Լրահոս
Օրվա լրահոսը

Ակնկալում ենք, որ մեր միջազգային գործընկերները հստակ գնահատականներ կհնչեցնեն Բաքվի հռետորաբանության և որդեգրած քաղաքականության վերաբերյալ․ «Ապրելու երկիր» կուսակցություն

Մայիս 02,2022 18:45

Իլհամ Ալիևը ոչ միայն շարունակում է Հայաստանի և Արցախի հետ խոսել ուժի, ուժի սպառնալիքի լեզվով, այլ նաև այնքան հեռուն է գնացել, որ իրեն իրավունք է վերապահում միջամտել ՀՀ ներքին գործերին՝ բանակի վերակառուցումը, երկրի հզորացումն ու բնակչության թվի ավելացումը դիտելով որպես սպառնալիք Ադրբեջանի համար: Այս հռետորաբանության և գործելաոճի պայմաններում ՀՀ իշխանությունները շարունակում են շրջանառել «խաղաղության դարաշրջան» բացելու մասին անիրատեսական թեզը՝ այդպես էլ չդնելով դրա ներքո Հայաստանի և Արցախի պետական և անվտանգային շահերը:

Այն պայմաններում, երբ Ալիևը հպարտանում է, որ տարիներով նպատակադրված կերպով քարոզել է  ադրբեջանցի երիտասարդների շրջանում ատելություն էթնիկ հայի հանդեպ, մեր իշխանությունները խոսում են Արցախի հարցում «նշաձողի իջեցման» մասին՝ որպես միջազգային հանրությունից եկող ազդակ: Մինչդեռ ՀՀ իշխանությունները պետք է հստակ փաստերով նույն միջազգային հանրությանը ցույց տան, թե ինչպես է Ալիևը ռասիզմ քարոզում սեփական հանրության ներսում: Քսենոֆոբիայի այդ քարոզչությունը ինքնին անհնար է դարձնում Արցախի կարգավիճակի մասին որևէ քննարկում Ադրբեջանի կազմում, քանի որ կա էթնիկ բնաջնջման անբեկանելի սպառնալիք:

Պատմական փաստերի խեղաթյուրումը դարձել է Ալիևի ելույթների անբաժան մասը, որոնք զուգորդվում են Հայաստանի հանդեպ տարածքային նորանոր պահանջների առաջ քաշմամբ: Այս իրողությունները փաստում են, որ մեր հարևանը իր որդեգրած քաղաքականությամբ չի գնում խաղաղության կառուցման և հաշտեցման ճանապարհով, ավելին՝ փորձում է հաղթող -պարտվող դիսկուրսի թելադրմամբ և ուժի դիրքերից առաջ քաշել իր միակողմանի պայմանները:

Խստորեն դատապարտում ենք Ալիևի ռազմատենչ և հայատյաց ելույթներն ու ակնկալում, որ մեր միջազգային գործընկերները, որոնք անկեղծ են այս տարածաշրջանում խաղաղության հաստատման իրենց կոչերի մեջ, հստակ գնահատականներ կհնչեցնեն Բաքվի հռետորաբանության և որդեգրած քաղաքականության վերաբերյալ:

Այս ամենը վերահաստատում է «Ապրելու երկիր» կուսակցությունը դիրքորոշումն առ այն, որ չի կարող քննարկվել Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031