44-օրյա պատերազմում զոհվածների հարազատները գլխավոր դատախազության շենքի առջեւ բավականին երկար կանգնած սպասում էին, որ համակարգի մի որեւէ իրավասու անձ կիջնի եւ կպատասխանի, թե ի՞նչ ընթացք է տրվել դեռ ապրիլի 26-ին ներկայացրած Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին իրենց դիմումին:
Բավականին երկար ընդմիջումներով ծնողներին մոտեցան չորս անձինք, որոնցից ոչ մեկը, սակայն, չկարողացավ կամ իրավասու չէր պատասխանել միակ հարցին. իրենց միջնորդությամբ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցվե՞լ է, թե՞ ոչ: «Այս շենքում են աշխատում, բայց դողում են: Նենց մարդ թող գա, որը չվախենա ու կարողանա մեր հարցերին հստակ պատասխանել. Նիկոլ Փաշինյանը ներգրավվա՞ծ է որպես մեղադրյալ»,-պահանջում էին զոհվածների հարազատները:
Իսկ Կարին Տոնոյանը հայտարարեց. «Հայաստանի գլխավոր դատախազության աշխատակիցը վախից դողալով չկարողացավ մեր հարցին պատասխանել: Մենք ընդամենը ծնող ենք, որոնք ունեն հարցեր: Այս պետությունում մեկը չկա, որ չվախենա: Անգամ իրենց գործառույթը բացատրելիս ծնողների առջեւ կանգնած դողում են: Այդ դողէրոցքը ավելանալու է: Արթուր Դավթյան, ամբողջ կյանքումդ դողէրոցքի մեջ ես լինելու»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ