Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ է փոխվելու համակարգը

Մայիս 03,2022 10:00

Մոտավորապես 1992 թվականի սկզբից Հայաստանում ընդդիմությունը ցույցեր է անցկացնում երկրի 1-ին դեմքի հրաժարականի եւ իշխանափոխության պահանջներով: Այս ամբողջ ընթացքում ինձ հաճախ հարցնում են՝ ինչո՞վ է այդ ամենը վերջանալու, արդյոք տեղի կունենա՞ իշխանափոխություն, թե՞ ոչ: Իմ մշտական պատասխանն է, որ դա որեւէ սկզբունքային նշանակություն չունի: Այս եւ նման ձեւերով իշխանափոխությունը չի բերի համակարգի փոփոխությանը:

Համակարգը, իմ կարծիքով, կփոխվի այն դեպքում, եթե իշխանությունը փոխվի ընտրությունների միջոցով: Նման բան Հայաստանում դեռեւս տեղի չի ունեցել: 1998 թ. նախագահի հրաժարականից հետո իրական իշխանությունն անցել էր վարչապետի ձեռքը, եւ նրան՝ ընտրությունների միջոցով նախագահ դարձնելը զուտ տեխնիկական խնդիր էր: 2018 թվականի մայիսին փողոցային պայքարի արդյունքում իրական իշխանությունը փոխանցվեց նոր վարչապետին, եւ նույն թվականի դեկտեմբերի ընտրությունները ամրագրեցին այդ իրավիճակը: 2008 թվականին նախագահական աթոռը մեկ անձից փոխանցվել էր մեկ այլ անձի, բայց իշխանությունը՝ այսինքն, քաղաքական եւ տնտեսական վերնախավը, ակնհայտորեն չէին փոխվել:

Հիմա էլ, եթե զուտ տեսականորեն ենթադրենք, որ Փաշինյանը հրաժարական կտա, ապա դրանից հետո կլինի երկու տարբերակ.

1/ նա կպահպանի իրական իշխանությունը եւ այդ դեպքում կվերարտադրվի, ինչը մեկ անգամ արդեն տեղի է ունեցել,

2/ իշխանությունը կանցնի նրանց, ովքեր այժմ փողոցում ցույցեր են կազմակերպում, եւ առաջիկա ընտրությունները դարձյալ կամրագրեն այդ փոփոխված իրավիճակը:

Կայուն, համակարգային փոփոխությունների համար դուռ բացող իրավիճակ ստեղծվում է այն ժամանակ, երբ X իշխող կուսակցությունը ընտրություններում պարտվում է Y ընդդիմադիր կուսակցությանը, հասարակությունն ընդունում է ընտրությունների այդ արդյունքները, եւ X-ն ու Y-ը խաղաղ, առանց ցնցումների փոխվում են տեղերով: Նման մի բան տեղի ունեցավ Ուկրաինայում: Վլադիմիր Զելենսկին ուժեղ է ոչ թե նրանով, որ հանճարեղ զորավար է կամ բացառիկ պետական գործիչ: Պարզապես՝ նա Պորոշենկոյին հաղթեց ընտրություններում, ոչ թե փողոցային պայքարում, պարտված թեկնածուն ընդունեց ընտրությունների արդյունքները, եւ հիմա այդ իրավիճակը հնարավորություն է տալիս մոբիլիզացնել հասարակությանը՝ դիմադրելու արտաքին ագրեսիային: Երբ իշխանությունը փոխվում է փողոցային պայքարով եւ պողպատե մանդատ (այսինքն՝ վրեժխնդրություն) իրականացնելու խոստումով, դա, ընդհակառակը, պառակտում է հասարակությանը, արգելափակում է մոբիլիզացիայի հնարավորությունը: Եթե այս անգամ էլ Հայաստանում իշխանությունը փոխվի փողոցային պայքարի միջոցով, հիմնական կարգախոսը դարձյալ կլինի վրեժխնդրությունը (օրինակ՝ թուրքամետների հանդեպ), դա նույնպես անփոփոխ է թողնելու համակարգը:

Հիմնական խնդիրը, որն ինձ հետաքրքրել է այս երեք տասնամյակների ընթացքում՝ ցույցերի հետ կապված, ցուցարարների կյանքն ու առողջությունն է: Ոստիկանությունն այս ժամանակահատվածում գործում է մշտական վայրագությամբ՝ անհամաչափ ուժ կիրառելով եւ «միաձուլվելով» օլիգարխների թիկնազորի հետ: Այդ գործելակերպի գագաթնակետն էր, իհարկե, 2008 թվականի մարտի 1-ը, երբ վայրագությունը վերածվել էր մարդասպանության: Ոստիկանության կրկնվող վարքագիծը, որը դրսեւորվում է նաեւ այս՝ վերջին ցույցերի ժամանակ, հատկանշական երեւույթ է, չփոփոխվող համակարգի ցուցիչ: Քանի որ այն նույնն է մնում թե՛ կոռումպացվածների, թե՛ «մաքուր հրեշտակների», թե՛ ընտրվածների, թե՛ չընտրվածների պարագայում, հիմքեր կան պնդելու, որ վերը նշված տարբերությունները բավարար չեն՝ նորմալ պետություն կառուցելու համար:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Մենք պետք է մեկընդմիշտ հասկանանք՝ խաղաղությունը ոչ մի խնդիր չի լուծում, նույնն է թե հիվանդին ցավազրկող հաբ տաս, այն չի բուժում, իսկ ո՞րն է բուժող հաբը: Եթե պատերազմը գոյաբանական լինել չլինելու խնդրի լուծման միջոց է, ապա դրա հակառակը խաղաղությունը չէ, այլ մեկ այլ գոյաբանական լինել չլինելու խնդիր լուծող միջոց, որը կարելի է անվանել գոյաբանական ռազմավարական իրարից կախված համագործակցություն եւ այդ համագործակցությունը կառավարող վերպետական կառույցի ստեղծումը, որի օրենքները պարտադիր են համագործակցող կառույցների համար: Սա բուրգային կառույց է: Այդ կառույցի մեջ կարող են մտնել միայն այն կառույցները, որոնք իրենց ներսում ապահովում են որոշակի պայմաններ, այն է՝ նույն տեսակի համակարգ: Արցախը Կոտայքի թե Շիրակի կամ Լոռու ու մնացածների հետ պետք է իրենց ներսում ունենան նույն բուրգային կառույցը եւ նույն մեխանիզմները, որ իրավունք ունենան մտնելու հայ պետության մեջ՝ առանց ստան մկստան՝ պարզապես Հայք: Նմանապես, մենք ցանկացած պետություն թե տարածք պետք է ընդունենք մեր համակարգի մեջ, եթե նրանց ներսում էլ գործում է նման համակարգ: Բնական է, եկեք սկզբից մենք մեր մեջ մշակենք այդ համակարգն ու մեխանիզմները ու փորձարկենք: Էթնիկ բարբառային ընդհանրություն ունեցողները պետք է միավորվեն մի համայնքի մեջ, որ պահպանեն էթնիկ յուրահատկությունները համայնքի ընտանիքներում, համայնքները պետք է միավորվեն ազգային պետության մեջ, որ պահպանեն ազգային յուրահատկությունները: Այդ յուրահատկությունները՝ դա օրենքներն են, որոնք սրբություն են, որոնցով հպարտանում են եւ պատիվ են համարում դրանց պաշտպանությունն ու պահպանումն ու կիրառումը: Էդ լիբերալ միբերալ բաները ջրում են մեր էթնիկ՝ հայ, եզդի, ռուս, ուկրաինացի, ասորի յուրահատկությունները եւ արդյունքում ջրվում է հայ ազգային պետական յուրահատկությունը: Հայեր միացե՛ք, միացեք հայե՛ր:

  2. Սարգիս Զեյթունյան says:

    Պարոն Աբրահամյան, իմ կարծիքով, Ուկրաինայի և Զելենսկու օրինակները տեղին չէին: Ես կարծում եմ, որ արտաքին ագրեսիային դիմակայելու գործում արևմուտքի դիքորոշումն ու միջամտությունն է որոշիչը, այլ ոչ թե այն, թե ինչպես կատարվեց իշխանության անցումը Ուկրաինայում: Բացի այդ, արդարացվա՞ծ է արդյոք այն գինը, որ Ուկրաինան վճարում է Ձեր նկարագրած ճիշտ իշխանափոխության դիմաց: Կուզեի՞նք մենք այդպիսի գին վճարել:
    Վերադառնալով մեզ՝ այո, խիստ ցանկալի է ունենալ խաղաղ, անցնցում, արդար, բոլոր կողմերի համար ընդունելի իշխանափոխություն: Բայց դա նախապատրաստելու համար տասնամյակներ են պետք: Հիմա մենք կանգնած ենք րոպեական լուծումներ գտնելու հրամայականի առջև: Այնպես որ, ավելի արդիական է Վլադիմիր Իլյիչի անմահ հարցը (ավելի շուտ՝ դրա պատասխանը). «Ի՞նչ անել»:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031