Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հովհաննիսյան․ «Հայ-թուրքական կարգավորման գործընթացն իմիտացիայի տպավորություն են ստեղծում»

Մայիս 03,2022 18:14

Ermenihaber. Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների նշանակմամբ սկսված հայթուրքական երկխոսության գործընթացը բազմակողմանիորեն ներկայացնելու համար Ermenihaber.amը շարունակում է հարցազրույցների շարքը Թուրքիայի ու Հայաստանի քաղաքականհասարակական գործիչների, գիտնականների ու փորձագետների հետ։

Այսպիսով հայ և թուրք ընթերցողների դատին ենք հանձնում հիշյալ գործիչների տարասեռ տեսակետները հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։

Այս անգամ հարցեր ենք ուղղել Հայթուրքական հաշտեցման հանձնաժողովի (Turkish-Armenian reconciliation commission- TARC) անդամ, արևելագետ, պրոֆեսոր Դավիթ Հովհաննիսյանին:

Թուրքիայի և Հայաստանի միջև առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ խնդիր է ցանկանում Թուրքիան լուծել հարաբերությունների կարգավորմամբ:

– Թուրքիայի ինչի՞ն է պետք հարաբերությունների կարգավորումը: Այդ հարցի պատասխանը չկա դեռ: Կան մակերեսին գտնվող պատասխաններ, որոնք դժվար թե լիովին մեզ բավարարեն: Մակերեսին գտնվող պատասխանի 2 տարբերակ կա: Պատերազմից հետո Թուրքիան գնահատում է, որ Ադրբեջանն արդեն իր նպատակին հասել է, այսինքն՝ Ադրբեջանի կողմից դիմադրություն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը առանձնապես ուժեղ չի լինի, ինչը կարելի է և հաշվի չառնել: Սա մի տարբերակ:

Երկրորդ տարբերակն այն է, որ պարտության հետևանքների օգտագործումը հնարավորինս ավելի արդյունավետ կլինի Թուրքիայի համար ավելի պոզիտիվ մթնոլորտում: Այս երկու տարբերակները կան, որոնք, ինչպես ասացի, մակերեսին գտնվող պատասխաններն են: Մյուս կողմից, երբ ավելի լայն հորիզոններում ենք փորձում վերլուծել խնդիրը, ապա նորից նույն հարցն է՝ արդյո՞ք հայ-թուրքական հարաբերությունները վերաբերում են Հայաստանին, թե՞ ավելի շատ վերաբերում են թուրք-ամերիկյան, թուրք-ռուսական, թուրք-եվրոպական հարաբերություններին: Պատասխանն այստեղ, բնականաբար, երկրորդն է, որ Հայաստանը, որպես իրավիճակի վրա ազդող լուրջ խաղացող չի գնահատվում Թուրքիայի կողմից: Ուստի, այս տեսանկյունից շատ ավելի կարևոր են այն հնարավոր օգուտները, որ Թուրքիան կարող է քաղել կարգավորումից ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ԵՄ անդամ առանձին երկրների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի հետ իր հարաբերություններում: Այստեղ կրկին թուրք-ռուսական հարաբերությունների խնդիրն է շատ արդիական դառնում, որովհետև տրամաբանական կլինի ենթադրել, որ Թուրքիայի ղեկավարությանը բացարձակապես չի կարող դուր գալ ռուսական ներկայությունը թե՛ հայ-թուրքական սահմանի վրա՝ որպես ռազմաբազա և սահմանապահներ, թե՛ Արցախի տարածքում՝ որպես խաղաղապահներ:

Եթե այս տեսանկյունից դիտարկենք, ապա ի՞նչ է հնարավոր ենթադրել, որ գուցե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հնարավորություն կտա այս հարցերի հետ կապված որոշակի դիրքորոշման փոփոխության գնալ: Այսինքն՝ փորձում ենք նույն հարցին պատասխանել, թե Թուրքիայի ինչին է պետք այս ամենը:

Լրիվ հասկանալի է, թե ինչու է դա պետք ԱՄՆ-ին՝ տարիներ շարունակ շատ հետևողականորեն ձգտում է այս հարցում ինչ-որ առաջխաղացումների: Լիովին հասկանալի է, թե ինչու սա պետք չի Ռուսաստանին: Գոնե այն Ռուսաստանին, որը կար 5 տարի առաջ: Ներկայիս պայմաններում դժվար է ասել, թե ինչ է իրենց պետք: Հասկանալի է ԵՄ-ի համար սա նույնպես դրական քայլ կլիներ՝ սահմանների բացում, տրանսպորտային զարկերակների և կապուղիների գործարկում: Այս ամենը, ինչը շատ հասկանալի է:

Դուք ժամանակին ներգրավված եք եղել հանձնաժողովում, որը հանրային դիվանագիտության միջոցով փորձում էր շոշափել կարգավորման հնարավորությունը: Այս առումով քաջածանոթ եք հայթուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացների նրբություններին: Ի՞նչ բովանդակային տարբերություն կա այս ու նախորդ գործընթացների միջև

– Ոչ միայն հայ-թուրքական հանձնաժողովում, այլև նման պրոյեկտներում միշտ փորձել եմ իմ ուժերի չափով օգտակար լինել, քանի որ կարծել եմ Հայաստանի անվտանգության տեսանկյունից Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը և անվտանգության ոլորտում պայմանագրերի ձևավորումը մեզ համար ձեռնտու կլինի: Սակայն այստեղ, ինչպես բոլոր հարցերում սատանան մանրամասներում է՝ ի՞նչ պայմաններ ունի այդ ամենը:

Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովը շատ կարևոր միջոցառում էր, գործընթաց էր և շատ լուրջ փորձ էր, որովհետև նախ կարմիր գծերի շոշափում տեղի ունեցավ և բացի դրանից առաջին իրավական փաստաթուղթը ցեղասպանության հետ կապված հնարավոր եղավ ստեղծել: Հիմա այն հիմք է հանդիսանում տարբեր ատյաններում այս հարցի քննարկման համար: Այստեղ շատ կարևոր էր նաև, որ մենք կարողացանք սադրել քննարկում ցեղասպանության հետ կապված և՛ մեր հասարակությունում, և հատկապես թուրքական հասարակությունում, որովհետև տաբուացված հարցեր էին դրանք: Այնպես որ, այդ փուլը շատ կարևոր էր, ցավոք սրտի, դրանից հետո այնքան բան տեղի ունեցավ, որ այդ փուլը, այդ գիծը չշարունակվեց:

Ինչ վերաբերում է գործընթացների միջև տարբերությանը, ամբողջ աշխարհաքաղաքական իրավիճակն է փոխվել, և ուժերի հավասարակշռությունն է փոխվել: Եթե այն ժամանակ բավականին կայուն իրավիճակ էր, և 2000-ականների սկզբներին նոր պատերազմի մասին խոսելը նույնիսկ իմաստ չուներ, ապա հիմա այն արդեն տեղի է ունեցել։ Բացի դրանից, պատերազմի ընթացքում պարզվեց, որ մենք ընդհանրապես դաշնակից չունենք, պարզվեց նաև, որ այս խնդիրը բացի մեզնից ոչ մեկին չի հուզում: Մեզ ասելով՝ նկատի ունեմ Հայաստանին, Ադրբեջանին և Արցախի բնակչությանը, մյուսներին հարցը հետաքրքրում է այնքանով-ինչքանով: Պարզվեց նաև, որ մենք առանձնապես չէինք պատկերացում աշխարհում նշանակություն ունեցող գործընթացների ընթացքը, առանձնապես չենք հասկանում: Այս ամենը բնականաբար անջատում է այն ժամանակաշրջանը այս նոր փուլից: Տարբերությունները հսկայական են:

Նման գործընթաց, եթե հիմա մենք սկսենք, արդեն այլ հոգեբանությամբ և այլ դիրքերից ենք սկսելու՝ նկատի ունեմ հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի նման գործընթացը: Ես, օրինակ, երկխոսության կմասնակցեի, բայց նման լուրջ գործընթացի չէի մասնակցի: Չէի ասի, թե հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի արդյունքները զրոյականացված են, որովհետև, այնուամենայնիվ, և՛ փորձ կա, և՛ փաստաթղթեր, բայց անշուշտ մոտեցումները հիմա այլ են և դիրքերն են փոխվել:
Կողմերն ընդգծում են, որ գործընթացն առանց նախապայմանների է: Ըստ Ձեզ՝ արդյո՞ք այդպես է: Եթե ոչ, արդյո՞ք ռիսկ տեսնում եք, որ հետագայում որևէ հարմար պահի ԹՀն սեղանին կրկին նախապայմաններ կդնի։

– Իմ կարծիքով, քանի մենք առաջին հարցին, թե Թուրքիայի ինչին է սա պետք, չենք պատասխանել, մենք պարտավոր ենք գնահատել ամբողջ գործընթացը՝ որպես իմիտացիոն: Եթե իմիտացիոն չլինի, այնտեղ ամեն ինչ շատ հեշտ է: Այնտեղ խնդիր չկա, կա ստանդարտ արձանագրություն դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին, որը երկուստեք հաստատվում, ստորագրվում է և վերջ՝ առանց տարբեր վավերացումների և այլնի: Եթե այդ առաջարկը չկա, ապա ի՞նչ է քննարկվում: Ես չեմ հասկանում քննարկման նյութը, եթե նախապայման չկա:

Թուրքական կողմի պաշտոնական հռետորաբանության բոլոր մակարդակներում ընդգծվում է գործընթացն Ադրբեջանի հետ համակարգելու հանգամանքը։ Ի՞նչ դեր ունի Ադրբեջանն այս գործընթացում:

– Սա, ինձ համար ևս մեկ վկայություն է (գուցե ես շատ սուբյեկտիվ եմ այս հարցում) այն մասին, որ գործընթացը իմիտացիոն բնույթ է կրում: Բացառությամբ 2000թ. բանակցություններից, ես միշտ լսել եմ ադրբեջանական գործոնի մասին, որ այն շատ կարևոր է, շատ ազդեցիկ է Թուրքիայի քաղաքականությունը որոշելու առումով: Անհեթեթություն է իմ տեսակետից, բայց շատ լավ վաճառվող է:

Օրինակ՝ Ցյուրիխի արձանագրությունների չվավերացնելը լուրջ տնտեսական և քաղաքական օգուտներ բերեց Թուրքիային: Ադրբեջանից շատ բաներ ստացավ: Իրենք միանգամից ասում են, որ քայլ առ քայլ գնում են, ինչն անհասկանալի է ինձ համար, և խորհրդակցություններ են անցկացնում Ադրբեջանի հետ: Սա հնարավորություն է, որ ինչ-որ մի պահից ասեն, որ ադրբեջանական կողմը դեմ է, չի ցանկանում, մենք էլ պետք է հաշվի առնենք: Սա արվում է ամերիկացիների համար, մեզ համար չէ:

Ուկրաինական ճգնաժամի մեկնարկից հետո հայթուրքական գործընթացում որոշակի դանդաղում է նկատվում: Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ներկա աշխարհաքաղաքական լարվածությունը մեր տարածաշրջանի վրա ընդհանրապես և հայթուրքական գործընթացի վրա մասնավորապես:

– Բնականաբար, այդպես է, որովհետև Ռուսաստանը թուլանում է: Ռուսաստանի գործոնը կարելի է արդեն քիչ հաշվի առնել: Թուրքիայում զուտ այժմեական նշանակություն ունեցող կարևոր հարցը կա՝ ընտրությունները: Էրդողանի վիճակը երկրի ներսում այդքան էլ կայուն չէ, ուստի, իրեն պետք են ինչ-որ ձեռքբերումներ:

Դրանցից ամենակարևորը կլինի Թուրքիայի միջազգային դերը հաստատող ձեռքբերումը՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև նրա միջնորդությունը, որը շատ կարևոր է թուրքական կողմի համար: Որպեսզի այս միջնորդությունը չբարդացվի արտաքին ինչ-որ հանգամանքներով, հայ-թուրքական գործընթացը դադարեցվում է: Սա շատ պարզ է, որ լրացուցիչ բարդություններ չլինեն: Սա իրենց հիմնական արտաքին քաղաքական խաղադրույքն է, որ Էրդողանի համար շատ կարևոր է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031