«ՔՊ-ն ոստիկանությանը շնորհակալ է, որովհետեւ իրենք հասարակական կարգը չեն պահում, իրենց իշխանությունն են պահում: Այնքան անամոթ են, որ այդ նույն ոստիկաններին, երբ որ Շուշիում կոտորվեցին, մեկ անգամ ձեր նշած անձինք չցավակցեցին, իսկ այսօր ծափահարում են ու ստիպում են, որ ոստիկանությունը բռնություն գործադրի: Ոստիկանությունը մեկ-մեկ տեղի տալիս է այդ ճնշումներին»,- այսօր ասուլիսում խոսելով «Դիմադրության» շարժման մասին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: Ըստ նրա, միակ հենարանը, որ այսօր ՔՊ-ն ունի երկրում, ոստիկանությունն է, դրա համար էլ շնորհակալ են:
Հարցին՝ ՔՊ-ականները հասկացնում են, որ վերադառնալու եք խորհրդարան, ինչպե՞ս եք նայելու նրանց աչքերի մեջ, պատասխան եք տալու ձեր ասածների համար՝ Իշխան Սաղաթելյանը քմծիծաղ տվեց. «Ժամանակը ամեն մեկին իր տեղը ցույց կտա, ամեն մեկը այս կյանքում իր արածի համար պիտի պատասխան տա, ճիշտ են ասում: Հիմա այդ դուխով գլխարկներին ես ի՞նչ պատասխանեմ, տնից դուրս չեն գալիս, պադվալներում ման են գալիս, ոստիկանական զորքերով պտտվում են: Այսօրվա Նիկոլի շարժվելու այդ մահվան շարասյունը տեսե՞լ եք: Իր մահվան շարասյունը շարունակվում է»:
Իշխան Սաղաթելյանը կոչով դիմեց ՔՊ-ականներին ՝ ասելով, որ իրենք դեռ ունեն պատմական շանս՝ իրավիճակին հանգուցալուծում տալու եւ չկիսելու «Նիկոլի արյունոտ ու դավաճանական պատասխանատվությունը». «Իրականում նրանց մի մասը ոչ այդ որոշումների ընդունմանն է մասնակից եղել, ոչ էլ տեղյակ են եղել: Իրենք պարզապես գերի են Նիկոլի ձեռքում: Ես առաջարկել եմ՝ պատրաստ ենք մենք ձեզ գերությունից ազատենք: Իրենք եթե կընդունեն, կհասկանան՝ շատ լավ, չէ՝ հետո ուշ կլինի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ