Լրահոս
Օրվա լրահոսը

«Լսի՛ր Սաքո, եթե դու գերազանցում ես քո լիազորությունները, ուսադիրներդ պոկելու եմ». Իշխան Սաղաթելյանը ՊՊԾ ղեկավարին

Մայիս 02,2022 19:40

Այսօր ժամը 18:00-ին Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց Դիմադրության շարժման հանրահավաքը: Ելույթներից հետո կազմակերպիչները քաղաքացիներին հորդորեցին երթով շարժվել դեպի Մաշտոցի պողոտա՝ ապա՝ վերադառնալ Ֆրանսիայի հրապարակ: Երթին միացավ նաեւ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

Նախքան քայլերթը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն ասաց, որ այսօր շուրջ 4 ժամ ամբողջ քաղաքը կաթվածահար են արել, եւ պաշտոնական տվյալներով 244 հոգի բերման են ենթարկվել ոստիկանության բաժանմունքներ, բայց, ըստ Սաղաթելյանի, նրանց թիվն իրականում 300 է եղել: Ասաց նաեւ, որ բերման ենթարկված քաղաքացիների 99 տոկոսն ազատ են արձակվել եւ արդեն միացել են շարժման մասնակիցներին:


«Այս պայքարն ավարտվելու է հաղթանակով՝ չնայած բոլոր ճնշումներին, եղանակային վատ պայմաններին, բայց գնալու ենք մինչեւ վերջ»,-վստահեցրեց Իշխան Սաղաթելյանը:

Նրա խոսքով՝ «Նիկոլը Հայաստանում ունի մեկ հենարան՝ ոստիկանությունն է, որն իր սահմանն այսօր անցել է: Խոսքը ՊՊԾ-ի ղեկավար Սաքո Հովհաննիսյանի մասին է: Սա այն մարդն է, որ մեկ տարի առաջ քացի էր տալիս քաղաքացիներին, այն մարդն է, որ մեկ տարի առաջ կին պատգամավոր Աննա Մկրտչյանի մազերն էր քաշում խորհրդարանի դահլիճում, այսօր էլ իրեն պահել է լկտի եւ սանձարձակ»:

Ապա Իշխան Սաղաթելյանը ասաց՝ «Լսի՛ր Սաքո, եթե դու գերազանցում ես քո լիազորությունները, դիմում ես ապօրինի եւ բռնի միջոցների, ուրեմն ես քեզ այս հրապարակի, այս ժողովրդի անունից խոստանում եմ ուսադիրներդ պոկելու եմ ու պատժվելու ես դրանով: Մենք ոստիկանության հետ հարց չունենք, բայց ոստիկանության մեջ ակնհայտ է՝ կան մարդիկ, որոնք բացահայտ բռնության են ենթարկել քաղաքացիներին: Հատ-հատ պատասխան եք տալու»:

Իշխան Սաղաթելյանը նաեւ ասաց, որ տեղեկություն ունեն, որ որոշ օլիգարխներ իրենց թիկնապահներն են ուղարկել՝ ոստիկաններին օգնելու, քանի որ նրանց ուժերը չեն բավարարում ճնշել ժողովրդի ցասումը:

 

Իշխան Սաղաթելյանի խոսքով, բազմաթիվ ուսանողներ դասադուլ են սկսել եւ միացել Դիմադրության շարժմանը: Նա դիմեց միջազգային հանրությանը՝ դեսպանատներին, իրավապաշտպան կառույցներին՝ հորդորելով դատապարտել Նիկոլ Փաշինյանի բռնի արարքները:
«Դեսպանատները, իրավապաշտպան կազմակերպություններն իրենց լռությամբ նպաստում են, որպեսզի կառավարության ղեկին հայտնվածը շարունակի իր բռնությունները»:

Մարդու իրավունքների պաշտպանին էլ կոչ արեցին պաշտպանել քաղաքացիների իրավունքները, որոնք ոստիկանների կողմից բռնության են ենթարկվում:

«ՀՀ-ում կա Մարդու իրավունքների պաշտպան, այս օրերին ակնհայտ է, որ ՄԻՊ-ը Նիկոլի պաշտպանն է, բայց նա դեռ շանս ունի՝ ապացուցելու, որ մարդու իրավունքների պաշտպան կա ՀՀ-ում»:

Ցույցի ժամանակ ողջունեցին նաեւ Քաջարանի քաղաքապետին, որն այսօր է ազատ արձակվել:

Երթի մասնակիցները հասնելով կառավարության շենք, վանկարկեցին՝ «առանց Նիկոլ Հայաստան», «Միություն, պայքար, հաղթանակ», «առանց թուրքի Հայաստան»: Կառավարության շենքը պահպանում էին մի քանի տասնյակ ոստիկաններ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031