Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չեմ մտածում, որ ընդհանրապես նման հարց պետք է քննարկվի, չգիտեմ ինչ մտացածին օրակարգ է դա». Վլադիմիր Վարդանյանը՝ Փաշինյանի պաշտոնանկության հարցի մասին

Մայիս 03,2022 14:16

Որեւիցե պատգամավորի կամ նույնիսկ ԱԺ փոքրամասնության գործողությունների պատճառով խորհրդարանի բնականոն գործունեությունը չպետք է խաթարվի. այսօր լրագրողների հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը: Նրա խոսքով՝ եթե ընդդիմությունը մանդատները վայր դնի, դա լավագույն լուծումը չէ, գուցե ժողովրդավարական մոտեցում է, բայց դրանից հետո ոչինչ չպետք է հետեւի: Այսինքն, որեւէ արդյունք չի լինի. «Պատկերացրեք մի իրավիճակ, երբ որ մի փոքրաթիվ ընդդիմադիր խմբակցություն դուրս է գալիս ԱԺ-ից ու սա հանգեցնում է խորհրդարանի լուծարմանը կամ արձակմանը որպես այդպիսին: Սա նշանակում է, որ մենք անընդհատ կունենանք պերմանենտ ճգնաժամեր, որոնք որեւէ կերպ չեն համապատասխանում խորհրդարանական կառավարման մոդելի առանձնահատկություններին»:

Հարցին՝ ընդդիմության ընդվզումները կարո՞ղ են նպաստել, որ իշխանությունը գնա երկխոսության ընդդիմության հետ՝ Վլադիմիր Վարդանյանը, ցույց տալով ԱԺ նիստերի դահլիճի տեղը՝ պատասխանեց. «Այն դահլիճը երկխոսության դահլիճն է: Խորհրդարանական քննարկումների համար նախատեսված դահլիճները ստեղծվել են երկխոսություն ծավալելու համար»:

Հարցին՝ Փաշինյանի պաշտոնանկության շուրջ պատրա՞ստ եք բանակցել ընդդիմության հետ՝ Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց. «Ես չեմ մտածում, որ ընդհանրապես նման հարց պետք է քննարկվի, չգիտեմ ինչ մտացածին օրակարգ է դա»:

Ճգնաժամի հանգուցալուծումը ե՞ւս խորհրդարանում եք տեսնում՝ այս հարցին նա պատասխանեց. «Ցանկացած ժողովրդավարական երկրում ցանկացած ճգնաժամի հաղթահարումը պետք է տեղի ունենա Սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգերի ներքո ու խորհրդարանական քննարկումները այդ սահմանադրական միջոցներից մեկն են: Խորհրդարանական կառավարման մոդելը չի ենթադրում միակենտրոն կառավարում, ընդդիմությունը իշխանության հետ հավասարապես կիսում է երկրի կառավարման համար պատասխանատվությունը: Չմոռանանք, որ Դոնթի բանաձեւի համաձայն՝ ընդդիմությունն էլ ունի որոշակի համամասնություններ ու այդ համամասնության շրջանակներում պետք է իրականացնի իրեն բնորոշ գործառույթները»:

Իսկ թե ոստիկանության գործողություններն ինչպե՞ս է գնահատում՝ Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց. «Հավաքների ազատության մասին» օրենքը պետք է պաշտպանվի, «Ոստիկանության մասին» օրենքը պետք է ամբողջությամբ պահպանվի ոստիկանության կողմից: Ցանկացած միջադեպ պետք է ստանա համապատասխան ընթացակարգի հիման վրա քննություն: Բռնության վերաբերյալ ցանկացած հաղորդում պետք է արժանանա դատաիրավական գնահատականի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031