ԱԺ գլխադասային հանձնաժողովը հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածու Գոհար Մամիկոնյանին։ ԱԺ լիագումար նիստում այսօր նրա թեկնածության հարցի քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Բաբայանը, ներկայացնելով նրա թեկնածությունը, տեղեկացրեց, որ Գոհար Մամիկոնյանը միջազգային հարաբերությունների եւ հանրային կառավարման մասնագետ է, կրթության ոլորտի կազմակերպման, որակի ապահովման եւ չափորոշիչների սահմանման աշխատանքներում բազմամյա փորձ ունի։
Բաբայանի փոխանցմամբ՝ մինչեւ 2021թ․-ը Մամիկոնյանը եղել է ԿԳՄՍ նախարարի խորհրդական, մինչեւ այս պահը նախարարությունում վարչության պետ է․ «Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր-անդամ է։ 2018թ․-ից զբաղեցնելով հանրային եւ քաղաքացիական ծառայության պաշտոններ ԿԳՄՍՆ-ում՝ աչքի է ընկել համառությամբ, աշխատասիրությամբ, նպատակասլացությամբ։ Կարեւոր է նշել, որ նա աչքի է ընկել նաեւ քաղաքական զսպվածությամբ՝ որեւէ կերպ չչարաշահելով իր պաշտոնն ու քաղաքական դիրքորոշումը։ Սա թույլ է տալիս եզրակացնել, որ թեկնածուն առաջադրվող պաշտոնում նույնպես կարող է հետեւողական լինել քաղաքական զսպվածության պահանջին եւ կատարել ի պաշտոնե ամրագրված պահանջները»։
Թեկնածուի զեկույցը լսելուց հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հետեւյալ հարցը հղեց․ «Չգիտեմ որքանով է կապված ոլորտի հետ, որին հավակնում եք, բայց․․․շատ հեռուստաալիքներ ունեն «Բարի լույս Երեւան» կամ «Բարի լույս Հայաստան» հաղորդում, որը վերջանում է 12:00-ին։ Անգամ տասներկուսին մեկ րոպե պակաս հաղորդավարներն ասում են՝ բարի լույս, Երեւան․․․մշակույթ են կրում եւ սերմանում, 12-ից 1 կամ 15 պակաս կարելի՞ է ասել «բարի լույս Երեւան»։
Գոհար Մամիկոնյանը շնորհակալություն հայտնեց «կարեւոր հարցի համար» եւ ասաց․ «ԶԼՄ-ները մշակույթ են տարածում։ Դուք խոսույթ եք մեջբերում, որն օգտագործվում է եթերում, եւ օրվա տվյալ ժամանակահատվածը հաշվի չի առնվում։ Կդժվարանամ ասել, որ ՀՌՀ-ն նման խնդրի համար կարգավորում ունի, բայց իմ խորին համոզմամբ՝ նման հարցը համագործակցության դաշտում պետք է լուծել։ Վստահ եմ, որ հաղորդաշարերի հեղինակները կըմբռնեն խնդրի էությունը»։
Կարդացեք նաև
Ապա Հովիկ Աղազարյանը կոչ արեց նման հաղորդումները սկսել 06.30-ին եւ ավարտել 10:00-ին։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ