Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը սառցալեռան գագաթն է, սակայն ահռելի սառցալեռ գոյություն ունի այս դավադրության օվկիանոսում. Կարին Տոնոյան

Մայիս 03,2022 14:34

44-օրյա պատերազմում զոհվածների, վիրավորվածների եւ անհետ կորածների ընտանիքների անդամները, հարազատները այսօր կրկին հավաքվել էր ՀՀ գլխավոր դատախազության առջեւ: Նրանք դեռեւս ապրիլի 26-ին Նիկոլ Փաշինյանի եւ բարձրաստիճան պաշտոնատար այլ անձանց նկատմամբ քրեական գործ հարուցելու եւ առերեւույթ մեղավորներին օրենքի ողջ ուժով պատասխանատվության ենթարկելու դիմում էին ներկայացրել գլխավոր դատախազություն, որտեղ միջնորդություններն ուսումնասիրելու եւ պատասխանելու համար խնդրել էին հինգ աշխատանքային օր: Այսօր այդ ժամկետը լրացել է:

Զոհված Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը, մեր հետ զրույցում ասաց. «Մենք պահանջում ենք, որպեսզի գործ հարուցվի եւ մեզ տան մեղավորներին: Պատերազմից հետո տարիուկես անցել է, եւ մենք՝ ծնողներս, չգիտենք ով է մեղավոր: Մենք համարում ենք, որ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է: Եթե դատ կանցկացնեն եւ Նիկոլ Փաշինյանը մեղավոր չի ճանաչվի, թող մեզ տան մեղավորներին: Մեր համար միեւնույն է, թե ով է մեղավորը: Մենք Նիկոլ Փաշինյանին ենք համարում, որովհետեւ նա է եղել գլխավոր հրամանատարը, այդ դերը, անգամ ապօրինի, ինքն է կատարել: Հետեւաբար, մեր դիտարկմամբ նա է գլխավոր մեղավորը, նաեւ՝ պատասխանատուն:

Բացի սա, ինքը նաեւ ինքնախոստովանանքով հանդես եկավ ԱԺ-ում, ու բոլորն են դա տեսել: Այդուհանդերձ, կա օրինական գործընթաց, պետք է քրեական գործ հարուցվի, տեղի ունենա դատ: Եվ դատաքննությունը պետք է պարզի: Գուցե Նիկոլ Փաշինյանն ինքն է իր վրա վերցնում, իսկ մեղավորն ուրիշնե՞րն են: Մեզ հետաքրքիր չէ, թե ով՝ ինչ դեր է խաղացել: Մեզ հետաքրքիր է, որ ծնողներին ներկայացնեն, թե ովքեր են մեղավոր այս պատերազմում եւ ովքեր եղան պատճառ, որ մեր երեխաների կյանքը խլեցին, որ այս պատերազմում այսքան մեծ զոհեր մենք տանք: Ի վերջո, մենք մեր երեխաներին ուղարկում էինք բոլորովին այլ նպատակով: Սակայն պարզվեց, որ նրանք ուղղակի կարող էին չզոհվել: Իր խոսքերն եմ ասում, Նիկոլ Փաշինյանը կարող էր այդպես անել:

Հինգ հազար երեխաներ են զոհվել ու ոչ մեկը պատասխան չի՞ տալու: Մեկ մեղավոր ցույց տվեք, որ պատերազմից հետո դատվել է: Հասկացանք, այնպիսի ցավի տակ թողեցիք, որ մեկ տարի չէինք կարողանում տակից դուրս գալ: Բայց հիմա արդեն մեր գիտակցությունը տեղն է եկել, հիմա արդեն հասկանում ենք: Մեր երեխաների հոգիները մեզանից պահանջում են, որ արդարադատություն տեղի ունենա: Մենք չենք հանգստանա, մինչեւ բուն մեղավորները, ընդ որում, բոլորը չպատժվեն: Նիկոլ Փաշինյանը սառցալեռան գագաթն է, սակայն ահռելի սառցալեռ գոյություն ունի այս դավադրության օվկիանոսում: Եվ մենք բացահայտելու ենք բոլորին:

Չնայած գիտենք, որ մենք այլեւս պետություն չունենք, բայց փորձելով հավատալ, որ դեռ կան պետական կառույցներ, փորձում ենք օրինական ճանապարհով գնալ: Թող դուրս գան եւ ասեն, որ չեն կարող: Գլխավոր դատախազին ես միշտ ասում եմ. դուք անձնական պատասխանատվություն եք կրում, որովհետեւ բացի դատախազ լինելուց, նաեւ ծնող եք ու, հուսամ, գիտակցում եք, թե ինչ է նշանակում զավակի կորուստ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031