Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Վարդանյանը նշել է՝ տնտեսական համագործակցության մակարդակը զիջում է քաղաքականին. Ֆրանսիայի Սենատի  բարեկամական խումբը հյուրընկալվել է խորհրդարանում 

Մայիս 03,2022 16:59

Կարեւորում եմ երկու ժողովուրդների ավանդական ջերմ բարեկամությունը եւ բարձր եմ գնահատում հայ-ֆրանսիական բազմակողմ հարաբերությունների ներկա մակարդակը. ընդգծել է ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը Հայաստան ժամանած Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը:

Հանդիպմանը մասնակցել են բարեկամական խմբի անդամներ Էդուարդ Աղաջանյանը, Բաբկեն Թունյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Արթուր Դավթյանը, Լիլիթ Մինասյանն ու Արմեն Խաչատրյանը:

Բարեկամական խմբի ղեկավարն անդրադարձել է միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը՝ նշելով, որ խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունները թեպետ սահմանափակ են, սակայն հաճախ պաշտոնական դիվանագիտությունից ավելի ճկուն են, կարող են առաջ մղել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող շահերն ու խնդիրները:

Վլադիմիր Վարդանյանը բարեկամական խմբի անունից երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի Սենատին 44-օրյա պատերազմի ընթացքում աջակցության եւ Արցախի ճանաչումը պահանջող բանաձեւի ընդունման համար: Խոսելով մեր երկրի արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններից՝ բարեկամական խմբի ղեկավարն ընդգծել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի` Ֆրանսիայի դերակատարությունը: Նա բարձրացրել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների եւ գերեվարված այլ անձանց հայրենադարձման խնդիրը՝ ակնկալելով այս հարցում ֆրանսիացի գործընկերների աջակցությունը:

Միջազգային կազմակերպություններում համագործակցության խորացման առումով կարեւորվել է երկկողմ դիրքորոշումների ներդաշնակեցումը: Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ տնտեսական համագործակցության մակարդակը զիջում է քաղաքականին եւ կարեւորել հատկապես Հայաստանի ու Ֆրանսիայի համայնքների եւ մարզերի միջեւ կապերի աշխուժացումը: Բարեկամական խմբի ղեկավարն առանձնահատուկ նշել է երկու ժողովուրդների մշակութային ընդհանրություններն ու համատեղ ծրագրերը:

Ժիլբեր-Լյուկ Դըվինազը նույնպես անհրաժեշտ է համարել հայ-ֆրանսիական փոխգործակցության առավել ակտիվացումը` այս հարցում ընդգծելով միջխորհրդարանական կապերն ու հատկապես բարեկամական խմբերի դերը: Առանձնահատուկ է համարվել այն դերակատարությունը, որն ունի ֆրանսահայ համայնքը երկկողմ բարեկամության ամրապնդման գործում: Բարեկամական խմբի ղեկավարն ընդգծել է 2021թ. նոյեմբերին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի` Ֆրանսիա այցի ընթացքում վերաստորագրված Ֆրանսիայի Սենատի եւ Հայաստանի Ազգային ժողովի միջեւ համագործակցության համաձայնագրի կարեւորությունը:

Բարեկամական խմբի անդամները մանրամասներ են ներկայացրել տարածաշրջանում խաղաղության օրակարգի առաջմղման վերաբերյալ, անդրադարձել միջազգային խորհրդարանական հարթակներում արդյունավետ փոխգործակցությանը: Կարեւորվել է Արցախի խնդրի կարգավորումը եւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատումը: Տնտեսական կապերի աշխուժացման համատեքստում նշվել է, որ մեր երկրում ֆրանսիական կապիտալով բազմաթիվ ընկերություններ են գործում, եւ պետք է քայլեր ձեռնարկվեն այդ ոլորտում հարաբերությունները սերտացնելու ուղղությամբ:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031