Լրահոս
Օրվա լրահոսը

Գոհար Մելոյան. «Այս իշխանության օրոք մենք տասնյակ դեպքերի ենք ականատես եղել, երբ խոչընդոտվել է լրատվամիջոցների գործունեությունը». «Փաստ»

Մայիս 03,2022 10:29

Ակնհայտ է, որ իրավապահ մարմինները հրահանգավորված են կիրառել անհամաչափ ուժ, որոնք երբեմն շատ բիրտ դրսևորում են ստանում՝ ընդհուպ մինչև մարդու առողջությանը տարբեր չափի վնասվածքներ են պատճառվում:

«Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրավաբան, Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանը՝ դիտարկելով վերջին օրերի տարբեր խաղաղ ակցիաները, ոստիկանական գործողություններն ու որոշ ոստիկանների պահվածքը:

Հղում անելով «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածին՝ իրավաբանը նշեց, որ նույն ուժի կիրառման ձևը չի կարող կատարվել, քանի դեռ հետապնդվող նպատակին կարելի է հասնել ավելի մեղմ միջոցով:

Գոհար Մելոյանը շեշտեց այս օրերին արձանագրված մեկ այլ խնդրի մասին ևս, երբ ոստիկանների համազգեստներից երբեմն բացակայում են տարբերանշանները, ինչը հնարավորություն չի տալիս անհատականացնելու իրավախախտում թույլ տվող ոստիկաններին: Անդրադառնալով առանձին դեպքերին, այդ թվում՝ ՊՊԾ պետի կողմից ԶԼՄ ներկայացուցիչներին հարվածելու դեպքին՝ Գ. Մելոյանը հավելեց. «Այս իշխանության օրոք մենք տասնյակ դեպքերի ենք ականատես եղել, երբ խոչընդոտվել է լրատվամիջոցների գործունեությունը: Այս դեպքում իրավապահ մարմինները պետք է հստակ հրահանգավորված լինեն առ այն, որ չեն կարող խոչընդոտել կամ, առավել ևս, բռնի գործողություններ կիրառել ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ: Կարծում եմ՝ այս առումով ևս պետք է հրավիրել միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ուշադրությունը»:

Բիրտ ուժի կիրառման համատեքստում Գոհար Մելոյանն անդրադարձավ նաև իշխանական շրջանակների, իրավապահ մարմինների այն ազդակներին, թե գործողությունները բացառապես սադրիչ բնույթ ունեն: «Ինձ թե՛ որպես մասնագետի, թե՛ որպես քաղաքացու բավականին մտահոգել էին այդ ազդակները: Մենք տեսանք, որ իշխանական արբանյակ հանդիսացող պաշտոնատար և ոչ պաշտոնատար անձինք, նաև իրավապահ մարմինները նույնաբովանդակ ինչ-որ հաղորդագրություններ ու հայտարարություններ սկսեցին շրջանառել: Այդ ազդակները բավականին մտահոգիչ էին, և արդեն նշան էին այն մասին, որ իրենք պատրաստվում են ուժ գործադրել: Հետպատերազմյան Հայաստանում ակցիաները ակտիվացան, բայց եթե ընդհանուր վերցնենք, արդեն շուրջ 4 տարի է՝ նույն ուժերը բազմաթիվ ցույցեր, երթեր, հանրահավաքներ են կազմակերպել: Ամեն դեպքում, երբևիցե այս աստիճանի մտահոգիչ ազդակներ չեն դրսևորվել: Ակնհայտ է, որ դրանք ևս վախերի դրսևորումներ են: Այս ամենը հանրությունից կտրված կապի մասին է վկայում»:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031