչարյան-Սարգսյանի զույգի քաղաքական հենարան հանդիսացող խմբակցություններն այսօր այստեղ չեն, բողոքի ցույց են անում՝ անունը դրած Արցախի փրկություն։ Քաղաքացիները հոյակապ տեսնում են, թե ովքեր են նրանք եւ ինչ նպատակով են դա անում։ Հավատում եմ՝ կան մարդիկ, որոնք ցույցերին մասնակցում են առանց ուղղորդման, բայց խնդիրը սկսվում է այն ժամանակ, երբ բովանդակության բացակայությունը համառորեն քողարկվում է գրագողությամբ»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը։

«Առավոտից երեկո լսում ենք՝ «փրկենք Արցախը»։ Ձեր՝ Արցախը փրկելուն հավատացողներ դժվար լինեն, իսկ վերջին 20-30 տարում ՀՀ-ում եւ Արցախում ապրած մարդիկ ճաշակել են ձեր կառավարման «բարիքները» եւ կազմում են բնակչության մեծամասնությունը։ Հենց նրանք են ձեզ ասել՝ հեռացեք, մեզ էլ ասել են՝ եկեք եւ կառավարեք։ Պատերազմից հետո մենք իշխանությունը հետ ենք վերադարձրել ժողովրդին, որն էլ որոշել է, որ մենք առաջնորդելու ենք դեպի խաղաղություն ու զարգացում։ Խոսում եք Արցախը փրկելուց եւ չեք ասում, թե ինչպես։ Քանի՞ երես ունեք, որ պատերազմից հետո ուրանում եք ձեր «ոչմիթիզականությունը» եւ մեզ դավաճան ասում»,-հարցադրումներ արեց Հռիփսիմե Գրիգորյանը։

Նա շարունակեց․ «Հիմա եկել հարթակից դարձել եք ոչ միայն «ոչմիթիզական», այլեւ վերբալ սպարապետներ, «հետ եք բերել» Հադրութն ու Շուշին, «ծնկի բերել» Ադրբեջանին, բայց՝ Երեւանի կենտրոնում»։

Ինչ վերաբերում է գրագողությանը, Գրիգորյանը նշեց՝ կիրառում են 2018թ․-ի մեթոդները, բայց՝ թարս․ «Ե՞րբ էիք տեսել, որ ցույցի կազմակերպիչը ոստիկանին հայհոյի եւ սպառնա, կամ համախոհ չհավաքելու ձախողված փորձից ասի՝ «ջհանդամ միանաք»։ Այսինքն, լաոն չի զարթնում, ջհանդամ զարթնի՞։ Կամ Մանուկյան Գեղամ անունով դաշնակ պատգամավորն ուսանողներին ասում էր՝ եթե չմիանաք, թքեք ձեր երեսներին․․․չեք մտածե՞լ, որ ձեր ասած գործողությունը մարդիկ վաղուց արել են եւ այլ ուղղությամբ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Հ. Գ. Գեղամ Մանուկյանն իր ՖԲ էջում գրել է. «Այսօր քպ-ական մի պատգամավոր ինձ մեղադրել է իբր ուսանողներին ուղղված անհարգալից արտահայտություն եմ արել։ Սասունցու արմատներով, ցավոք հայրենադավ քաղաքական ուժին պատկանող նախկին հանրապետականը ստում է։ Իր թիմի գործելաոճին համապատասխան՝ ստում է։ Ուսանողության հասցեին նման խոսք չեմ հնչեցրել։ Իմ դեմ սրանց ուղղված ստերի շարանն ավելացավ նորով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031