Լրահոս
Օրվա լրահոսը

Հստակ է, որ կան բռնության դրսևորումներ ցուցարարների նկատմամբ, որում առկա են առերևույթ հանցագործության հատկանիշներ. Զարուհի Հովհաննիսյան

Մայիս 03,2022 15:30

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Վերջին մի քանի օրը Սյունիքում էի, շատ հեռվից էի հետևում Երևանում տեղի ունեցող իրադարձություններին։

Սակայն նայելով որոշ տեսանյութեր, հստակ է, որ կան բռնության դրսևորումներ ցուցարարների նկատմամբ, որում առկա են առերևույթ հանցագործության հատկանիշներ։

Կարծում եմ, մենք առնվազն 2018 թվականից հետո պետք է բռնության գործիքներից ազատագրված լինեինք, և ոստիկանությունը սովորած լիներ քաղաքացիների հետ շփվելու, ցույցերի ժամանակ խաղաղ, բռնությունից դուրս ծառայություն իրականացնելու հմտությունները, ինչպես նաև ոստիկանների և ցուցարարների միջև շփումները այլ հարթության վրա պետք է լինեին։

Առաջարկում եմ իրավապահ մարմիններին, մասնավորապես ՀՀ դատախազությանը, հավուր պատշաճի քննության առնել բոլոր բռնարարքների վերաբերյալ տեսանյութերը։

Ինչ վերաբերում է այն հարցին, որը հաճախ ուղղում են ինձ, որպես քաղաքացի, թե ինչո՞ւ չեմ մասնակցում այս հավաքներին, երբ ունեմ բազմաթիվ քաղաքացիական նախաձեռնությունների կազմակերպման ու մասնակցության փորձ, ասեմ, որ ես եմ ընտրում ում կողքին, երբ և որտեղ լինել, ինչ գաղափարի շուրջ ու ինչ կարգի մասնակցության ձևով։ Եթե հիշեք, ապա 2018-ին էլ ես որևէ կերպ չեմ եղել կազմակերպիչների խմբերում, հետազոտել եմ պրոցեսները որպես շարքային քաղաքացի, բարձրաձայնել բռնարարքների վերաբերյալ որպես իրավապաշտպան։

Ինձ համար իշխանափոխությունը գերնպատակ չի եղել և չէ, կարևորը հանրույթները ձևակերպեն գաղափարներ, որոնք կտան լուծումներ մեր առջև ծառացած խնդիրներին։ Թե չէ «․․․թող նա գնա ես գամ ու լավ կլինի, հետո կասեմ ինչ անենք․․․» մոտեցումն ինձ համար անընդունելի է։

Անընդունելի է նաև բռնության, ատելության կոչեր, գործողություններ իրականացնելը, վկա նույն 2018 թվականին իմ արձագանքը թաղման ժապավեններին ու անձնական կյանքի թիրախավորմանը, որի վերաբերյալ կոշտ քննադատություն եմ հնչեցրել  հենց ցույցերի թեժ ժամանակահատվածում։ Հիմա ևս ինձ համար բիրտ լեզուն, ոչինչ չասող, բայց ատելություն տարածող ելույթներն ու դրսևորումներն անընդունելի են։ Այս խոսքի մշակույթը, և՛ նախկինում, և՛ այժմ չեմ կարող ընդունել, մարսել ու մասնակցել։ Մի տեսակ հայելային անդրադարձման պես մի վիճակ է, որը հիշեցնում է «․․․ձեզ որ կարելի է, մեզ ևս կարելի է» ոչ մի տեղ չբերող մոտեցումը։

Հ․Գ․ Իմ մասնակցությունը կամ չմասնակցությունը չի նվազեցնում բռնության անթույլատրելիության վերաբերյալ իմ դիրքորոշման բարձրաձայնման անհրաժեշտությունը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031