Դիմադրության շարժման անհնազանդության գործողությունների ժամանակ Խանջյան փողոցից մայիսի 2-ին բերման էր ենթարկվել ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Իջևան-Երևան քայլերթի մասնակից Սուրեն Մանուկյանը։ Վերջինս Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ կողոսկրերի երկկողմանի կոտրվածք է ստացել։
Սուրեն Մանուկյանը հավելեց, որ չի տեսել հարվածողի դեմքը։ Գետնին են գցել 4-5 հոգով, մեկ ոտքով սեղմել գլուխը, ապա ուժգին հարվածներ հասցրել կողոսկրերին։
Ոստիկանության բաժին բերման ենթարկվելուց հետո՝ շտապօգնության մեքենան նրան տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ռենտգեն հետազոտությունից պարզ է դարձել, որ Մանուկյանն ունի կողոսկրերի երկկողմանի կոտրվածք։
Չնայած ստացած լուրջ վնասվածքներին՝ նախկին պատգամավորը հիվանդանոցից անմիջապես վերադարձել է ցուցարար ընկերների մոտ։
Բժիշկները զգուշացրել են հետագայում որևէ թեթև հարվածի դեպքում՝ կողոսկրից թոքը վնասելու հնարավոր վտանգի մասին։ Սուրեն Մանուկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ անկախ ամեն ինչից՝ շարունակելու է բողոքի ցույց անել ամեն օր։
Լուսանկարը` Սուրեն Մանուկյանի ֆեյսբուքյան էջից