Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթ է իրականացրել այսօր նաեւ ՀՀԿ-ն․ փակ են եղել Սարյան, Թումանյան, Աբովյան փողոցները, իսկ Մաշտոցի պողոտան նստացույցի միջոցով որոշ ժամանակով կաթվածահար է եղել։
«Իշխանափոխությունն իրողություն է», «առանց թուրքի Հայաստան»,-վանկարկել են մասնակիցները։
Ավելի ուշ Խորենացի-Ագաթանգեղոսի փողոցների հատման կետում, որտեղ ցուցարարները կրկին կաթվածահար են արել երթեւեկությունը, քաշքշուկ տեղի ունեցավ փողոցը բացել ցանկացող ոստիկանների հետ։
Կարդացեք նաև
Առնվազն ութ հոգի բերման ենթարկվեց, մի մասը՝ ուժի գործադրմամբ։ Երիտասարդներից մեկը ոստիկանին կոչ էր անում թեւից չքաշել, մինչդեռ վերջինս անդրդվելի էր։ Նրան մեքենան նստեցնելուց հետո ցուցարարները շրջափակեցին այն, քաշքշուկը շարունակվեց։ Կարծես թե երկու հոգու հաջողվեց դուրս բերել ոստիկանական մեքենայից, այդ թվում՝ տարեց տղամարդու։
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը փորձում էր կանխել ոստիկանների կողմից ուժի գործադրումը։ «Խնդիրը նրանում է, որ բաց փողոց գտնելը խնդիր է, որովհետեւ քաղաքում ինքնաբուխ գործողություններ են, քաղաքացիները փակել են փողոցները»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայկ Մամիջանյանը։
«Մենք ոստիկանների հետ խնդիր չունենք, գործողությունները խաղաղ են։ Նրանք պարզապես չեն գիտակցել, որ իշխանափոխությունն արդեն իրողություն է։ Այս անհնազանդությունը որեւէ բախման ու սադրանքի չի տրվելու։ Փաստ է, որ քաղաքը կաթվածահար է։ Մի քանի ժամ քայլում ենք եւ ամբողջապես գործող փողոցի չենք հանդիպել», – հավելեց Հայկ Մամիջանյանը։
Երթը փակել է նաեւ Սայաթ Նովա պողոտան։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ