Խաղաղ անհնազանդության գործողություններ իրականացնող ցուցարարները «Ուսանող, միացիր», «Ուսանող, ոտքի» եւ նման բովանդակության այլ վանկարկումներով մտան ԵՊՀ բակ եւ կոչ արեցին ուսանողներին միանալ իրենց: Ցույցը առաջնորդում էին «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը եւ այլ քաղաքական գործիչներ:
Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ ԵՊՀ-ում 80-90 %-ով դասադուլ է, իսկ տարբեր ֆակուլտետներում դռներն ուղղակի փակ են: Նրանք կոչ արեցին Մայր բուհում մնացած սակավաթիվ ուսանողներին միանալ իրենց:
Ցուցարարներին միացավ նաեւ ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի նախկին դեկան Գուրգեն Մելիքյանը: ԵՊՀ բակում բազմաթիվ ոստիկաններ եւ ուժային կառույցների ներկայացուցիչներ կային: Ցուցարարները կոչ արեցին՝ չվախենալ ոչնչից:
Կարդացեք նաև
Ազատագրական շարժման ներկայացուցիչ Նաիրի Հոխիկյանը եւ ԵՊՀ գիտական բարեփոխումների հարթակի հիմնադիր Ալեն Ղեւոնդյանը Ֆեյսբուքի իրենց էջերում արդեն հայտնել էին, որ Մայր բուհի իրավաբանական եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետների ուսանողների առաջ փակել են դռները եւ թույլ չեն տալիս միանալ ցույցին: «Ու սրանք մեղադրում էին նախկիններին 2018-ին ԵՊՀ դռներ փակելու մեջ»,-նշել էր Ղեւոնդյանը:
Փակված ուսանողները ցույցին հետեւում էին ապակու հետեւից:
Իսկ ովքեր հասցրել էին դուրս գալ ԵՊՀ-ից, շուրջպար էին բռնել այլ ցուցարարների հետ Մայր բուհի բակում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ