Լրահոս
Օրվա լրահոսը

«Բացի մորուք պահելուց՝ ամեն ինչ կրկնում են եւ չեն հասկանում, որ նույն բանն անելով՝ չի նշանակում, որ կարող ես հաջողել, ես ձեւերը շատ երկար կարող եմ բացատրել». Ալեն Սիմոնյան

Մայիս 03,2022 12:55

Ընդդիմության այս անհնազանդության ցույցերը, հավաքները արտաքին ուժերի հետ ինչքանո՞վ կապ ունեն. այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այս հարցին ի պատասխան՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց. «Ընդդիմության հանրահավաքի առաջին հենց ժամերին մեր սահմանին գրանցվել են ադրբեջանական կողմից մեծ տրամաչափով զենքի կիրառմամբ կրակոցներ: Հետեւությունները թողնում եմ ձեզ: Գրեթե միշտ մեր ընդդիմության գործողությունները համընկնում են կա՛մ ամենակարեւոր այցերի, հանդիպումների հետ երկրի ղեկավարի, օրինակ, ՌԴ-ի կամ ԵՄ-ի ղեկավարների հետ, կա՛մ համընկնում են սահմանում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Ես չեմ համարում, որ դա զուգադիպություն է: Ես համարում եմ, որ այնուամենայնիվ, ինչ-որ ձեւերով այն համակարգվում է եւ այն բացահայտումները, որոնք այսօր ԱԱԾ-ի կողմից արդեն արվում են ու հայտարարվում են, դրա մի մասն են: Կարծում եմ, մեր քաղաքացիները ամեն ինչ լավ հասկանում են ու չեն միանում: Գնալով այդ միտինգները, երթերը ավելի սակավ մարդկանցով են տեղի ունենում: Որպես հետեւանք դա է տեղի ունենում ու մարդիկ չեն մասնակցում»:

Դիտարկմանը, որ երբ դուք էիք ցույցեր իրականացնում, այն ժամանակվա իշխանություններն էլ էին ասում, որ սահմանին վտանգ կա, խառը ժամանակներ են՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Չէ, նախ, նույնության մասին ով ով՝ իրենք պետք է չխոսեն, որովհետեւ բացի մորուք պահելուց, ամեն ինչ կրկնում են եւ չեն հասկանում, որ նույն բանն անելով՝ չի նշանակում, որ կարող ես հաջողել: Ես ձեւերը շատ երկար կարող եմ բացատրել: Ներեցեք, 2018-ին սահմանին այն ամեն ինչը, ինչ տեղի է ունենում, տեղի չէր ունենում: Արդեն երկարատեւ ժամանակ է, որ ընդդիմության գործողությունները, հայտարարությունները այնպիսի տպավորություն է, որ հարեւան երկրի պաշտպանության նախարարության լրատվական բաժնից լինեն, այդպիսի տպավորություն է ու ոչ միայն իմ մոտ: Տեսեք, գործողություն՝ կրակոց, գործողություն՝ կրակոց: Սա ես չեմ ասում, փաստն է արձանագրված»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ». Ի դեպ, 2018-ի քայլարշավը եւս կրկնություն էին: «Մեդիամաքսին» տված հարցազրույցում պատմել էր ապագա նախարար Մխիթար Հայրապետյանը, որը մասնագիտացած է նաեւ ոչ բռնի գործողությունների, խաղաղ անհնազանդության մեթոդաբանության մշակման, դրանց մատուցման հարցերում: «Քայլարշավի գաղափարի հիմքում ընկած է Մահաթմա Գանդիի ուսմունքը ոչ բռնի պայքարի վերաբերյալ։ Այս տեխնոլոգիաների մեթոդաբանությանը վաղուց եմ ծանոթ։ Օգտվել ենք 1930 թվականին «Աղի երթի» ընթացքում կիրառված տեխնոլոգիաներից, մասնավորապես, երբ Գանդին 387 կմ քայլեց՝ սոցիալական հարցեր բարձրացնելու նպատակով։ Նա երթը սկսեց 8 հոգով, ավարտեց 80 հազարով։ Երկրորդ օրինակը վերցրել ենք Թուրքիայի ընդդիմադիր առաջնորդ Քեմալ Քըլըջդարօղլուի 2017 թվականի քայլերթից, երբ նա քաղբանտարկյալների խնդիրը բարձրացնելու համար Անկարայից քայլեց Ստամբուլ՝ շուրջ 450 կմ։ Նա եւս միայնակ  մեկնարկեց քայլերթը եւ շուրջ 300 հազար կողմնակիցներով մուտք գործեց Ստամբուլ»: Քայլարշավ սկսելու գաղափարի հեղինակը նաեւ հայտնել էր, որ հաշվի չեն առել նշված շարժումների արդյունքները, օգտվել  են քայլերթի միջոցով իրազեկման ակցիա անելու, մարդկանց թիվը բազմապատկելու տեխնոլոգիաներից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031