Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ քաղաքացի դառնալու համար դավանաբանական պատկանելիությունն ամենակարեւոր բաղադրիչը չի»․ Գուրգեն Արսենյան

Մայիս 03,2022 10:50

ԱԺ լիագումար նիստում այսօր քննարկվում է կառավարության հեղինակած՝ «ՀՀ Քաղաքացիության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է կառավարությանը տալ լիազորություն՝ սահմանել ՀՀ քաղաքացիություն ստանալու եւ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանք ներկայացնելու, քննարկելու կարգը եւ ժամկետները, ինչպես նաեւ ազգությամբ հայ լինելը հաստատող մկրտության մասին փաստաթուղթ տրամադրող եկեղեցական կառույցների ցանկը:

Regular session of the RA National Assembly took place

Հարցի զեկուցող, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանից «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը հետաքրքրվեց․ «Կրոնական կազմակերպության կողմից տրված թղթի հիման վրա կարող են ճանաչել ազգային պատկանելիությունը, որի հիման վրա էլ տրվի քաղաքացիություն։ Սահմանադրությունում, սակայն, ամրագրված է, որ եկեղեցին անջատ է պետությունից, մենք աշխարհիկ պետություն ենք։ Այդ տրամաբանությամբ պետք է ընդունենք, որ եկեղեցին այլ փաստաթուղթ էլ է տալիս, դրանք ապացո՞ւյց են քաղաքացիաիրավական գործարքների համար»։

Արա Ֆիդանյանը պատասխանեց․ «Այո, տվյալ նախագծով եկեղեցիների տրված փաստաթղթերը մկրտության մասին հիմք են հանդիսանում, որով էլ անձին կճանաչենք ազգությամբ հայ եւ շնորհենք ՀՀ քաղաքացիություն։ Մնացած իրավահարաբերությունների հետ կապված այս նախագծում տեղեկատվություն չկա»։

Արսենյանը պատասխանեց․ «Իմ խորին համոզմամբ, այդ «գրավիչ» ճանապարհը չպետք է լինի շատ գայթակղիչ, որովհետեւ ՀՀ քաղաքացի դառնալու համար դավանաբանական պատկանելիությունն ամենակարեւոր բաղադրիչը չի»։

Regular session of the RA National Assembly took place

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարծիք հայտնեց․ «Պարոն Արսենյան, հաճախ տարբեր երկրներում բնակվող մեր հայրենակիցները եզակի հնարավորություն են ունենում ներկայացնելու հենց այդ փաստաթուղթը եւ դա որեւէ կապ չունի դավանաբանության հետ։ Եթե չեմ սխալվում, առաջ օգտագործվում էր եկեղեցու տված մկրտության փաստաթուղթը, հիմա, որքան հասկանում եմ, նաեւ ամուսնության վկայականը, որը հաստատելու է, որ քաղաքացին իրոք հայ է, եւ դա հիմք է՝ քաղաքացիություն տրամադրելու համար»։

ՔՊ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանն էլ հարցրեց, թե ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ ինչ վիճակագրություն կա։ Արա Ֆիդանյանը պատասխանեց, որ ողջ 2021թ․ ընթացքում ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում է ներկայացրել 8591 անձ, իսկ այս տարվա առաջին եռամսյակում՝ 3206 անձ։

Հավելենք, որ ընդդիմադիր խմբակցություններից այսօր գրանցված պատգամավոր դեռեւս չկա, քվորումն ապահովվել է 64 ներկա պատգամավորներով․ դիմադրության շարժումը վաղ առավոտից Երեւանի փողոցներում շարունակում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի գործողությունները։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031