Լրահոս
Օրվա լրահոսը

«Աչքի են ընկնում սեւ բերետները, որոնք ակնհայտ է, որ ղեկավարվում են ինչ-որ խմբերի կողմից, մենք տեղեկություններ ունենք, որ ինչ-որ օլիգարխներ են». Իշխան Սաղաթելյան

Մայիս 03,2022 14:54

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը այսօր ասուլիսում խոսելով «Դիմադրության» շարժման արդյունքների մասին՝ ասաց, որ այսօր առավոտվանից մեր քաղաքացիները շուրջ 2 տասնյակ փողոցներ են փակել ու անհնազանդության գործողություններ իրականացրել: Ամենամեծ ձեռքբերումն այն է, որ քաղաքացիները ինքնակազմակերպվելով են դուրս գալիս ու բողոքի ձայն արտահայտում՝ առանց քաղաքական ուժերի ուղղորդման. «Մենք երեկ կոչ էինք արել, որ մարզերի մեր բնակիչները եւս միանան, այդ թվում փակեն միջպետական ճանապարհները կամ իրենց քաղաքներում իրականացնեն երթեր, ցույցեր եւ անհնազանդության ցույցեր: Մինչեւ այս պահը Գեղարքունիքում Սեւան-Վարդենիս միջպետական ճանապարհը փակ է, փակ է նաեւ Կոտայքում՝ Հրազդանում, Արմավիրում՝ Էջմիածնում, Շիրակում՝ Գյումրի, Վանաձորում, Ալավերդի, Սպիտակ, Աշտարակ, Ապարան, այս բոլոր քաղաքներում միջպետական ճանապարհները փակ են: Մեր քաղաքացիները դուրս են եկել պայքարի: Ոստիկանությունը շարունակում է բիրտ ուժ կիրառել: Աչքի են ընկնում սեւ բերետները, որոնք ակնհայտ է, որ ղեկավարվում են ինչ-որ խմբերի կողմից, մենք տեղեկություններ ունենք, որ ինչ-որ օլիգարխներ են, նախ, մի մասի անուն ազգանունները գրված չեն, մի մասին էլ կեղծ է: Նիկոլի շրջանակի խմբակների կողմից ոստիկանական հագուստով կատարում են իր հանձնարարությունները՝ վնասելով, բռնության ենթարկելով քաղաքացիներին: Հենց այս պահին 200-ից ավելի բերման ենթարկվածներ ունենք, այս պահին էլ շարունակվում է, բայց այս ամեն ինչը որեւէ կերպ չի կարող կասեցնել մեր պայքարը: Որքան ձերբակալում են, այնքան ավելանում են»:

Թե ի՞նչ շրջանակների մասին է խոսքը, ո՞ր օլիգարխների՝ Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. «Մոտավոր պատկերացում ունենք, թե ում մասին է խոսքը, ավելի հստակեցնելուց հետո ավելի կոնկրետ կասենք»: Լրագրողները ճշտեցին՝ Խաչատուր Սուքիասյանի մասի՞ն է խոսքը, իր անունն էր հնչում՝ նա պատասխանեց. «Ես երեկ կոնկրետ դեպք նշեցի, երբ իր շրջապատից մեկը օրը ցերեկով ձեր աչքի առաջ փողոցում հարվածեց ու դրանից հետո ոստիկանությունը բերման ենթարկեց ոչ թե հարվածողին, այլ հարված ստացողին»:

Դիտարկմանը՝ դուք ասում եք՝ քաղաքը պարալիզացված է, բայց իշխանությունները, Դանիել Իոաննիսյանը այլ բան են ասում՝ Իշխան Սաղաթելյանը արձագանքեց. «Դրան ավելացրու Հ1-ն ու ՀԺ-ն, անընդհատ փորձում են տպավորություն ստեղծել, թե՝ դե լավ, ժողովուրդ չեն, նախկիններն են, մի խումբ մարդիկ ինչ-որ ակցիաներ են անում, համալսարաններում դաս կա, փողոցներն ազատ են, ոչ մի շրջափակում չկա, բայց դուք ձեր աչքով տեսնում եք` ինչ է կատարվում: Մենք այսօր եղանք ԵՊՀ-ում, 90%-ով համալսարանում դասադուլ է: Հիմա իրենք ինչքան ուզում են ասեն՝ դասադուլ չկա: 10-ից ավելի լսարան մտել ենք, մեկ լսարանում ուսանող կար, դասախոսները նստած սպասում էին ուսանողներին, իսկ ուսանողները կամ մեր հետ էին, կամ մի ուրիշ խմբի, կամ փողոցում: Իրականությունը մի բան է, իրենց ասածը՝ այլ բան: Բազմահազարանոց երթը ներկայացնում են 3500 հոգի մարդ, իրենք իրավիճակին չեն տիրապետում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031