«Ձեր ներկայացրած թվերը սաստիկ մտահոգիչ են եւ ոչ նոր։ Վաղուց ենք լսել։ Բանը հասել է նրան, որ դպրոցների տարածքներից է տեղեկատվություն գալիս։ Խոսքը մասնավորապես սինթետիկ թմրամիջոցների մասին է։ Ագրավվածից տասնապատիկ անգամ ավելի կարող է լինել թմրամիջոցների շրջանառությունը։ Գիտեմ, որ անհնար է բոլորին բռնել, բայց երկրին պետք է նոր ռազմավարություն՝ սկսած կրթական համակարգից, վերջացրած առողջապահությունով։ Ծնողներից սկսած՝ բոլորը պետք է իմանան»,-ԱԺ լիագումար նիստում այսօր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Ցիրունյանը՝ անդրադառնալով դատախազության 2021թ․-ի տարեկան զեկույցում թմրամիջոցների ապօրինի շրջանառության մասին տվյալներին։
«Սա ծնում է թմրամոլություն, խաղամոլություն, հանցագործություն։ Հատկապես սինթետիկ թմրամիջոցների առքուվաճառքը հիմա շատ է հեշտացել էլեկտրոնային դրամապանակների միջոցով»,-բարձրաձայնեց պատգամավորը։
Արթուր Դավթյանը պատասխանեց, որ անգամ զարգացած երկրներն են նոր ռազմավարություններ մշակում, բայց ինքը կարծում է, որ նման հանցատեսակի դեմ ինչ մեխանիզմ էլ մշակեն (իսկ մշակել միշտ է պետք), ամենակարեւորը մնում է դաստիարակության միջոցը․ «Հանրությունն ընդգծված մերժողական դիրքորոշում պետք է ցուցաբերի։ Այո, հատկապես անչափահասների ներգրավվածությունը հասկանալի է։ Ամեն հայ մարդ իր ընտանիքում, ուսուցիչը՝ դպրոցում, պաշտոնյան՝ պետական հաստատությունում, պետք է մերժողական, պարսավելի վերաբերմունք ունենան այս խնդրի հանդեպ»։
Հայկ Ցիրունյանն արձանագրեց․ «Բանը հասել է անգամ մանկահասակներին։ Տեղեկություն կա, որ մետամֆիտամինը հեշտությամբ տարածվում է։ Դպրոցներում թեստեր պետք է լինեն, որ կախվածությունը ժամանակավոր թաքուն պահել չլինի, այլապես սա վատ բանի է տանելու»։
Կարդացեք նաև
Արթուր Դավթյանն արձագանքեց, որ լուծումները փորձում են մշակել միջազգային փորձի հիման վրա․ «Առողջապահական համակարգը եւս մեծ անելիք ունի»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ