Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ-ը ադրբեջանական հենակետերը ՀՀ տարածքից հեռացնելու հարցը քննարկո՞ւմ է ՀՀ իշխանությունների հետ. պարզաբանում է նոր պաշտպանը

Մայիս 03,2022 14:26

Aravot.am-ը Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանից հետաքրքրվեց՝ արդյոք ՄԻՊ-ը ադրբեջանական հենակետերը ՀՀ տարածքից հեռացնելու հարցը քննարկո՞ւմ է ՀՀ իշխանությունների հետ:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն ապրիլի 30-ին Սարյանի պուրակում, քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ իր ղեկավարման ժամանակ ՄԻՊ-ը ապացույցներն էր ստեղծում, որպեսզի ադրբեջանցիները հեռացվեին ՀՀ գյուղերին մոտ տարածքներից, որովհետեւ միջազգային պահանջներն էին դա պարտադրում, սակայն ՀՀ իշխանությունները ասում էին՝ մենք ոչինչ չենք կարող անել:

Պաշտպանը, որն այսօր, Մամուլի ազատության համաշխարհային օրվա առիթով «Հարց ու պատասխան» ձեւաչափով հանդիպում էր կազմակերպել լրագրողների հետ, ի պատասխան ասաց. «Պաշտպանի հաստատության կողմից իրականացրած փաստահավաք առաքելության արդյունքները, այդ թվում այնպիսիք, որոնք որ հիմնավորում էին շփման գծի հատվածում անվտանգության գոտի ստեղծելու մոտեցումը, ներկայացվել են տարբեր միջազգային ատյաններին նաեւ պարոն Թաթոյանի կողմից, եւ այս մոտեցումը իր արտացոլումն է գտել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի այս տարվա հունվարին արդեն ընդունված համապատասխան բանաձեւում: Այս հաղորդակցությունը ներկայացվել է նաեւ կառավարությանը, եւ այս առումով համագործակցություն եղել է նախկինում եւ այժմ էլ կա՝ միջազգային իրավական ատյաններում կառավարության ներկայացուցչի գրասենյակի հետ»:

Քրիստինե Գրիգորյանն ասաց, որ թե՛ իր ընտրության, թե՛ պաշտոնավարման ընթացքում պաշտպանել է այս մոտեցումը եւ միջազգային շփումների ընթացքում ներկայացրել է այդ մոտեցումները՝ վկայակոչելով այդ փաստերն ու ապացույցները:

Նրա խոսքով, ամենակարեւորն այն է, որ երաշխավորվի սահմանամերձ համայնքների եւ շփման գծի մոտ ապրող մարդկանց բոլոր իրավունքների իրացումը. «Ելակետը սա է, ինչ որոշում էլ կայացվի՝ կլինի միջանկյալ լուծման, հիմնական լուծման, թե սահմանազատման ու սահմանագծման, թե՛ գործընթացի ընթացքում, թե՛ արդյունքում, պիտի երաշխավորվեն այդ հատվածում ապրող մարդկանց իրավունքների անվտանգության երաշխիքները»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031