Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատավորն ունի կողմնակալ վերաբերմունք ինչպես դատավարության մասնակիցների, այնպես էլ արդարադատություն իրականացնելու նկատմամբ». Հովհաննես Խուդոյան

Մայիս 03,2022 14:42

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեց:

Նա հիմնավորեց. «Նախորդ դատական նիստը, դրան նախորդած նիստերը և որոշակի հանգամանքներ թույլ են տալիս պնդել, որ դատական նիստի նախագահող դատավորն ունի վատ իմաստով կողմնակալ վերաբերմունք դատավարության մասնակիցների նկատմամբ, ուստի ուզում ենք նրան ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդություն ներկայացնել»:

Հովհաննես Խուդոյանը հիշեցրեց ապրիլի 19-ի դատական նիստին տեղի ունեցած իրադարձությունները և նշեց, որ դատավորը պաշտպանի նկատմամբ արհամարհանք է դրսևորել ու շարունակեց. «Որևէ փուլում նման կամայական մոտեցման ցուցաբերումը վերաբերում է դատավորի կողմից կանխակալ վերաբերմունքին: Դատարանին չի հետաքրքրում արդարադատության իրականացումը, այն ապահովում է ձևական դատավարական ընթացք, որը թողնում է հաշվետվողականություն ցույց տալու նպատակ: Դատավարության նկատմամբ նման անտարբերությունը մեզ համար հիմք է պնդելու՝ անկողմնակալ դիտորդի մոտ ավելի քան ողջամիտ կասկած է առաջացնում, որ դատավորը կանխակալ, բացասական վերաբերմունք ունի ինչպես դատավարության մասնակիցների, այնպես էլ սույն գործով արդարադատություն իրականացնելու նկատմամբ»:

Աննա Դանիբեկյանը, փաստելով, որ 2021-ի հոկտեմբերի 26-ին ևս իրեն նման միջնորդություն են ներկայացրել, որոշեց այս անգամ այն թողնել առանց քննության և հիմնավորեց. «Նույն հիմքով միջնորդություն արդեն ներկայացվել է: Նույն հիմքով միջնորդություն կրկին չի կարող ներկայացվել, ուստի այն թողնվում է առանց քննության»:

Հովհաննես Խուդոյանն առարկեց ու վստահեցրեց՝ դատարանը պետք է քննարկեր այս միջնորդությունը, այլ ոչ թե թողներ առանց քննության: Այնուհետև նկատեց՝ գուցե միջնորդությունը նույն հիմքով է, բայց այս դեպքում խոսքը դատարանի՝ 2021-ից հետո անցկացրած դատական նիստերի ընթացքում դրսևորած վերաբերմունքի մասին է. «Օրենքը չի կաշկանդում նոր փաստական տվյալների դեպքում դատարանին ներկայացնել ինքնաբացարկի միջնորդություն՝ թեկուզ իրավական տեսանկյունից նույն հիմքով»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031