Այսօր Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում Դիմադրության շարժման անհնազանդության ցույցերին մասնակցող քաղաքացիներից մեկի առողջական վիճակը վատացել էր։ Նրան շտապ օգնության մեքենայով տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նա գանգատվել է կրծքավանդակի եւ ձախ ստորին վերջույթի շրջանում ցավերից։
ԵՊԲՀ խոսնակ Շուշան Դանիելյանը տեղեկացնում է, որ նա ժամեր առաջ դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ մնացել է մեկ ժամից մի փոքր ավել։ Նրա վիճակը բուժզննումից հետո գնահատվել է բավարար։ Քաղաքացին, ըստ Դանիելյանի, ստորագրությամբ հրաժարվել է ռենտգեն եւ ԿՏ հետազոտության ենթարկվել։
Նշենք, որ ցուցարարների գործողությունների մասին ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել, ըստ որի ՝ ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիներին բերման ենթարկելու մի շարք ընթացակարգային խախտումներ են տեղի ունեցել, դրանց զգալի մասի ուսումնասիրությունը վկայում է արձանագրվող խախտումների շարունակականության մասին։
Կարդացեք նաև
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը եւս խախտումներ է արձանագրել, թե ինչպես են ոստիկանները բիրտ ուժ կիրառում՝ հարվածում ցուցարարի գլխին, ծեծում ցուցարարին։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ