Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք չենք ասում, որ գալիս ենք Թուրքիային ու Ադրբեջանին պատերազմ հայտարարենք, դադարեցնենք բանակցությունները». Իշխան Սաղաթելյանը՝ Արցախի հարցի իրենց լուծման մասին

Մայիս 03,2022 16:15

Ընտրություններն արդեն եղել են, հիմա ի՞նչ է ուզում ընդդիմությունը. «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն այսօր ասուլիսում պատասխանեց իշխանականների այս հարցադրմանը. «Ընտրություններին ինքը խաբելով վերարտադրվել է, ժողովրդին խոստացել է անվտանգություն, խաղաղություն, կայունություն: Անցել է 9 ամիս, ո՛չ խաղաղություն կա, ո՛չ անվտանգություն կա, թշնամին շարունակում է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիան, 42 կմ խորությամբ մեր տարածքում է գտնվում, ունենք զոհեր, կորուստներ: Հիմա այդ ամեն ինչին ավելացել է եւս մեկ բան՝ ասում է, որ Արցախի անկախության ինքնորոշման նշաձողը պետք է իջեցնենք, այսինքն, գնում է Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու: Բայց իր նախընտրական ծրագրում ինքը այդ մասին չի խոսել, ընդհակառակը, խոսել է ինքնորոշման մասին: Հետևաբար` իրենք լեգիտիմ չեն, իսկ ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքն է դուրս գալ փողոց ու իշխանությունից վռնդել այն մարդկանց, ովքեր երկիրը եւս մեկ անգամ փորձում են տանել կապիտուլյացիայի»:

Հարցին՝ ձեր առաջարկը ո՞րն է, դուք ի՞նչ եք առաջարկում, արդյոք դուք լինեք իշխանության, միջազգային հանրությունը, որն այսօր Արցախի կարգավիճակի հարցում ակնկալում է նշաձողի իջեցում, այդ ակնկալիքը չի՞ ունենալու, ձեր լուծումը ո՞րն է Արցախի հարցում՝ Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. «Նախ, որ ասում է միջազգային հանրություն, միջազգային հանրությունը նման բան չի ասում: Դա ասում են Ալիեւն ու Էրդողանը, այդտեղ էլ է խաբում: Երբ միջազգային հանրությունը տեսնում է, որ ծնկի եկած ու պարտված ղեկավար ներկայացնում է երկիրը, այդ մարդու հետ այդպես են խոսում: Մենք ասում ենք՝ ժողովուրդ ջան, ելք կա, դա հնարավոր է ու դա նոր պատերազմ չի բերելու: Մենք երբեք չենք ասում, որ գալիս ենք Թուրքիային ու Ադրբեջանին պատերազմ հայտարարենք, դադարեցնենք բանակցությունները, կամ նոր պատերազմ բերենք: Ընդհակառակը, մենք ասում ենք՝ գալիս ենք բերելու արժանապատիվ խաղաղություն: Նիկոլն ասում է՝ բանակ չունենք, միջազգային հանրությունը մի բան է ուզում, ամեն ինչ ավարտված է: Մենք էլ ասում ենք՝ մեր պատմության ընթացքում շատ ծանր իրավիճակներում, հաճախ բերում եմ 92 թվականի, 98-ի օրինակը, մեր ժողովուրդը ցույց է տվել, որ կարելի է չզիջել ու խաղաղ զարգանալ: Դուք ասում եք՝ հնարավոր չի, մենք ասում ենք՝ հնարավոր է»:

Լրագրողները ճշտեցին՝ որ գաք իշխանության, ի՞նչ եք անելու, ձեր քայլերը որո՞նք են լինելու՝ Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. «Արդյունավետ կառավարում, բանակի սպառազինության վերականգնում, բանակի վերականգնում: Շատ կոնկրետ օրինակ ասեմ՝ Երեւան քաղաքում իրենք զբաղվում են Երեւանի քաղաքապետի ընտրությամբ, մի քանի միլիարդ պետական միջոցներից ու վարկային միջոցներից հայտարարել են, որ կառուցվելու են ճեմուղիներ, վերելակներ, բայց մեր երկիրը պատերազմի մեջ է: Արդյոք պետք է վերանայվի մեր երկրի պետական ծախսերը, ուղղվի դեպի պաշտպանություն: Բայց իրենց հետաքրքիր չի դա, իրենց հետաքրքիր է Տիգրան Ավինյանին Երեւանի քաղաքապետ դարձնել, այլ ոչ թե Վարդենիսը, Սյունիքը եւ Արցախը պահել: Խնդիրն այն է, որ իրենք չունեն այդ կամքը, իրենք հանձնվողի տրամաբանությամբ են առաջնորդվում: ԳՇ պետ ինչո՞ւ չունենք, պատերազմական իրավիճակում գտնվող երկիր ունենք: Արտաքին քաղաքականության մեջ գնում Բրյուսել՝ մի բան են ասում, Մոսկվայում մի բան են ասում, այսինքն, անկարող են նաեւ, եթե նույնիսկ ուզեն էլ: Մենք ասում ենք, որ պետք է լինեն պրոֆեսիոնալ մարդիկ, պետք է ձեւավորվի արժանիների կառավարություն, ովքեր ի վիճակի են ստանձնել այս պատասխանատվությունը եւ փոխել երկրի ընթացքը հանձնելու: Դա հնարավոր է: 92 թվականին սաղ աշխարհը մեր դեմ էր, բայց երկրի խորհրդարանը որոշում ընդունեց, Արցախը միավորվեց, մարդկանց պայքարի հանեց: Պատերազմով մեր քաղաքացիներին վախեցնում են շարունակ: Իրենք ասում են՝ հնարավոր չի, մենք ասում ենք՝ հնարավոր է, թողեք գնացեք»:

Երբ փոխանցեցին՝ իրենք էլ են ասում՝ հնարավոր է, աշխատում ենք այդ ուղղությամբ՝ Իշխան Սաղաթելյանը հակադարձեց. «Այսօր Ռուբեն Ռուբինյանը Թուրքիայի հետ ի՞նչ է քննարկում: Նոյեմբերի 9-ից հետո ամեն օր կորցնում ենք, չէ՞: Այս մարդը ասում է՝ զորքերը հայելային հետ քաշենք, այս մարդը հայկական տարածքներն ասում է ադրբեջանական, նվիրում է, մեր քաղաքացիները դրանից ո՞նց կարող է ակնկալիք ունենան: ՀՀ քաղաքացիները մենակ իրենց անվտանգության համար պետք է դուրս գան: Կտոր-կտոր տալիս է երկիրը»:

Իշխան Սաղաթելյանը հորդորեց պատկերացնել՝ եթե հանկարծ Ալիեւը էլի հարձակվեց, ի՞նչ ենք անելու, եթե Փաշինյանը մնաց ու պատասխանում է՝ պարտված ենք, չէ՞:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031