Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցներն այսօր անվասայլակներով փակել էին Հերացի փողոցը: Պատերազմի մասնակիցները, որոնք քաղաքացիներին եւս կոչ էին անում միանալ իրենց, հայտարարում էին, որ չեն ցանկանում, որպեսզի իրենք եւ իրենց երեխաներն ապրեն «թուրքի հետ»: Նրանք պահանջում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
«Ով ցանկանում է թուրքի հետ ապրել, թող գնա Բաքու ու Ալիեւի հետ ապրի»,-նշում էին տղաները:
Քաղաքացիների ու պատերազմի մասնակիցների միջեւ վեճ բռնկվեց: Անցորդները պահանջում էին ճանապարհը բացել, քանի որ ով ուզել է միանալ բողոքի ցույցերին՝ արդեն միացել է, իսկ ով չի ուզում՝ պետք է չխոչընդոտեն նրանց ճանապարհն ու չպարտադրեն միանալ: Մի տղամարդ սկսեց բղավել պատերազմի մասնակիցների վրա՝ նշելով՝ «ճամփա փակող տղա ես գնա, թուրքի դեմը փակի»:
Հավաքվածները սկսեցին պաշտպանել 44-օրյայի մասնակիցներին՝ նշելով, որ նրանք «թուրքի ճանապարհն են փակել», որ այսօր անվասայլակի վրա են:
Տղաները նշեցին, որ բողոքի ցույցը շարունակելու են, որքան պետք լինի:
Ավելի ուշ ոստիկանների հորդորով նրանք բացեցին ճանապարհը։
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ