«Կուսակցությունները պետք է պաշտպանված լինեն արտաքին-ներքին ճնշումներից, այլապես քայքայիչ դերակատարումներ են սկսում զարգացնել, որի ականատեսն ենք հիմա մեր հասարակությունում: Այդ այլասերված երեւույթները խոչընդոտում են հասարակության, պետության նորմալ ընթացքին»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։
Քննարկվում է արդարադատության նախարարության հեղինակած՝ «Կուսակցությունների մասին», «Կոռուպցիայի կանխարգելման մասին» եւ կից օրենքներում փոփոխությունների փաթեթը, որով նախատեսվում է պարզեցնել աուդիտի կազմակերպման նպատակով անհրաժեշտ տեղեկությունները կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տրամադրելու ընթացակարգը՝ աուդիտի կազմակերպման, կուսակցության տարեկան հաշվետվության պարտադիր աուդիտի ենթակա լինելու հանգամանքը պարզելու համար անհրաժեշտ տեղեկությունների ցանկը, դրանց ներկայացման ձեւաթղթի սահմանման լիազորությունը վերապահելով հանձնաժողովին:
«Մասնավորապես, արտաքին ճնշում ասելով նկատի ունեմ արտաքին ֆինանսավորումը։ ՀՀ-ում կան հայտնի եւ ոչ հայտնի կուսակցության անվամբ կազմակերպություններ, որոնք ֆինանսավորվում են արտաքին աղբյուրներից։ Օրենքը պետք է գործի սրան լուրջ ուշադրություն դարձնելով։ Ներքինն էլ վերաբերում է մի անհատի կողմից կամ անհատների խմբի կողմից կուսակցությունների ֆինանսավորմանը։ Սա եւս բերում է քայքայիչ զարգացումների, որի ականատեսն ենք հիմա, երբ առանձին մարդիկ որոշում են, թե իրենք կուսակցություն են։ Այս այլասերվածությունները պետք է աստիճանաբար վերացվեն։ Սրան պետք է ուշադրություն դարձնել, սա ունի էական նշանակություն՝ մեր զարգացման ընթացը նորմալ ճանապարհով տանելու համար»,-համոզմունք հայտնեց Վիգեն Խաչատրյանը եւ խոստացավ ԱԺ գլխադասային հանձնաժողովում իր ասած խնդիրը բարձրաձայնել։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ