Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Հասկանում եմ`աշխատում եք այնպիսի որոշում չկայացնել, որը դուր չի գա քաղաքական իշխանությանը, բայց այդ աստիճան անթաքույց ձևով չի կարելի օրենքը տրորել ու անցնել». Հայկ Ալումյանը՝ Աննա Դանիբեկյանին

Մայիս 03,2022 18:02

«Խնդրում եմ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ»,-Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ընթացող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստի ընթացքում այսպիսի միջնորդություն ներկայացրեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը:

Նա միջնորդության հիմքում դրեց մի շարք անհասկանալի, չհստակեցված հանգամանքներ, որոնք կան մեղադրանքում: Ու հայտարարեց. «Մեղադրանքը հստակ չէ, այն թույլ չի տալիս հասկանալ՝ կոնկրետ ինչ արարքի կատարման համար է մեղադրվում Ռոբերտ Քոչարյանը: Մեղադրողի այն հայտարարությունը, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է կաշառք ստանալու համար, չի կարող համարվել պատշաճ մեկնաբանություն մեղադրանքի, քանի որ դա վերջնական իդեալական գնահատական կարող է լինել, ոչ թե արարքի նկարագրություն և հակասում է Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշմանը: Նշված չէ՝ այդ արարքը կատարելու հարցում կա՞ դիտավորություն: Այն նկարագրությունը, որը տվել է վարույթն իրականացնող մարմինը մեղադրական եզրակացության մեջ, չի համապատասխանում որևէ հանցակազմի հատկանիշներին:

Ռոբերտ Քոչարյանի առաջադրված մեղադրանքը քրեաիրավական տեսանկյունից խնդրահարույց է, առաջադրված մեղադրանքը պարունակում է տարընթերցումներ կաշառքի ենթադրյալ ստացման ժամանակագրության վերաբերյալ: Ըստ մեղադրանքի՝ ընդհանուր կաշառքի մեկ երրորդ մասը՝ 1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար, ստացվել է այն ժամանակ, երբ պարոն Քոչարյանը չի զբաղեցրել ՀՀ նախագահի պաշտոնը: Մյուս մասի ստացման ժամկետի մասին առկա չէ տվյալ: Նման մոտեցումն անթույլատրելի է: Նման անշտկելի թերությունները եզակի չեն: Ի՞նչ տրամաբանությամբ կարելի է ասել, որ ստացել է կաշառք, եթե չի հանդիսացել պաշտոնատար անձ:

Հայտնում եմ, որ դատավարական այդօրինակ անշտկելի թերության հետևանքը պետք է լինի գործի վարույթի կարճումը, ամբաստանյալի նկատմամբ հետապնդման դադարեցումը: Դա պետք է կատարվի առանց ապացույցների հետազոտման իրականացման, քանի որ քրեական գործում առկա չէ, չի կարող լինել այնպիսի ապացույց, որի ուսումնասիրությունը կլրացնի մեղադրական եզրակացության անհստակ բնույթը: Դատարանը և դատավարության կողմերը չեն կարող անցնել դատավարության հաջորդ փուլ՝ գտնվելով մեղադրանքի տեքստի նկատմամբ ենթադրությունների և կռահումների դաշտում»:

Աննա Դանիբեկյանը որոշեց այս միջնորդությունը ևս թողնել առանց քննության և պատճառաբանեց. «Ոչ ժամանակին հարուցված միջնորդությունը դատարանը թողնում է առանց քննության: Նշված հարցերը տվյալ փուլում չեն կարող դատարանի քննության առարկա դառնալ»:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն էլ հայտարարեց. «Ոչ դատարանն է ասել, որ մեղադրանքը պարզ է, ոչ էլ մեղադրողները: Եթե մեղադրանքը պարզ չէ, դատարանն իրավունք չունի այդ մեղադրանքով գործ քննել, քանի որ ձեզ էլ պարզ չէ: Եթե պարզ լիներ մեղադրանքը, մեր միջնորդության վերաբերյալ որոշման մեջ կասեիք, որ մեզ պարզ է, մինչդեռ ասել եք, որ դատարանը գործիքակազմ չունի, մեղադրանքի մեկնաբանության պարտականություն չունի»:

Հայկ Ալումյանը հայտարարեց՝ իրենց պաշտպանյալին այսպիսով զրկում են պաշտպանվելու իրավունքից ու, դիմելով Աննա Դանիբեկյանին, ասաց. «Հասկանում եմ, որ հիմա ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ դատավորն աշխատում է այնպիսի որոշում չկայացնել, որը դուր չի գա քաղաքական իշխանությանը, և կարող է դրա համար զրկվել իր պաշտոնից, կալանավորվել: Ես դա հասկանում եմ, մենք նման բաներ տեսել ենք: Ձեզ հասկանում եմ, Ձեր իրավիճակն էլ, բայց այդ աստիճան անթաքույց ձևով չի կարելի օրենքը տրորել ու անցնել»:

Այս ելույթից հետո Աննա Դանիբեկյանը սահմանափակեց Հայկ Ալումյանի ելույթը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031