ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հարցին, թե ինչի՞ համար եք ոստիկաններին շնորհակալություն հայտնում, որ քաղաքացու գլխի՞ն են հարվածում, «բոքսում»՝ պատասխանեց, որ մի կոնկրետ դեպքը ընդհանրացնելն ու հոգնակի թվով ներկայացնելը ԶԼՄ-ին պատիվ չի բերում. «Եթե ձեզ խնդրեմ հիմա մեկ, երկու, երեք դեպք ասել, չեք անի դա»: Լրագրողները սկսեցին թվարկել վերջին մի քանի դեպքերը, այդ թվում՝ լրագրողների նկատմամբ բռնությունները՝ Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Դա՞ էլ է բոքսում: Բացի երկու, երեք դեպքից…Ես, ընդհանուր առմամբ, ոստիկանության գործողությունները գնահատում եմ համաչափ, եւս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում, որ մեր մյուս քաղաքացիների իրավունքները իրենք պահպանում են եւ թույլ չեն տալիս, որ տարբեր փոքր միջոցառումները, որոնք տեղի են ունենում, խանգարեն մնացած քաղաքացիների իրավունքներին: Բայց միեւնույն ժամանակ այն քաղաքացիները, որոնք իրենց իրավունքն են իրացնում՝ ազատ ցույցեր, երթեր են անցկացնում, նրանց նույնպես հարգանքով եմ վերաբերվում եւ գտնում եմ, որ իրենց իրավունքները նույնպես պետք է պահպանվեն: Դուք կարող եք այդ առումով նույնպես տեսնել, թե ոստիկաններն ինչպես են ուղեկցում: Անգամ ընդդիմադիր գործընկերներն են նշում, որ ոստիկանության աշխատակիցները օգնում են, աջակցում են, երբ ինչ-որ դեպք է տեղի ունենում»:
Հարցին՝ ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու համար այս փուլում պատրա՞ստ եք գործակցել ընդդիմության հետ, երկխոսության եզրեր գտնել՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ներքաղաքական ճգնաժամ ես չեմ տեսնում: Այն ուժերը, որոնք 2021-ի ընտրությունների ժամանակ պարտվեցին ընտրությունները, հիմա փորձում են նույն դերակատարներով, նույն ասելիքով, նույն ագրեսիայով, չունենալով որեւիցե կոնկրետ առաջարկ ՀՀ քաղաքացիներին, փորձում են ինչ-որ ալիք բարձրացնել: Իրենք իրենց ոգեւորում են, ասում են՝ մեր մոտ ամեն ինչ լավ է ստացվում, բայց իմ համար կոնկրետ ակնհայտ է, որ մեր քաղաքացիներն իրենց ընտրությունն արել են ու աշխատում են զերծ մնալ նման քայլերից: Ներքաղաքական լարում ես չեմ տեսնում: Ինչ վերաբերում է համագործակցությանը, երեւի մի 10-15 անգամ թե՛ այստեղից, թե՛ ձեր ներկայությամբ ասվել է, որ մշտապես իրենց հետ համագործակցելու առաջարկն ուժի մեջ է, ինչպես նաեւ վարչապետի հետ հանդիպման առումով: Մշտապես վարչապետն ասել է, որ պատրաստ է իրենց հետ քննարկել յուրաքանչյուր հարց, բայց ես մտավախություն ունեմ, որ իրենք այդ օրակարգը մերժում են, որովհետեւ դա իրենց համար փակուղային կլինի: Իրենք ուղղակի ասելիք չեն ունենա: Իրենց ասելիքը, որպես այդպիսին, ձեւավորված չէ եւ իրենց առաջարկը ՀՀ քաղաքացիներին որպես այդպիսին չկա: Եթե քաղաքական ասելիք կա, քաղաքական ասելիքի, քաղաքական գործընթացի վայրը այս դահլիճն է: Հարգանքով եմ վերաբերվում, իրենց իրավունքն է»:
Հարցին՝ ասում եք՝ ընդդիմությունը ասելիք չունի, բայց ընդդիմությունը դուրս է եկել փողոց Արցախի եւ Հայաստանի անվտանգության համար, դա ասելի՞ք չէ, դա լուրջ ազդակ չէ՞, որ ձեր քաղաքականությունը սխալ է՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Խնդրում եմ, թող իրենք կամ դուք բացեք՝ ի՞նչ է նշանակում Արցախի եւ Հայաստանի անվտանգության համար: Թող իրենք իրենց առաջարկը ասեն՝ ո՞րն է այդ առաջարկը: Երբ որ իրենք վիրավորում են, կամ գոռում են՝ «միացիր», դա առաջա՞րկ է անվտանգության համար: Այն, ինչ իրենք պետք է անեին անվտանգության համար, ՀՅԴ-ն, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը մոտավորապես 20 տարի ունեցել են ու որեւէ բան չեն արել»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ