Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանելով լրատվամիջոցների ազատությունը. Հայաստանում Միացյալ Թագավորության եւ Նիդերլանդների Թագավորության դեսպանների համատեղ հոդվածը Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ

Մայիս 03,2022 12:36

Նշելով Մամուլի ազատության համաշխարհային օրը՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը և Նիդերլանդների Թագավորությունը վերահաստատում են իրենց հանձնառությունը՝ պաշտպանելու լրատվամիջոցների ազատությունն ինչպես իրենց երկրներում, այնպես էլ ողջ աշխարհում:

Մենք հավատում ենք ժողովրդավարությանն ու մարդու իրավունքներին և պաշտպանում դրանք: Ազատ և անկախ լրատվամիջոցը գործուն հասարակության էական բաղադրիչն է, որը նպաստում է կայունության և բարեկեցության աճին: Մենք հավատում ենք, որ մարդիկ պետք է կարողանան ազատորեն քննարկել խնդիրները և բանավիճել դրանց շուրջ, մարտահրավեր նետել իրենց կառավարություններին և կայացնել տեղեկացված որոշումներ՝ հասանելիություն ունենալով ուժեղ, կայուն և անկախ լրատվամիջոցների կողմից տրամադրվող տեղեկատվությանը:

Այնուամենայնիվ, իրավիճակն աշխարհում խորապես մտահոգիչ է: 2022 թվականի սկզբից աշխարհի տարբեր մասերում սպանվել է 23 լրագրող։ «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպությունն իր 2021 թվականի ամենամյա զեկույցում հայտնել է, որ մասնագիտական գործունեության պատճառով կալանավորվել է 488 լրագրող, որից 60-ը կանայք են: Այս երկու թվերն էլ վերջին տարիներին արձանագրված ռեկորդային բարձր ցուցանիշներ են:

2022թ․ փետրվարին Տալլինում տեղի ունեցավ Լրատվամիջոցների ազատության երրորդ համաշխարհային համաժողովը, որի ընթացքում Միացյալ Թագավորությունը Նիդերլանդներին հանձնեց Մամուլի ազատության կոալիցիայի համանախագահությունը:

Ստեղծումից ի վեր կոալիցիային հիսուն երկրներ են միացել՝ աջակցելու լրագրողների անվտանգությանը, մամուլի ազատության պաշտպանությանը և այն անձանց պատասխանատվության ենթարկելուն, ովքեր լրագրողներին վնաս են պատճառում իրենց մասնագիտական գործունեության համար: Տասնչորս երկիր պարտավորվել են նվիրատվություններ կատարել Լրատվամիջոցների պաշտպանության համաշխարհային հիմնադրամին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բազմագործընկերային վստահության հիմնադրամին: Ավելի քան 1700 լրագրող է օգտվել Լրատվամիջոցների պաշտպանության համաշխարհային հիմնադրամի իրականացրած 41 ծրագրերից: Կոալիցիան լրատվամիջոցներին առնչվող մտահոգիչ իրավիճակների վերաբերյալ ավելի քան 25 հայտարարություն է տարածել՝ սատարելով աջակցության կարիք ունեցող առնվազն 3000 լրագրողների։

Այս տարվա սկզբին Լրատվամիջոցների ազատության համաշխարհային կոնֆերանսի շրջանակում տեղի ունեցած նախարարական հանդիպման ընթացքում բոլոր պետությունները վերստին պարտավորվեցին պաշտպանել լրատվամիջոցների ազատությունն իրենց երկրներում և դրանցից դուրս: Միացյալ Թագավորությունը հայտարարեց, որ մինչև 600,000 ֆունտ ստեռլինգ կտրամադրի նոր քարտուղարությանը, որը կօգնի առաջ մղել Մամուլի ազատության կոալիցիայի աշխատանքը: Նիդերլանդները հայտարարեց մամուլի ազատությանն աջակցելու նպատակով 20 միլիոն եվրոյի չափով նվիրատվություն կատարելու մասին:

Հայաստանում Միացյալ Թագավորությունը լրատվամիջոցների ազատությանն աջակցել է մի շարք նախաձեռնությունների միջոցով, որոնք նպաստում են որակյալ մեդիա բովանդակության արտադրության համար բարենպաստ միջավայրի խթանմանը, դասընթացներ անցկացնում լրագրողների համար, խթանում անաչառ լուսաբանումը և աջակցում լրատվամիջոցներում փաստերի ստուգման հարթակների հիմնմանը:

Ավելին, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանությունը խթանում է լրատվամիջոցներում մասնագիտական ստանդարտների բարելավումը նաև կրթաթոշակների տրամադրման միջոցով: Հպարտ ենք, որ «Չիվնինգ» և «Ջոն Սմիթ Թրասթ» կրթաթոշակային ծրագրերի բազմաթիվ շրջանավարտներ մասնագիտական հմտություններ ու գիտելիքներ են ձեռք բերել Բրիտանիայի առաջատար միջազգային հաստատություններում և իրենց գիտելիքները կիրառել Հայաստանում:

Նիդերլանդների կառավարությունն առաջնահերթ է համարում լրատվամիջոցների ազատությունը` որպես մարդու իրավունքների պաշտպանության բաղադրիչ ամբողջ աշխարհում, ներառյալ Հայաստանում: Մեդիագրագիտության բարելավումը, կեղծ լուրերի դեմ պայքարը, լրագրողների անվտանգության ապահովումը, տեղեկատվության հասանելիությանն ու մամուլի ազատությանն աջակցելը էական նշանակություն ունեն ժողովրդավարության և օրենքի գերակայության զարգացման համար, ուստի Նիդերլանդների կառավարությունն այս ոլորտներում աջակցություն է ցուցաբերում Հայաստանի հասարակական կազմակերպություններին:

Չնայած զգալի աշխատանքին, որն ամբողջ աշխարհում իրականացվում է տարբեր պետական և ոչ պետական կառույցների կողմից, դեռ շատ անելիք կա այս ոլորտում: Պրոֆեսիոնալ և կարող լրատվամիջոցը հակակշիռների և զսպումների համակարգի առանցքային տարրն է, որն ամուր և կայուն ժողովրդավարության հիմքն է: Հենց այս ձգտումով էլ մենք հանձնառու ենք մնում շարունակելու աջակցել ազատ, անկախ լրատվամիջոցներին՝ ի շահ կայուն և ժողովրդավարական Հայաստանի:

 

Նկարում՝ ձախից աջ՝ Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագեր և Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031